Ի տարբերություն խոշոր քաղաքային կենտրոնների, Հայաստանի գյուղական բնակավայրերում կանանց առաջարկվող աշխատատեղերի պակաս կա՝ անկախ նրանց տարիքից: Շիրակի մարզը ասվածի վառ օրինակներից է․ այստեղ կանանց գործազրկության մակարդակը շարունակում է բարձր մնալ։ «Լուսափայլ» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը մի քանի փոքր, բայց շատ կոնկրետ քայլերով ձեռնամուխ է եղել այս խնդրի լուծմանը: ԵՄ աջակցության շնորհիվ ՀԿ-ն կարողացել է օգնել տեղի կանանց ձեռք բերել մասնագիտական եւ ֆինանսական նոր հմտություններ, ինչը նրանց ինքնազբաղվելու հնարավորություն է տվել:
«Լեռնային Ղարաբաղում տունը կորցնելուց հետո հայտնվեցի շատ ծանր վիճակում։ Տեղափոխվեցի Ախուրյան համայնք եւ աշխատանք էի փնտրում յոթ երեխաներիս օրվա հացը վաստակելու համար։ Մատնահարդարման եռամսյա դասընթացից հետո, որը տրամադրում էր նաեւ անհրաժեշտ նյութերն ու պարագաները, ձեռք բերեցի նոր մասնագիտություն: Այժմ աշխատում եմ Գյումրիի ամենահին սրահներից մեկում որպես մատնահարդար։ Այս աշխատանքն ինձ համար շատ կարեւոր է. այն օգնում է ինձ ապահովել երեխաներիս սննդով», – ասում է 41-ամյա Դիանա Մասուրյանը։
«Ես երկու փոքր երեխաների միայնակ մայր եմ։ Վարսահարդարման չորսամսյա դասընթացի շնորհիվ ծանոթացա վարսահարդարման արվեստի տարբեր ասպեկտներին՝ ներառյալ կտրվածքը, սանրվածքը եւ ներկելը: Տեսական գիտելիքներին զուգահեռ պարապելու հնարավորություն ունեցա. մոդելներն իմ ընկերներն ու հարազատներն էին։ Այժմ ես տնային վարսահարդարման ծառայություններ եմ մատուցում համայնքի բնակիչներին»,- ասում է Շիրակի մարզի Բայանդուր գյուղից 38-ամյա Գյուլնարա Աղաքարյանը։
Դիանան եւ Գյուլնարան շատ ընդհանրություններ ունեն. նրանք երկուսն էլ մայրեր են, ովքեր պետք է պահեն իրենց ընտանիքները: Նրանք երկուսն էլ նոր հմտությունների կարիք ունեին աշխատանք գտնելու համար: Եվ սա այն էր, ինչը նրանց՝ այլ կանանց հետ միասին բերեց «Լուսափայլ» ՀԿ-ի կողմից 2022 թվականին մեկնարկած կանանց ինքնազբաղվածության խթանման տեղական նախաձեռնություն: Այն ավելի մեծ՝ «Համայնքային աղքատության նվազեցում․ կիրառական մոտեցումներ» ծրագրի մաս է կազմում, որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամի (ՀՌԿԿ-Հայաստան) եւ Եվրասիա համագործակցության հիմնադրամի (ԵՀՀ) միջոցով: Նախաձեռնությունն օգնում է Շիրակի մարզի Ախուրյան եւ Գյումրի համայնքների կանանց շրջանում գործազրկության դեմ պայքարին՝ ընդլայնելով նրանց ձեռնարկատիրական գիտելիքները, հմտությունները եւ հնարավորությունները:
«Մեր կազմակերպությանը հասցեագրած հիմնական մարտահրավերը աշխատաշուկայում հմտություններ չունեցող կանանց նոր մասնագիտությունների գծով վերապատրաստելն է։ Մենք թիրախավորել ենք տնտեսապես կամ սոցիալապես անապահով կանանց, միայնակ մայրերին, երեխաներ ունեցող կանանց, որոնց ամուսինները զոհվել կամ վիրավորվել են պատերազմում: Մասնակիցների ընտրության եւ հարցազրույցների հարցում մեզ օգնեցին Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնները»,- բացատրում է «Լուսափայլ» ՀԿ նախագահ Արեւիկ Մկրտչյանը:
Ընտրված տասը մասնակիցներին նախաձեռնությունն առաջարկել է վարսահարդարման, մատնահարդարման եւ ֆինանսական գրագիտության դասընթացներ: Այս գործունեության ընթացքում «Լուսափայլ» ՀԿ-ն, որը համեմատաբար նոր կազմակերպություն է, ապավինել է «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի եւ տեղական ՔՀԿ-ների օգնությանն ու ուղղորդմանը: Օրինակ, մատնահարդարման եւ վարսահարդարման դասընթացներ անցկացնելու համար ընտրվել է «Speak Up» ուսումնական կենտրոնը, որը տրամադրել է արհեստավարժ դասընթացավարներ, հարմարավետ տարածք եւ գործնական պարապմունքների հնարավորություն։ Մեկ այլ հասարակական կազմակերպություն՝ «Մենք»-ը ֆինանսական գրագիտության վերաբերյալ չորս առցանց դաս է անցկացրել, որոնք ծրագրի թիրախ հանդիսացող կանանց փոխանցել են անձնական եւ ընտանեկան ֆինանսների կառավարման, ինչպես նաեւ իրենց փոքր բիզնեսի եկամուտների եւ ծախսերի պլանավորման վերաբերյալ գիտելիքներ: Եվ, վերջապես, «Arm Strong» ՀԿ-ի «Հմտությունների դպրոց» նախաձեռնության շրջանավարտները կազմակերպել են սոցիալական ցանցերի վերաբերյալ երկօրյա դասընթաց՝ մասնակիցներին սովորեցնելու, թե ինչպես ներգրավել հաճախորդներին համացանցի օգնությամբ:
Խոսելով ձեռքբերումների մասին՝ «Լուսափայլ» ՀԿ-ի ղեկավար Արեւիկ Մկրտչյանն ընդգծում է. «Դասընթացների ավարտից հետո տասը կանանցից վեցը ապահովել են իրենց ինքնազբաղվածությունը։ Նրանց շարունակական ջանքերին աջակցելու համար մենք կանանց տրամադրել ենք անհրաժեշտ նյութեր եւ գործիքներ՝ հաճախորդների հետ աշխատելու համար»:
«Լուսափայլ» ՀԿ-ի փորձառության կարեւոր արդյունքներից մեկը տարբեր կազմակերպությունների հետ հաստատված եւ Շիրակի մարզի սահմաններից դուրս տարածվող համագործակցությունն ու գործընկերությունն է, օրինակ՝ Միասնական սոցիալական ծառայության տեղական գրասենյակի հետ, որը լրացուցիչ ռեսուրսներ ներգրավելու հնարավորություն ընձեռեց գործունեության իրականացման համար: Սա խթան հանդիսացավ, որպեսզի ՀԿ-ն աշխատի Հայաստանում կանանց զբաղվածության ոլորտում նոր նախաձեռնությունների ուղղությամբ.
«Ցանկանում եմ «Կանանց ինքնազբաղվածություն» հայեցակարգը ներառել «Ոչ ֆորմալ նախաձեռնող խմբերի կարողությունների զարգացում» ծրագրում [ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող մեկ այլ ծրագիր, որին դիմել է ՀԿ-ն]՝ թույլ տալով մեր նախաձեռնությունում ընդգրկված կանանց կիսվել մատնահարդարման եւ վարսահարդարման ոլորտում իրենց փորձով այլ գործազուրկ կանանց հետ՝ դրա ազդեցությունն ուժեղացնելու նպատակով։ Հուսով եմ, որ գաղափարը կընտրվի, եւ մենք այն կյանքի կկոչենք։ Մեր նման կազմակերպությունները մեծ ներուժ ունեն մարդկանց կյանքը փոխելու եւ ավելի դիմացկուն ու բարեկեցիկ հասարակություն ձեւավորելու համար», – ասում է Արեւիկը: