«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից հայտարարված և Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ Քովիդ-19 հետևանքների չեզոքացման աջակցության ծրագիր Արևելյան գործընկերության երկրների համար» ծրագրի շրջանակում հաջողությամբ կազմակերպել և իրականացրել է զբաղվածության 3 դպրոց՝ յուրաքանչյուրը 3 ամիս տևողությամբ: Ծրագրի շահառուները Երևանում, Արարատի, Կոտայքի ու Վայոց ձորի մարզերում բնակվող 18-ից 60 տարեկան տեղահանված կանայք, երիտասարդներ և հաշմանդամություն ունեցող անձինք էին, ովքեր ծրագրի շրջանակում հնարավորություն են ստացել ամրապնդելու և զորացնելու իրենց տնտեսական անկախությունը:
Զբաղվածության դպրոցները բաղկացած էին 3 փուլից. առաջին փուլում 140 անձ հնարավորություն ունեցավ մասնակցելու ինքնակենսագրականի կազմման, աշխատանքի որոնման ներածական դասընթացին, երկրորդ փուլում, արդեն իսկ ընտրված մասնակիցները ինտերակտիվ քննարկումներով, գործնական վարժություններով, ոչ ֆորմալ կրթական մեթոդներով և գործիքներով հագեցած և զբաղվածության ու ձեռնարկատիրական ներուժի խթանմանն ուղղված դասընթացներ անցան, իսկ երկրորդ փուլում վերջիններս հնարավորություն ստացան անհատական խորհրդատվություններ ստանալու տարբեր ոլորտներում փորձառու մասնագետների կողմից:
«Ծրագրի 3 դպրոցների ընթացքում մասնակիցները հնարավորություն ստացան մասնակցելու 24 թեմաներից բաղկացած դասընթացների հետևյալ թեմաներով. CV և ռեզյումե կազմելու հմտություններ, աշխատանք փնտրելու գործընթացը, հիմնական կայքեր և գործընթացներ, հաղորդակցության հիմունքներ և հետադարձ կապ, աշխատանքային իրավունք, պայմանագրերի տեսակները, առաջնորդություն և այլն: Ընդհանուր առմամբ մասնակիցների համար կազմակերպվել է 200-ից ավելի ժամ տևողությամբ խորհրդատվական հանդիպումներ: Այնուհետև յուրաքանչյուր մասնակից ըստ իր նախընտրության և իր կողմից ծավալվող գործունեության ոլորտի հնարավորություն ստացավ դիմելու փորձաշրջան անցնելու կամ կրթաթոշակ ստանալու համար» - նշում է ծրագրի դասընթացավար Էլեոնորա Սարգսյանը։
Զբաղվածության 3 դպրոցների արդյունքում մասնակիցներից 25-ը հնարավորություն ստացան փորձաշրջան անցնելու մասնագիտական կարողությունները և հմտությունները զարգացնելուն ուղղված ամենատարբեր ոլորտներում, ինչպես օրինակ՝ ոսկերչություն, խոհարարություն, կրթական ոլորտ և այլն: Նշենք նաև, որ ծրագրի 9 շրջանավարտի տրամադրվեց արհեստագործական և/կամ միջին մասնագիտական վերապատրաստման կրթաթոշակներ, որի շնորհիվ վերջիններս կարողացան ձեռք բերել նոր մասնագիտություններ կամ զարգացնել արդեն իսկ ունեցած հմտությունները:
Ծրագիրը նպատակ ուներ խթանելու խոցելի իրավիճակում գտնվող անձանց մասնագիտական և անձնային զարգացումը՝ խրախուսելով նրանց ներգրավվածությունը աշխատաշուկայում: «Ուրախությամբ կարող ենք փաստել, որ ծրագրի շրջանակում գրանցված հաջողություններն ակներև են, քանի որ դպրոցների ավարտից անմիջապես հետո ծրագրի մասնակիցների 60%-ն արդեն իսկ կարողացել է աշխատանք գտնել իրենց վերապատրաստման ոլորտում և հաջողություններ գրանցել աշխատանքում», նշում է ծրագրի ղեկավար Դիանա Չոբանյանը:
Այսպիսով, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի և «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի համագործակցության և ԵՄ ֆինանսավորման շնորհիվ 75 մասնակից զարգացրին իրենց մասնագիտական հմտությունները և կարողությունները, տեսական և գործնական գիտելիքներ ստացան իրենց գործունեության ոլորտում և կարողացան աշխատանք գտնել և կարիերայի զարգացման նոր հնարավորություններ ստեղծել իրենց համար: