Նանոտեխնոլոգիաներին նվիրված համաժողովում ստորագրվեցին համաձայնագրեր հայկական և իրական ընկերությունների միջև

Հայաստան
Նանոտեխնոլոգիաներին նվիրված համաժողովում ստորագրվեցին համաձայնագրեր հայկական և իրական ընկերությունների միջև

Սեպտեմբերի 22-23-ը Հայաստանի մայրաքաղաք Երևանում տեղի ունեցավ «Նանոգիտություն և տեխնոլոգիաներ» խորագրով առաջին հայ-իրանական համաժողովը, որը կազմակերպվել էր EU4Business-ի SMEDA ծրագրի շրջանակներում (Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում):

Համաժողովում քննարկվեցին բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտների քաղաքականությանն առնչվող հարցեր, ներկայացվեցին նանոտեխնոլոգիական արտադրանքներ և սարքավորումներ, դրանց առևտրայնացման փորձը, ինչպես նաև անցկացվեցին քննարկումներ հայկական ու իրանական հաստատությունների և ընկերությունների միջև համագործակցության հնարավոր ուղղությունների շուրջ:

Արդյունքում ստորագրվեցին երեք Փոխըմբռնման հուշագրեր հայկական և իրանական ընկերությունների միջև՝ «Նյուպլաստ» ՓԲԸ և «Արյա Պոլիմեր Փիշգամ» ընկերություն, «Ազադ Ֆարմասյութիքլզ» և «Էքզիր Նանո Սինա» ընկերություն, «Տոնուս-Լես» և «Էքզիր Նանո Սինա»:

«Նանոտեխնոլոգիաներին նվիրված համաժողովը համագործակցության սկիզբ դարձավ նանոտեխնոլոգիաների ոլորտի հայկական և իրանական ընկերությունների միջև, և այն լավ խթան կհանդիսանա երկրի գործարար, տեխնոլոգիական և գիտական ոլորտների կայուն զարգացման համար»,- Փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողության ժամանակ ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը:

«SMEDA ծրագրի համար այս նախաձեռնությունը կարևոր քայլ է գիտության և բիզնեսի միջև կապն ամրապնդելու համար»,- նշեց SMEDA-ի ներկայացուցիչը: «Մեր ծրագրի նպատակը համապատասխան գործարար մտահղացումների առևտրայնացումն է, իսկ նանոտեխնոլոգիաների ոլորտը մեծ գործարար հնարավորություններ է առաջարկում Հայաստանում»:

Համաժողովը կազմակերպել էր տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը Իրանի նանոտեխնոլոգիական նախաձեռնությունների խորհրդի հետ համատեղ՝ Եվրոպական միության և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության համաֆինանսավորմամբ GIZ-ի կողմից իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի շրջանակներում:

EU4Business-ի SMEDA ծրագիրն աջակցում է գործարարության և ներդրումային միջավայրի բարելավմանը Հայաստանի ՓՄՁ-ների համար: Այն նպատակ ունի ամրապնդելու մասնավոր հատվածը, աջակցելու ՓՄՁ-ի համակարգման մեխանիզմներին և խթանելու հետազոտական հաստատությունների ու մասնավոր հատվածի միջև կապերը, ինչպես նաև ապահովելու ֆինանսական միջոցների հասանելիություն ՓՄՁ-ների համար:

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները