Հայկական տեխնոլոգիական ստարտափ. ԵՄ-ի դրամաշնորհը դռներ բացեց ներդրումների համար

Հայաստան
Հայկական տեխնոլոգիական ստարտափ. ԵՄ-ի դրամաշնորհը դռներ բացեց ներդրումների համար

 

Հիմնարկ-ը առցանց հարթակ է, որն ավտոմատացնում է աշխատակազմի պայմանագրերի կառավարումը և աշխատավարձի հաշվարկը: Հարթակը մշակվել է հայաստանյան ստարտափի կողմից, որն ունի ընդամենը 15 աշխատակից, սակայն ընդլայնման ծրագրեր ունի. ստարտափին օժանդակել է ԵՄ-ի նորարարության զարգացման դրամաշնորհը, որը ֆինանսավորվում է EU4Business նախաձեռնության շրջանակներում:

Ընկերությունը հիմնադրվել է Ռուբեն Օսիպյանի և Սմբատ Պետրոսյանի կողմից, ովքեր միասին սովորել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մաթեմատիկական մոդելավորման և գործառնությունների հետազոտման ֆակուլտետում: Հետո նրանք միասին աշխատել են միևնույն ընկերությունում՝ Instigate-ում, նախքան իրենց սեփական ընկերությունը հիմնելու որոշումը կայացնելը:

Ինչպես նշում է Օսիպյանը, գաղափարը ծնվել է այն փաստի հիման վրա, որ շատ հայաստանյան ՓՄՁ-ներ չունեն Մարդկային ռեսուրսների և վճարացուցակների ավտոմատացման համակարգ, քանի որ առկա լուծումները չափազանց թանկ են փոքր ձեռնարկությունների համար:

«Ունենալով փոքր ձեռնարկություններում ֆինանսական և հաշվապահական հաշվառման ավելի քան 20 տարվա փորձ, մենք զգացել ենք Մարդկային ռեսուրսների և վճարացուցակների գործընթացների ոչ ավտոմատացված և միմյանցից տարանջատված լինելու խոչընդոտները, ինչը հանգեցնում է կառավարող թիմի ջանքերի անարդյունավետ օգտագործմանը, սխալներին և վրիպումներին, իրավական ռիսկերին և սխալ որոշումների կայացմանը, որոնք հիմնվում էին ավելի շատ ինտուիցիայի, քան փաստերի վրա», - բացատրում է նա:

Այս խոչընդոտները նկատի ունենալով, «Հիմնարկի» թիմը որոշեց հայաստանյան ՓՄՁ-ների համար ստեղծել Մարդկային ռեսուրսների և վճարացուցակների մատչելի, ամպի վրա հիմնված լուծում՝ նպատակ ունենալով զարգանալ տարածաշրջանում Հայաստանում ձեռք բերած հաջողությունից հետո:

Տեխնիկական բնութագրերի առումով հարթակն ունի անձնակազմի ինքնասպասարկման հավելված, որը թույլ է տալիս աշխատակիցներին մուտք գործել ու դիտել իրենց աշխատավարձի հաշվարկը, առկա արձակուրդային օրերը, դիմել արձակուրդի համար և ընդհանրապես հեշտացնում է ՄՌ և հաշվապահության բաժնի ու աշխատակիցների միջև կապը, դարձնում այն արդյունավետ և հարմարավետ: Քանի որ «Հիմնարկը» ամպային լուծում է, այն մուտքի հնարավորություն է տալիս ցանկացած վայրից:

Թեև ստարտափը ներկայումս նպատակաուղղված է նախկին ԽՍՀՄ երկրների, ինչպես նաև Իրանի և Թուրքիայի վրա, նրա համահիմնադիրն ասում է, որ ընկերությունը պատրաստ է ԵՄ շուկայում ընդլայնվելու համար:

Այս տարվա սկզբին ստարտափը EU-SMEDA ծրագրի կողմից ստացավ Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհ (ՆԶՀԴ), որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից իր EU4Business նախաձեռնության շրջանակներում: Ինչպես նկատում է Ռուբեն Օսիպյանը, դրամաշնորհը զգալի ներգործություն ունեցավ ստարտափի հետագա զարգացման վրա:

«ՆԶՀԴ-ի դրամաշնորհից հետո մեր նախագծի մեջ ներդրումներ կատարեցին միջազգային մի շարք ընկերություններ: Ես կասեի, որ ՆԶԴՀ դրամաշնորհը «Հիմնարկն» ավելի գրավիչ դարձրեց ներդրողների համար: Դրամաշնորհի կողմից տրամադրված ֆինանսավորումը նաև օգնեց մեզ կենտրոնանալ արտադրանքի և օգտագործողի կարիքների վրա, այլ ոչ թե մտածել, թե ինչպես միջոցներ գտնել հաշիվները վճարելու համար», - ավելացրեց նա:

Որպես հայաստանյան շուկայում սկզբնական փուլում գործող ստարտափի հիմնադիր՝ Օսիպյանն ասում է, որ երկիրն առաջարկում է բազմաթիվ հնարավորություններ, որոնք հեշտացնում են աճը և նեցուկ լինում սկզբնական փուլում գործող նորաստեղծ ընկերություններին:

«Ունենալով նվազագույն սոցիալական հմտություններ և Հայաստանի ՏՏ ոլորտում աշխատելու 2-3 տարվա փորձ՝ հնարավոր է կարևոր կապեր ստեղծել Հայաստանում առանցքային նշանակության մարդկանց հետ: Բացի այդ, ցանցի ստեղծումը հնարավորություն է տալիս երիտասարդ ձեռնարկատերերին գտնել պատասխաններ և օգնություն գրեթե ցանկացած հարցի առնչությամբ (սկսած կառավարության հետ ունեցած հարաբերություններից մինչև միջոցներ և աշխատողներ գտնելու հարցը): Կան նաև այլ հնարավորություններ տարբեր նախաձեռնությունների շրջանակներում, որոնք օգնում են ստարտափներին կենտրոնանալ և զարգանալ, օրինակ՝ Հայաստանի ստարտափ ակադեմիան, ԳՏՁ և ՆԶԴՀ դրամաշնորհները և այլն», - ասաց Ռուբեն Օսիպյանը:

Առաջիկա տարվա ընթացքում «Հիմնարկը» մտադիր է ավելացնել իր օգտագործողների բազան և ընդլայնել իր գործունեությունը Վրաստանում:

Տեղեկություններ EU-SMEDA ծրագրի մասին

2017 թ.-ից ի վեր՝ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից EU4Business նախաձեռնության շրջանակներում և իրականացվում GIZ-ի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) համագործակցությամբ, աջակցում է հայաստանյան ստարտափներին երկու տեսակի դրամաշնորհների՝ Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհների (ՆԶՀԴ) և Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության (ԳՏՁ) դրամաշնորհների միջոցով:

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները