Արևելյան գործընկերության երկրների մասնավոր հատվածի բիզնես կազմակերպությունները պահանջում են առավել բարենպաստ գործարար միջավայր ՓՄՁ-ների համար

Հայաստան Ադրբեջան Վրաստան Մոլդովա Ուկրաինա
Արևելյան գործընկերության երկրների մասնավոր հատվածի բիզնես կազմակերպությունները պահանջում են առավել բարենպաստ գործարար միջավայր ՓՄՁ-ների համար

21-ը հունիսի, 2017 թ., Կիև

Ադրբեջանի, Բելառուսի, Հայաստանի, Մոլդովայի, Վրաստանի, Ուկրաինայի և ԵՄ անդամ պետությունների գործարարության աջակցման կազմակերպությունների (ԳԱԿ-երի) ավելի քան 100 ներկայացուցիչներ այսօր հավաքվեցին Կիևում՝ մասնակցելու ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող East Invest ծրագրի եզրափակիչ համաժողովին: Մասնակիցները քննարկեցին Արևելյան գործընկերության (ԱլԳ) բոլոր երկրներում մասնավոր հատվածի ներգրավվածությունը քաղաքականության մշակման մեջ և ներկայացրին East Invest ծրագրի հաջողության պատմությունները և ձեռքբերումները ողջ տարածաշրջանի ՓՄՁ-ների ու ԳԱԿ-երի համար:

Գործարար ներկայացուցիչները մասնավորապես հաստատեցին տարածաշրջանային դիրքորոշման փաստաթուղթ, որը ներառում էր առաջարկություններ Արևելյան գործընկերության վեց երկրների քաղաքական ղեկավարության և ավելի լայն դոնոր համայնքի համար՝ ուղղված ՓՄՁ-ների ոլորտի գործարար միջավայրի բարելավմանը: Կոնկրետ թեմաները, որոնք շահառուները համարում էին որպես ՓՄՁ-ների գործունեության վրա ամենամեծ ազդեցությունն ունեցող, ներառում էին գործարար միջավայրը, նորարարությունը, ՓՄՁ-ների համար շուկաների հասանելիությունը, ֆինանսավորումն ու հմտությունները, ինչպես նաև հարկային ու մաքսային ընթացակարգերը: Ընդգծվեց այս բոլոր ոլորտներում թվային լուծումների ավելի լայն կիրառումը: Տարածաշրջանային դիրքորոշման փաստաթուղթը կհանդիսանա East Invest 2 ծրագրի գործարար կազմակերպությունների ներդրումը ԱլԳ-ի 4-րդ բիզնես ֆորումին, որը կկայանա Տալլինում 2017 թ. հոկտեմբերին:

Համաժողովի բացման նիստում Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ներկայացուցիչ Մեթյու Բուսկեն նշեց. «2010 թ. մեկնարկած East Invest ծրագիրը հաջողությամբ նպաստեց ԵՄ-ի և Արևելյան գործընկերության երկրների մասնավոր հատվածի ներկայացուցիչների լայն ցանցի ստեղծմանն ու հզորացմանը: Այդ ցանցն այսօր հաջողության հասավ՝ մշակելով տարածաշրջանային դիրքորոշման փաստաթուղթ, որի միջոցով համապատասխան կառավարություններին, ինչպես նաև ավելի լայն դոնոր համայնքին, այդ թվում՝ ԵՄ-ին, փոխանցվում են մտահոգություններն ու առաջարկությունները գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ: Տնտեսական աճին և մասնավոր հատվածի շուկայական հնարավորությունների ընդլայնմանը նպաստող պայմանների բարելավումը ԵՄ-ի գերակա ուղղությունն է ԱլԳ տարածաշրջանում, ինչպես նշված է Արևելյան գործընկերության գագաթաժողովի վերջին հայտարարագրում և «20 թիրախային արդյունք մինչև 2020 թ.» փաստաթղթում: Մենք վստահ ենք, որ այս դիրքորոշման փաստաթուղթը քաղաքական ղեկավարության համար օգտակար ուղեցույց կդառնա հետագա քայլերի առումով՝ մինչ ԱլԳ-ի հաջորդ բիզնես ֆորումը՝ 2017 թ. աշնանը կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովը, ինչպես նաև դրանից հետո»:

Դիրկ Վանտիգհեմը (EUROCHAMBRES) և Լյուկ Հենդրիքսը (UEAPME) հաստատեցին, որ գործարար միջավայրի բարելավումը կենսական նշանակություն ունի ԱլԳ երկրներից յուրաքանչյուրում հզոր մասնավոր հատված ձևավորելու գործում:

Եզրափակելով համաժողովը՝ Ն.Գ. դեսպան, Ուկրաինայում ԵՄ-ի պատվիրակության ղեկավար Հյուգ Մինգարելլին ընդգծեց. «ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող East Invest ծրագիրն ԱլԳ տարածաշրջանի գործարարության աջակցման կազմակերպություններին օգնել է կենսունակ միջնորդներ դառնալ ազգային կառավարությունների համար: Մենք կշարունակենք աջակցել EU4Business նախաձեռնության շրջանակներում իրականացվող տարբեր միջոցառումներին՝ ուղղված ողջ տարածաշրջանում գործարար միջավայրի բարելավմանը»:

Հիմնական տեղեկություններ

East Invest 2-ը մեկնարկել է 2014 թ. սեպտեմբերին և հանդիսանում է EU4Business նախաձեռնության շրջանակներում ԵՄ-ի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագիր: Ծրագրի ընդհանուր նպատակն է աջակցել նպաստավոր տնտեսական միջավայրի և մրցունակ մասնավոր հատվածի ձևավորմանը Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրներում (Ադրբեջան, Բելառուս, Հայաստան, Մոլդովա, Վրաստան, Ուկրաինա)՝ միաժամանակ խթանելով առևտրային հոսքերը և ներդրումները տարածաշրջանի ներսում և ԵՄ-ի հետ:

East Invest 2 ծրագիրը համագործակցում է Արևելյան գործընկերության վեց երկրների գործարարության աջակցման կազմակերպությունների և ՓՄՁ-ների հետ:

Քաղաքական ղեկավարության համար առաջարկություններ պարունակող Տարածաշրջանային դիրքորոշման փաստաթղթի (ՏԴՓ) մշակման գործընթացը մեկնարկել է East Invest 2 ծրագրի՝ 2016 թ. հոկտեմբերին կայացած տարեկան համաժողովի ընթացքում՝ հիմնվելով այն հայտարարագրի նախագծի վրա, որը մշակվել էր East Invest ծրագրի պետական-մասնավոր երկխոսության (ՊՄԵ) շրջանակներում 2016 թ. հուլիսին Կիևում անցկացված ոչ պաշտոնական նախարարական հանդիպման համար: Գործընթացը շարունակվել է 2016 թ. նոյեմբերից մինչև 2017 թ. մայիսն ընկած ժամանակահատվածում East Invest 2 ծրագրի պետական-մասնավոր երկխոսության գործողությունների միջոցով, որի ընթացքում ՊՄԵ-ի գծով ազգային օժանդակողների և ԵՄ-ի ու ԱլԳ երկրների փորձագետների կողմից աջակցություն է ցուցաբերվել մասնավոր հատվածի մոտավորապես 200 կազմակերպությունների (բիզնես ասոցիացիաների):

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները