Արուս Ղազարյանը Տավուշի մարզի Դեղձավան համայնքում առաջին կինն էր, որ չորս տարի առաջ որոշեց հիմնել իր սեփական բիզնեսն ու տանը պատրաստվող պահածոներն արտադրել գործարանային եղանակով: Բիզնեսի կայացման ամենադժվար փուլում երիտասարդ գործարարին օգնության է հասել Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության համաֆինանսավորմամբ իրականացվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» (EU-GAIA) ծրագիրը։
Հայոց լեզվի և հայ գրականության ուսուցչուհու՝ գործարարությամբ զբաղվելու որոշումը ընտանիքը վստահությամբ, իսկ համագյուղացիները՝ թերահավատորեն են ընդունել:
«Ընտանիքս շատ լավ ընդունեց իմ գաղափարն ու դարձավ իմ թև ու թիկունքը բոլոր նախաձեռնություններում: Սկզբնական շրջանում փորձել ենք բիզնեսի ողջ ծանրությունն ու աշխատանքը բաշխել ընտանիքի անդամների միջև, մինչև բիզնեսը նորմալ կազմավորվի, ու կարողանանք նաև աշխատողներ ներգրավել: Հատկապես սկզբնական շրջանում սկեսրայրս է եղել իմ ամենամեծ օգնականը: Ամուսինս, որդիս ու ավագ դուստրս էլ են շատ օգնել»,- պատմում է Արուս Ղազարյանը:
Նկատում է՝ եթե սկզբնական շրջանում գյուղում մի փոքր թերահավատություն կար, թե՝ կին է, ի՛նչ պետք է անի, ապա այսօր համագյուղացիները հպարտանում են թե՛ կին գործարարով, թե՛ տեղական արտադրամասի գոյությամբ:
«Այսօր տարբեր առիթներով մեր ձեռնարկության մասին հիշատակելիս հնչեցնում են նաև Դեղձավանի անունը»,- նշում է Արուսը:
Երիտասարդ կին գործարարն արտադրական պրոցեսն սկսել է վերանորոգված ավտոտնակում՝ ձեռքի տակ ունենալով մի փոքր ավտոկլավ ու 60 լիտրանոց կաթսա:
Արտադրության մեկնարկը համընկավ 2020 թվականի քովիդի համավարակի շրջանի հետ, ինչը հավելյալ դժվարություններ առաջացրեց սկսնակ գործարարի համար։ Չնայած ծանր վիճակին՝ նրան հաջողվել է հաղթահարել ֆինանսական ու հոգեբանական խնդիրներն ու շարունակել պայքարել՝ բիզնեսը ոտքի կանգնեցնելու համար:
Բիզնեսի կայացման ամենադժվար փուլում երիտասարդ գործարարին օգնության է հասնում Ավստրիական զարգացման գործակալությունը և Եվրոպական միության «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» (EU-GAIA) ծրագիրը, որի շրջանակում Արուս Ղազարյանը ստանում է աջակցություն՝ արևային համակարգ, արտադրական ավտոկլավ, եփման կաթսա ու փաթեթավորման սարք:
Երիտասարդ կին ձեռներեցը Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության շարունակական աջակցության շնորհիվ ձեռք է բերել նաև նոր հմտություններ ու գիտելիքներ, մասնակցել տարբեր էքսպոների ու միջոցառումների, ինչպես նաև ստացել ապրանքանիշը բրենդավորելու բացառիկ հնարավորություն...
Արդյունքում՝ Արուս Ղազարյանն այսօր Hayq food ապրանքանիշով կայուն արտադրանք է ապահովում՝ 8 տեսակի կոմպոտ, 3 տեսակի մուրաբա, ինչպես նաև պահածոյացված ձիթապտուղ: Միայն անցած տարի մթերել ու պահածոյացրել է 1 տոննա ձիթապտուղ, այս տարի մտադիր է այն հասցնել 3-4 տոննայի: Առաջիկա պլաններով նախատեսում է պահածոյացման գործընթացում ստացված թափոնները որպես երկրորդային հումք օգտագործել ու շարունակել արտադրական շղթան ձիթապտղի բուսայուղի արտադրությամբ:
«Եթե ձիթապտղի կորիզներից ստանանք ձեթ, իսկ մրգի մնացորդներից՝ անասնակեր, կստացվի, որ լիարժեք օգտագործում ու բազմակի մշակման ենք ենթարկում մեր հումքը: Այս մոտեցումը թույլ կտա փակել արտադրական ողջ շղթան՝ դառնալով կանաչ, խելացի գյուղատնտեսությամբ զբաղվելու հրաշալի օրինակ»,- ասում է Արուսը:
Նրա խոսքով՝ իրենց կողմից արտադրվող չզտված, առաջին մզվածքի ձիթապտղի բուսայուղն իր տեսակով լինելու է եզակի, քանի որ արտադրության համար օգտագործվելու է հենց տեղական հումքը:
Ավելի լայն տեսլականում ընկերությունը պլանավորում է զբաղվել նաև այլ մրգերի կորիզների վերամշակմամբ՝ եթերայուղեր ստանալու նպատակով, ինչի համար համագործակցելու են երեք հյուսիսային մարզերի՝ Լոռու, Տավուշի, Շիրակի գինի-օղի թորողների հետ:
«Օղի-գինի թորողներից մրգի կորիզների գնումը ոչ միայն կօգնի բնությունը զերծ պահել աղտոտումից, այլև ստանալ որակյալ եթերայուղեր: Այդ կերպ մարդիկ նաև աստիճանաբար կսովորեն, որ կորիզը թափոն չէ, այլ՝ հումք, որը կարող են օգտագործել»,- ասում է գործարարը, որը կանաչ գյուղատնտեսության հավատարիմ ջատագով է դարձել:
Որակյալ ու կանաչ գյուղատնտեսությանը համահունչ արտադրանք ստանալու նպատակով տեղի ֆերմերների հետ ակտիվ համագործակցող Արուս Ղազարյանը գործընկեր գյուղացիներին հորդորում է միրգն ստանալ բնական եղանակով, մշակության ընթացքում չօգտագործել տարբեր քիմիական հավելանյութեր: Ասում է՝ իր հորդորն ու բացատրական աշխատանքներն արդեն պտուղներ են տալիս, ինչի արդյունքում հնարավորություն է ունենում մթերել առողջ մթերք ու որակյալ արտադրանք առաջարկել հաճախորդին:
«Եթե կարող ենք հավելանյութեր չօգտագործել ու առողջ սնունդ ստանալ, ինչո՞ւ չանենք»,- նշում է Արուսը:
Առաջիկայում երիտասարդ գործարարը Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության աջակցության շնորհիվ պատրաստվում է մեկնել Գերմանիա՝ փորձի փոխանակման և մարքետինքի հիմունքները ուսումնասիրելու նպատակով։
Երախտապարտ լինելով միջազգային կառույցներին՝ աջակցության ծրագրերի համար, Արուսը կցանկանար, որ պետությունն առանձնահատուկ հոգածություն դրսևորի վերամշակող ընկերությունների նկատմամբ:
«Կուզենայի շահավետ պայմաններով սուբսիդավորվող վարկերից օգտվելու հնարավորություն ունենալ: Գիտե՞ք՝ գյուղի տասնյակ բնակչի օրվա եկամուտը կախված է իմ պատվերների քանակից, թե քանի՛ կիլո միրգ կարող եմ մթերել,- ասում է Արուսն ու պարզաբանում,- եթե ես հնարավորություն ունենամ օգտվել հասանելի վարկային միջոցներից, քանի՜ գյուղացու ընտանիքի կկարողանամ օգտակար լինել...»:
Բիզնեսի կայացման ամենադժվար տարիները հաղթահարած կին գործարարն իր օրինակով փորձում է ոգեշնչել նաև այլ կանանց: Ասում է՝ կանանց մեջ մտավախություն կա, թե կարող է չհաջողեն: Նման դեպքերում իր արձագանքը մեկն է՝ «Եթե ինձ հաջողվել է, հաստատ դուք էլ կհաջողեք»։