ԱՄԿ-ը Հայաստանում մեկնարկեց «Առևտրի համար պատրաստ» ծրագիրը

Հայաստան
ԱՄԿ-ը Հայաստանում մեկնարկեց «Առևտրի համար պատրաստ» ծրագիրը

Հուլիսի 4-ին Առևտրի միջազգային կենտրոնը (ԱՄԿ) պաշտոնապես մեկնարկեց  «Արևելյան գործընկերություն՝ Առևտրի համար պատրաստ. EU4Business-ի նախաձեռնություն» ծրագիրը Հայաստանում: Ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառման նպատակն էր գործարար համայնքին, բիզնեսին աջակցող կազմակերպություններն և պետական պաշտոնյաներին ներկայացնել ծրագրի հիմնական գործառույթները Հայաստանում, ներառյալ ընտրված ապրանքային խմբերի համար արժեշղթայի  վերլուծության հիմնական արդյունքներն ու ծրագրի միջոցառումների «ճանապարհային քարտեզը»:

ՀՀ Գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը իր բացման խոսքում նշեց, որ. «Այս ծրագիրը հենց այն աջակցության ծրագրերից է, որոնց մեծ կարիք կա Հայաստանում, հատկապես որ ուղղված է ՓՄՁ-ների աջակցությանը», քանի որ միջազգային շուկա արտահանելու ուղղությամբ ՓՄՁ-ների խնդիրները շատ են։ 

ԱՄԿ Երկրների աջակցության բաժնի ղեկավար Աշիշ Շահը նույնպես ընդգծեց ծրագրի կարեւորությունը հայկական ՓՄՁ-ների համար. «Ընտրված ապրանքային խմբերի արտադրությամբ զբաղվող ընկերությունների ուսումնասիրությունը բացահայտել է արտահանման ուղղությամբ առկա խնդիրները եւ Ծրագիրն առաջարկելու է հստակ քայլեր դրանք լուծելու ուղղությամբ»։ Եվրամիության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Գրեգորի Ցուրիսը հայտնեց Եվրամիության պատրաստակամությունը նման ծրագրերի միջոցով աջակցելու ՓՄՁ-ներին, որոնք պետք է շարժիչ ուժ լինեն տնտեսության զարգացման համար։

Երեք հիմնական աջակցության կարիքներն ըստ հայկական արտադրող եւ արտահանող ընկերությունների հետեւյալն են՝ շուկայի խթանում/ցուցահանդեսների մասնակցությունն (ընկերությունների 60%), ֆինանսական աջակցությունն (ընկերությունների 48% ) եւ տեխնոլոգիական ու մատակարարման վերաբերյալ խորհրդատվությունն (ընկերությունների25%) ։    

Ընկերությունների ուսումնասիրությունն ի հայտ բերեց նաեւ համապատասխան ԵՄ սննդի անվտանգության սերտիֆիկացման ու որակի վերահսկման գործողությունների բացակայությունը, ինչպես նաեւ ընդհատվող ու անբավարար հումքի մատակարարումը որպես  երկու մյուս հիմնական խնդիրներ, որոնց առերեսվում են ՓՄՁ-ները։

Հիմնվելով երեք ապրանքային խմբերի /վերամշակված միրգ եւ բանջարեղեն, բուսական թեյեր, միրգ ու բանջարեղենի չիր/ արժեշղթայի վերլուծության արդյունքների վրա՝ հետեւյալ աշխատանքային փաթեթներն ու գործողություններն են առաջարկվել Ծրագրի շահառու ընկերություններին։ Ընդ որում, գործողությունների առաջնահերթությունը կորոշվի ընկերությունների անհատական զարգացման ծրագրերով։

Ընկերությունների անհատական զարգացման ծրագրերի պատրաստում /որակի վերահսկման համակարգի գնահատում, արտադրության գործընթացների արդիականացում, մատակարարման շղթայի գնահատում, արտահանման մարքեթինգի գնահատում/

Որակի վերահսկման եւ սերտիֆիկացման բարելավում /հիմնական որակի վերահսկման խմբային դասընթացներ, անհատական որակի կառավարման խորհրդատվություն, աջակցություն սերտիֆիկացման գործընթացներում ընտրված ընկերությունների համար/

Սարքավորումների եւ գործընթացների արդիականացում /խորհրդատվություն գործընթացների արդիականացման, ժամանակակից ՏՏ գործիքների կիրառման վերաբերյալ, աջակցություն ԵՄ սարքավորումներ մատակարարող ընկերությունների հետ կապ հաստատելու համար/

Առավել ակտիվ շուկայական կապերի ստեղծում ԵՄ գնորդների հետ /դասընթաց ԵՄ շուկայի պահանջների վերաբերյալ, ցուցահանդեսների մասնակցության կազմակերպում, ներգնա եւ արտագնա գնորդների այցերի/հանդիպումների կազմակերպում, արտահանումը խթանող կազմակերպությունների կարողությունների հզորացում/

Հումքի մատակարարների հետ առավել ամուր կապերի ստեղծում /պայմանագրային գյուղատնտեսության փորձնական մոդելների հիմնում, կոոպերատիվ բիզնես մոդելների խթանում/

ԱՄԿ-ն «Առևտրի համար պատրաստ» ծրագրի իրականացումը սկսել է 2018 թվականի մարտին: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ որպես EU4Business նախաձեռնության մի մաս: Ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանում և Արևելյան գործընկերության այլ երկրներում ՓՄՁ-ների մրցունակությունը, ինչպես նաև   ստեղծել կապեր միջազգային և ԵՄ շուկաների հետ:

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները