Առևտրի համար պատրաստ. արտահանման որակի կառավարման և սննդամթերքի անվտանգության վերաբերյալ աշխատաժողով Հայաստանում

Հայաստան
Առևտրի համար պատրաստ. արտահանման որակի կառավարման և սննդամթերքի անվտանգության վերաբերյալ աշխատաժողով Հայաստանում

Նոյեմբերի 28-29-ը հայաստանյան 16 ընկերություններ մասնակցեցին Երևանում կայացած «Արտահանման որակի կառավարում և սննդամթերքի անվտանգություն» թեմայով աշխատաժողովին, որը Եվրոպական միության EU4Business նախաձեռնության միջոցով ֆինանսավորվող «Առևտրի համար պատրաստ» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր Առևտրի միջազգային կենտրոնը:

Ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանի և Արևելյան գործընկերության այլ երկրների փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակությունը և դրանք կապել միջազգային և ԵՄ շուկաներին:

Աշխատաժողովի նպատակն էր ընդլայնել ընկերությունների աշխատակիցների գիտելիքներն ու հմտությունները՝ շուկա մուտք գործելու հիմնական պահանջներին բավարարելու համար, այդ թվում՝ տրամադրելով տեղեկություններ որակի չափանիշների, պետական և մասնավոր ստանդարտների, տեխնիկական կանոնակարգերի և սանիտարական ու ֆիտոսանիտարական միջոցառումների, կառավարման տարբեր համակարգերի, տեխնիկական պահանջների վերաբերյալ տեղեկատվության աղբյուրների, համապատասխանության գնահատման և այլնի մասին: Աշխատաժողովն անցկացվեց ինտերակտիվ ձևով, որի ընթացքում մասնակիցներին հնարավորություն տրվեց բարձրաձայնելու իրենց հետաքրքրող հարցերը, ինչպես նաև նրանց համար կազմակերպվեցին գործնական վարժություններ:

Աշխատաժողովի ընթացքում քննարկվեցին նաև Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) կողմից սահմանված տեղական պահանջներին և ծառայություններին առնչվող հարցեր:

Բացի ծրագրի 16 շահառու ընկերություններից, աշխատաժողովին մասնակցում էին նաև Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի ներկայացուցիչներ և որակի կառավարման ու սննդամթերքի անվտանգության ոլորտի տեղացի մասնագետներ:

Աշխատաժողովի ավարտից հետո ծրագրի շահառու ընկերությունների հետ անցկացվեցին առանձին դեմառդեմ հանդիպումներ` նրանց անհատական կարիքները և որակի կառավարման ու սննդամթերքի անվտանգության հետ կապված պահանջները հասկանալու համար:

«Առևտրի համար պատրաստ» ծրագիրը փոքր ու միջին ձեռնարկություններին (ՓՄՁ-ներ) օգնում է մուտք գործել նոր շուկաներ՝ կենտրոնանալով ԵՄ-ի վրա՝ ՓՄՁ-ներին օգնելով բացահայտել և պահպանել միջազգային պահանջներին համապատասխանող որակի չափանիշներ ու ստանդարտներ, ինչպես նաև արժեքի ստեղծման ողջ շղթայում նրանց կապելով գնորդների հետ և տրամադրելով կլաստերային աջակցություն:

Հայաստանում ծրագիրը հիմնականում աջակցում է ագրովերամշակման ոլորտին՝ կենտրոնանալով վերամշակված մրգերի և բանջարեղենի, չորացրած մրգերի ու բանջարեղենի և խոտաբույսերի ու թեյերի վրա՝ արտահանող և արտահանման համար պատրաստ ՓՄՁ-ներին օժանդակելով արժեքի ստեղծման ամբողջ շղթայի ընթացքում՝ նրանց օգնելով ստեղծել հավելյալ արժեքով ապրանքներ՝ միջազգային և ԵՄ շուկաների պահանջներին համապատասխան, և կապեր հաստատել ԵՄ շուկաների հետ:

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները