Սյունիքի մարզի Սիսիան և Գորիս քաղաքներում ԵՄ-ի ֆինանսավորմամբ իրականացվող «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանում» ծրագրի շրջանակներում բացվել են երեք նոր ձեռնարկություններ: Ծրագիրն իրականացվում է ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից EU4Business ծրագրի նախաձեռնության շրջանակներում:
ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը բացման արարողության իր ելույթում ասաց, որ «նորաբաց ձեռնարկությունների գործունեությունները կխթանեն տարածաշրջանում զբոսաշրջության զարգացումը»:
Գորիսում բացվեցին «Վան» և «Մեղու» հյուրանոցները, իսկ Սիսիանում՝ հուշանվերների արտադրության ձեռնարկություն: Բոլոր երեք ՓՄՁ-ները մասնակցել են ստարտափների աջակցման «Հաջող մեկնարկ» ծրագրին, որը ՓՄՁ ԶԱԿ-ն իրականացնում էր ծրագրի շրջանակներում:
Վերապատրաստման վերջում նրանք վարկային երաշխիք ստացան ՓՄՁ-ների պետական աջակցման տարեկան ծրագրի շրջանակներում, իսկ «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանում» ծրագիրը ձեռնարկություններին տրամադրեց ընդհանուր 5 մլն դրամ դրամաշնորհ:
Վարկային երաշխիքի և դրամաշնորհի շնորհիվ՝ հյուրանոցներում իրականացվեցին վերանորոգման և կահավորման աշխատանքներ: Հուշանվերների արտադրությամբ զբաղվող ՓՄՁ-ն ձեռք բերեց հումք, կարի մեքենաներ ու այլ սարքավորումներ և սկսեց արտադրել ավանդական հուշանվերներ:
Մնացականյանը նաև այցելեց Գորիսում հուշանվերների արտադրության ձեռնարկություն, որտեղ «Ռե-ռայզ» ընկերության հիմնադիր Արամ Գասպարյանը մասնակցել էր ստարտափների վերապատրաստմանը և նույնպես ստացել էր վարկային երաշխիք: Նա նաև դրամաշնորհ էր ստացել ծրագրից, ինչը թույլ էր տվել ձեռք բերել նոր սարքավորումներ և արտադրել ազգային մոտիվներով հուշանվերներ:
Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանում ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից՝ իր EU4Business ծրագրի նախաձեռնության շրջանակներում: Ծրագիրն ուղղված է տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանմանը և ՀՀ Լոռու, Սյունիքի և Արմավիրի մարզերում աշխատատեղերի ստեղծմանը՝ կենտրոնանալով սննդի վերամշակման և զբոսաշրջության ոլորտների վրա: Այն նպաստում է ձեռնարկատիրության զարգացմանը՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով ստարտափների համար և հզորացնելով տեղական ՓՄՁ-ների կարողությունները, ինչպես նաև զարգացնելով աշխատանք որոնող անձանց համապատասխան հմտությունները և հզորացնելով տեղական կարողությունները տնտեսական զարգացմանն ուղղված նախաձեռնությունների հետագա խթանման նպատակով: