Սննդի, հանրային սննդի և հյուրընկալության ծառայություններ մատուցող հայկական «Արտ Լանչ» ընկերությունը EU4Business-ի աջակցությամբ, որ տրամադրվել է ՎԶԵԲ-ի «Խորհրդատվություն փոքր բիզնեսին» ծրագրի միջոցով, անցում է կատարել էլեկտրոնային մարքեթինգի մոդելին, ինչն ավելացրել է շրջանառությունը 78%-ով և բարելավել վաճառքը 31%-ով: Իր հերթին, ընկերությունը աջակցում է Հայաստանին՝ սնունդ մատակարարելով 1500 կորոնավիրուսով հիվանդների և անհատների, ովքեր համավարակի պատճառով մեկուսացվել են:
Կայուն բիզնես՝ անկայուն ժամանակներում
Երկար տարիները և քրտնաջան աշխատանքը նախորդեցին այն պահին, երբ 2016թ.-ին «Արտ Լանչ» կոչվող նոր ընկերությունը մտավ Հայաստանի սննդի, հանրային սննդի և հյուրընկալության շուկա:
«Թուրքիա այցելության ժամանակ նկատեցինք լանչի առաքում, որը նորույթ էր մեզ համար», - ասում է «Արտ Լանչ» ընկերության համահիմնադիր և բիզնեսի զարգացման գծով տնօրեն Բակուր Մելքոնյանը՝ հիշելով ուղևորությունը 2002 թ.-ին: «Վերադառնալով Հայաստան՝ մենք սկսեցինք լանչերի առաքումը, որ ինքներս պատրաստում ու ինքներս էլ առաքում էինք մեր հաճախորդներին»:
Մի քանի տարի առաջ Հայաստանի ամենամեծ ճաշարանային ցանցը նոր ուղղություններ ներկայացրեց հանրային սննդի և հյուրընկալության ոլորտներում: 2019 թվականի ամռանից «Արտ Լանչը» առողջ սնունդ է մատակարարում նաև 20 հայկական զորամասերում:
Բայց անկայուն իրավիճակը կորոնավիրուսի համավարակի, արտակարգ իրավիճակի և կարանտինի պայմաններում բիզնեսի համար բազմաթիվ մարտահրավերներ առաջացրեց:
«Ինչպես Հայաստանում շատ ընկերություններ, մեր ճաշարանները երկու ամիս փակ էին, և միայն մի քանիսն էին աշխատում զորամասերում», - ասում է Մելքոնյանը: «Բայց դա հնարավորություն տվեց տեղափոխվելու առցանց բիզնես, ուստի նորացված մեր կայքը, որի համար մենք EU4Business-ի աջակցություն էինք ստացել, թույլ տվեց արագ կողմնորոշվել և կազմակերպել առաքման ծառայություններ»:
«Արտ Լանչ»-ը սկսեց ամեն օր կալորիաների, ածխաջրերի, սպիտակուցների, ճարպերի և հյուսվածքների ճիշտ քանակություն պարունակող բալանսավորված սնունդ տրամադրել մոտ 1,500 հայաստանցիների համար, որոնք կամ տնային պայմաններում էին գտնվում և մեկուսացված, կամ հիվանդ էին: «Արտ Լանչ»-ը նաև նշում է նրանց ծննդյան տոները և բժշկական անձնակազմին տրամադրում քաղցրավենիք և սուրճ:
«Նորարարական բիզնես մոդելներն օգնեցին նվազագույնի հասցնել համավարակի ընթացքում բիզնեսի խնդիրները», - նշում է Մելքոնյանը: «Բայց մենք չէինք կարող անտեսել ստեղծված իրավիճակը և հոգ տանել միայն մեր մասին»:
«Արտ Լանչ»-ն իր գործընկերների հետ համագործակցությամբ նաև պատրաստեց ու առաքեց մեկ շաբաթվա սննդի շուրջ 2000 արկղ՝ կարիքի մեջ գտնվող ընտանիքներին:
Էլեկտրոնային մարքեթինգն ու աճող վաճառքը՝ շնորհիվ EU4Business-ի
«Արտ Լանչ»-ն այսօր ունի 62 ճաշարան ամբողջ Հայաստանում, հինգը՝ Ռուսաստանում, երեքական՝ Վրաստանում և Ղազախստանում: Ընկերությունն այժմ դիտարկում է նոր շուկաներ, որոնք լավ տեսանելիություն են պահանջում, առցանց ակտիվ ներկայություն և ազդեցություն ունեցող բրենդավորում:
«Քանի որ մեր նպատակն էր ընդլայնել մեր գործունեությունը եվրոպական շուկայում, մեզ հարկավոր էր թարմ ապրանքանիշ և նորացված կայք», - ասում է «Արտ Լանչ»-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Գայանե Մարգարյանը: «Մենք կարողացանք դա անել. փորձնական նախագիծը օգնեց մեզ ստեղծել վիզուալ նոր ինքնություն և անցնել էլեկտրոնային մարքեթինգի»:
Բրենդավորման և էլեկտրոնային մարքեթինգի ծառայությունների տեղական խորհրդատուն «Արտ Լանչ»-ի համար մշակեց նոր լոգո, վիզուալ ինքնություն և բրենդային գիրք, նաև վերափոխեց կայքէջը:
Ծրագրի ավարտից մեկ տարի անց «Արտ Լանչ»-ին հաջողվեց ավելի քան կրկնապատկել իր առցանց տեսանելիությունը կայքում ունենալով մինչև շաբաթական 900 այցելու և զգալիորեն խթանել իր շրջանառությունն ու վաճառքը:
Ապագա ծրագրեր՝ ճգնաժամից հետո
Չնայած ներկա ճգնաժամը դեռևս հաղթահարված չէ, «Արտ Լանչ»-ն արդեն գործունեության ապագա ծրագրեր ունի:
««Արտ Լանչ»-ի երկարաժամկետ նպատակը միջազգային ապրանքանիշի վերածվելն ու դեպի եվրոպական շուկա ընդլայնումն է», - ասում է Մարգարյանը: Այս փուլում ևս ԵՄ աջակցություն տրամադրվեց. ՎԶԵԲ-ի «Խորհրդատվություն փոքր բիզնեսին» ծրագրի միջազգային խորհրդատվական նախագիծը մեկնարկեց՝ աջակցելու «Արտ Լանչ»-ի ֆրանչայզինգին:
Այս պահին Չինաստանում մեծ «ֆուդ քորթի» բացման ծրագրերը գերակա են: Ընկերության լոգոն գրանցման գործընթացում է՝ ճաշարանի շինարարական աշխատանքների հետ միասին:
«Մեր ֆրանչիզայի փաթեթի 80% -ը պատրաստ է, և մենք կսկսենք ռուսական շուկայից», - ասում է Մարգարյանը: «Որոշ փոփոխություններով վաճառք կկազմակերպենք նաև Չինաստանում ու եվրոպական շուկայում»: