Արևելյան գործընկերության բոլոր վեց երկրները Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Եվրասիայի տարածաշրջանի անդամներ են և, որպես այդպիսիք, մասնակցել են ՏՀԶԿ Եվրասիական 3-րդ շաբաթին, որը տեղի է ունեցել Փարիզում՝ նոյեմբերի 22-24-ը: Նրանք բոլորը նաև ՏՀԶԿ Եվրասիական մրցունակության ծրագրի կլոր սեղանի անդամներ են և հանդիպել են նաև փարիզյան շաբաթվա ընթացքում, որը նրանց տնտեսություններն ամրապնդելու համար իրականացված բարեփոխումների առաջընթացի ցուցիչն է:
2000-2015 թթ. ժամանակահատվածում մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) ավելի քան կրկնապատկվել է Եվրասիայի տարածաշրջանում, որը ներառում է EU4Business ծրագրում ընդգրկված Արևելյան գործընկերության վեց երկրները, իսկ բարեփոխումների առաջընթացի մասով՝ Համաշխարհային բանկի «Բիզնեսի վարում» վերջին զեկույցում մեծ թվով եվրասիական երկրներ առանձնացվել են լավագույնների շարքում: Սա այն դրական նոտան է, որից ՏՀԶԿ-ի գլխավոր քարտուղար Անխել Գուրիան սկսեց իր ուղերձը նոյեմբերի 22-ին Փարիզում կայացած ՏՀԶԿ Եվրասիական 3-րդ շաբաթի բացման ժամանակ:
«Տարածաշրջանի բոլոր երկրներն այս տարի իրականացրել են բիզնեսի կանոնակարգման բարեփոխումներ, իսկ դրանցից երեքը առավելագույն բարեփոխումներ գրանցած տասը երկրների շարքում են»,- նշեց պրն Գուրիան: «Բացի այդ, չնայած իրենց նշանակալի բազմազանությանը, Եվրասիայի երկրներն օգտվում են կարևոր մրցակցային առավելություններից, ներառյալ հարևանությունը խոշոր շուկաներին, գրեթե համընդհանուր գրագիտությունը և, նրանցից մի քանիսի դեպքում, բնական ռեսուրսների առատությունը»,- ավելացրեց նա:
Սակայն դեռևս շատ բան կա անելու՝ այն «զգալի և մշտական ցնցումները» հաղթահարելու համար, որոնց ենթարկվում են երկրները, ինչպիսիք են հումքային ապրանքների գների անկումը և դանդաղ աճը Ռուսաստանում ու Չինաստանում: «Դրամական փոխանցումների հոսքերը, որոնք շարունակում են կարևոր լինել Եվրասիայի որոշ տնտեսությունների բարգավաճման համար, նույնպես կտրուկ նվազել են, և մենք արժույթների արժեզրկման, ներդրումների դանդաղեցման ու սպառման ցուցանիշների նվազման ականատես ենք եղել տարածաշրջանի մեծ մասում»:
«Բախվելով այսպիսի մարտահրավերների՝ Եվրասիայի շատ երկրներ ստիպված էին կրկնապատկել իրենց ջանքերը կառուցվածքային բարեփոխումների և իրենց զարգացման առանցքային ոլորտներում արդյունավետ և նորարարական քաղաքականությունների խթանումը շարունակելու համար»,- նշեց նա:
«Սակայն վերջին տասնամյակներին,- ավելացրեց նա,- տարածաշրջանը դարձել է համաշխարհային տնտեսությանը շատ ավելի ինտեգրված, և բարեփոխումների գերակայությունների հիմքում եղել է «կապակցվածությունը»՝ «կոշտ կապակցվածություն»՝ ենթակառուցվածքների առումով, բայց նաև «առավել մեղմ կապակցվածություն»՝ բաց առևտրային քաղաքականության և առավել հեշտացված սահմանային ֆորմալ ընթացակարգերի իմաստով: «Առավել բարձր մրցունակությունը, աշխատաշուկայի բարեփոխումները և էկոլոգիապես մաքուր տնտեսությունը այն ոլորտներն են, որոնք ավելի կկարևորվեն տարածաշրջանն առավել կապակցված դառնալու հետ մեկտեղ»,- նշեց պրն Գուրիան:
Մրցունակության ծրագրի կլոր սեղանը ստեղծվել է 2013 թվականին՝ որպես ՏՀԶԿ անդամների և Եվրասիայի գործընկեր երկրների միջև միացյալ հարթակ՝ ՏՀԶԿ Եվրասիական մրցունակության ծրագրի շրջանակներում փորձագիտական դիտարկումներ անցկացնելու համար:
ՏՀԶԿ Եվրասիական շաբաթվա ընթացքում Բելառուսի հերթն էր՝ «փորձագիտական գնահատման» ներկայացնելու գործարարության զարգացման ծառայությունների կայուն շուկայի միջոցով ՓՄՁ կարողություններն ամրապնդելուն ուղղված իր վերջին բարեփոխումները: Ավելին՝ ՓՄՁ-ների համար ֆինանսական միջոցների և գործարարության զարգացման ծառայությունների մատչելիությունը բարելավելուն ուղղված Մոլդովայի ջանքերը ենթարկվեցին ՏՀԶԿ փորձագետների «դիտանցմանը», որն իրենից ներկայացնում է սկզբնական ուսումնասիրությունից և առաջարկություններից երեք տարի անց արձանագրված առաջընթացի վերաքննում: