Եռաչափ տպիչներ արտադրող ընկերությունը պաշտպանիչ սարքավորում է արտադրում Հայաստանում

Հայաստան
Եռաչափ տպիչներ արտադրող ընկերությունը  պաշտպանիչ սարքավորում է արտադրում Հայաստանում

Եվրամիությունն ու ՎԶԵԲ-ը օգնել են «ՕգմենթԱր» ընկերությանը ապագայի համար ծրագրեր մշակել

Ընդամենը մի քանի տարի առաջ եռաչափ տպագրությունը ավելի շատ կիրառվում էր արդյունաբերական վայրերում, քան մարդկանց տներում: Ոլորտի արագ էվոլյուցիան և շուկայի զարգացումը նշանակում են, որ այժմ 3D տպիչները սպառողներին հասանելի են մատչելի գներով, ուստի յուրաքանչյուր մարդ կարող է ստեղծել իր սեփական խոհանոցային պարագաները, խաղալիքները և «Սարքիր ինքդ» գործունեության համար գործիքները:

Հայաստանում «ՕգմենթԱր» ընկերության թիմը, որին աջակցում են ՎԶԵԲ-ն ու Եվրամիության  EU4Business նախաձեռնությունը՝ Խորհրդատվություն փոքր բիզնեսին ծրագրի միջոցով, տեղական առաջին ընկերություններից էր, ով ներմուծեց  եռաչափ տպագրության թրենդը։

Քանի որ ընկերության ապրանքանիշը հնարագիտությունն է, գործադիր տնօրեն և ծրագրային ապահովման ինժեներ Արթուր Խոջաբաղյանն ու նրա թիմը չհուսահատվեցին, երբ կորոնավիրուսային համավարակը հասավ Հայաստան։ Փոխարենը, նրանք սկսեցին մտածել, թե ինչպես կարելի է այս չափազանց բարդ իրավիճակին առավել արդյունավետ արձագանքել, և ոչ միայն իրենց բիզնեսի համար, այլ ընդհանրապես:

Նախնական գաղափարն այն էր, որ մարդիկ կարող են ստեղծել և փոխարինել առարկաները հենց իրենց տանը՝ անվտանգ միջավայրում, արգելափակումների կամ կարանտինի պայմաններում: 3D տպիչները, որոնք արտադրում է ընկերությունը, հիանալի լուծում են ներկայիս՝ «Մնա տանը» ապրելակերպի համար: Նման տպիչով, եթե չունեք անհրաժեշտ առարկան կամ ինչ-որ բան կոտրվում է, պարզապես պետք է համացանցից ֆայլ ներբեռնել և պատրաստել մի նոր առարկա՝ առանց տնից դուրս գալու:

«COVID-19 համավարակի պայմաններում ավելի ու ավելի ենք գիտակցում եռաչափ տպագրության հնարավորությունները: Դա, անշուշտ, կնպաստի շուկայում ավելի մեծ պահանջարկի առաջացմանը և կարագացնի ոլորտի զարգացումը: Մեր նպատակն է․ արագորեն ամրապնդել մեր բրենդը և դրա ճանաչումը, ինչպես նաև մեր ջանքերը ներդնել  արտահանման ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, մենք վստահ ենք, որ Հայաստանում ավելի շատ մարդիկ կսկսեն գնել եռաչափ տպիչներ: Մենք արդեն իսկ վաճառքի ավելի բարձր ցուցանիշներ ենք գրանցել», - ասել է պարոն Խոջաբաղյանը:

«ՕգմենթԱր» ընկերությունը իր առցանց հարթակներում, այդ թվում՝ սոցիալական լրատվամիջոցներում, տրամադրում է եռաչափ տպագրության անվճար դասընթացներ և առարկաներ ստեղծելու վերաբերյալ առաջարկներ: Եռաչափ տպագրության մասին մարդկանց կրթելը կարևոր է ընկերության համար, որտեղ աշխատում է 21 երիտասարդ ինժեներ: Ընկերության ռազմավարությունն այն է, որ երեխաներն ու դպրոցականները ներգրավվեն ուսման որոշակի ծրագրերում: Նրանք համագործակցում են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հետ։ Սա ավագ դպրոցներում գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի խթանմանն ուղղված՝ արտադասարանական կրթության ազգային ծրագիր է։ «ՕգմենթԱր» ընկերությունը ստեղծել է կրթական տպիչ, որն «ինքնավերարտադրվում է» և տպում նոր 3D տպիչ, որի երկակի նպատակը յուրաքանչյուր ուսանողի սովորեցնելն է, թե ինչպես օգտագործել սարքը և ինքդ քեզ ապահովել նման սարքով։  

Հայաստանում շուրջ 575 դպրոց օգտվում է այս դասընթացներից: Ներկայումս դպրոցները փակ են, բայց մի նախագծի համար, որի մի մասը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից, իսկ մյուս մասը՝ «ՕգմենթԱր»-ի կողմից, ՎԶԵԲ-ն ընտրել է բիզնես խորհրդատու, ով կաշխատի «ՕգմենթԱր»-ի հետ՝ այդ գործունեությունը խթանելու ու ևս 700 դպրոց ներգրավելու և դասընթացները տարածելու թե երկրում, և թե՛ երկրից դուրս:

Սակայն հենց այս պահին կա մի առավել հրատապ խնդիր, որը կարող է մասամբ լուծվել եռաչափ տպագրության օգնությամբ․դա անձնական պաշտպանիչ սարքավորումների և, մասնավորապես, հատուկ պաշտպանիչ ակնոցների և դեմքի վահանների պակասն է, իսկ բժիշկներն ու բուժքույրերը պետք է օգտագործեն դրանք COVID-19-ով պացիենտների հետ հիվանդանոցային հատուկ բաժանմունքներում աշխատելիս կամ մեկուսացման մեջ գտնվող հիվանդներին բուժօգնություն ցուցաբերելիս։

Պ-ն Խոջաբաղյանը, ժամանակ չվատնելով, որոնել էր կորոնավիրուսի հետ կապված բժշկական պարագաների գծագրերը, որոնք բաց են և հասանելի։ Ինժեներները հասանելի են դարձրել դեմքի պաշտպանիչ վահանի մոդելի դետալները, որոնք կարելի է տպել և կյանքեր փրկել: Միևնույն ժամանակ Երևանի պետական բժշկական համալսարանի դեղագործության ֆակուլտետը դիմել էր «ՕգմենթԱր» ընկերությանը համագործակցության առաջարկով և ուղարկել վահանների և ակնոցների նմուշներ: Զգուշավոր և հաջողված փորձարկումների արդյունքում «ՕգմենթԱր» ընկերությունն արտադրեց այնպիսի պարագաներ, որոնք հավանություն ստացան և ետ ուղարկվեցին նրանց։

«Մենք չէինք կարող անտարբեր մնալ տեղի ունեցածի հանդեպ և սկսեցինք տարբեր մեթոդներ ուսումնասիրել և փորձարկել: Սա մեզ թույլ տվեց արագորեն գտնել արդյունավետ միջոցները և կիրառել դրանք: Մենք նաև կիսվեցինք մեր փորձով, որպեսզի մյուսները, ովքեր ունեն 3D տպիչներ, կարողանան մասնակցել: «Արմաթ» լաբորատորիաներ կազմակերպությունը միացավ նախագծին`իր ամբողջ կարողությամբ: Մենք հավատացած ենք, որ որոշ չափով մենք բոլորս մեր համեստ դերակատարումն ենք ունեցել վարակի տարածումը մեղմելու գործընթացում», - ասել է պարոն Խոջաբաղյանը:

Երբ դետալները հասանելի դարձան համացանցում, այլ լաբորատորիաները՝ «Արմաթի» հետ համագործակցությամբ, սկսեցին տպագրություն անել: Մինչ այժմ արտադրվել է ավելի քան 4,000 դիմակ և պաշտպանիչ ակնոց, որոնք և նվիրաբերվել են Հայաստանում 50 հիվանդանոցների։

Այս հաջողությունը ակնհայտորեն ոգեշնչել է ընկերությանը և նրա աշխատակիցներին: Այժմ նրանք աշխատում են ֆայլերի նախագծման վրա՝ արհեստական շնչառության սարքեր տպելու համար:

«Եվրամիությունը շարունակում է հավատարիմ մնալ ՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում աշխատատեղեր ստեղծելու իր հանձնառությանը` ի պատասխան COVID-19-ի հետևանքով առաջացած ճգնաժամի: Եվրոպայի Թիմի գործընկերների՝ օրինակ, ՎԶԵԲ-ի հետ միասին, ԵՄ-ն շարունակում է կանգնել հայ ձեռնարկատերերի կողքին ՝ խթանելով բիզնես հնարավորությունները և նորարարությունը այս դժվարին ժամանակներում», - ասել է Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը:

«ՎԶԵԲ-ը հպարտանում է այն փաստով, որ բազմաթիվ փոքր ձեռնարկություններ, ում մենք աջակցում ենք Եվրամիության կողմից ֆինանսավորման օգնությամբ, այսքան արագ են արձագանքում կորոնավիրուսային համավարակի մարտահրավերներին և դիմակայում դրանց», - ասել է Հայաստանում ՎԶԵԲ-ի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն:

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները