You are using an outdated browser. Please upgrade your browser to improve your experience.
ՍԿԻԶԲ

Արուս Ղազարյանը Տավուշի մարզի Դեղձավան համայնքում առաջին կինն էր, որ չորս տարի առաջ որոշեց հիմնել իր սեփական բիզնեսն ու տանը պատրաստվող պահածոներն արտադրել գործարանային եղանակով: Բիզնեսի կայացման ամենադժվար փուլում երիտասարդ գործարարին օգնության է հասել Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության համաֆինանսավորմամբ իրականացվող  «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» (EU-GAIA) ծրագիրը։

Հայոց լեզվի և հայ գրականության ուսուցչուհու՝ գործարարությամբ զբաղվելու որոշումը ընտանիքը վստահությամբ, իսկ համագյուղացիները՝ թերահավատորեն են ընդունել:

«Ընտանիքս շատ լավ ընդունեց իմ գաղափարն ու դարձավ իմ թև ու թիկունքը բոլոր նախաձեռնություններում: Սկզբնական շրջանում փորձել ենք բիզնեսի ողջ ծանրությունն ու աշխատանքը բաշխել ընտանիքի անդամների միջև, մինչև բիզնեսը նորմալ կազմավորվի, ու կարողանանք նաև աշխատողներ ներգրավել: Հատկապես սկզբնական շրջանում սկեսրայրս է եղել իմ ամենամեծ օգնականը: Ամուսինս, որդիս ու ավագ դուստրս էլ են շատ օգնել»,- պատմում է Արուս Ղազարյանը:

Նկատում է՝ եթե սկզբնական շրջանում գյուղում մի փոքր թերահավատություն կար, թե՝ կին է, ի՛նչ պետք է անի, ապա այսօր համագյուղացիները հպարտանում են թե՛ կին գործարարով, թե՛ տեղական արտադրամասի գոյությամբ:

«Այսօր տարբեր առիթներով մեր ձեռնարկության մասին հիշատակելիս հնչեցնում են նաև Դեղձավանի անունը»,- նշում է Արուսը:

Երիտասարդ կին գործարարն արտադրական պրոցեսն սկսել է վերանորոգված ավտոտնակում՝ ձեռքի տակ ունենալով մի փոքր ավտոկլավ ու 60 լիտրանոց կաթսա:

Արտադրության մեկնարկը համընկավ 2020 թվականի քովիդի համավարակի շրջանի հետ, ինչը հավելյալ դժվարություններ առաջացրեց սկսնակ գործարարի համար։ Չնայած ծանր վիճակին՝ նրան հաջողվել է հաղթահարել ֆինանսական ու հոգեբանական խնդիրներն ու շարունակել պայքարել՝ բիզնեսը ոտքի կանգնեցնելու համար:

Բիզնեսի կայացման ամենադժվար փուլում երիտասարդ գործարարին օգնության է հասնում Ավստրիական զարգացման գործակալությունը և Եվրոպական միության «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» (EU-GAIA) ծրագիրը, որի շրջանակում Արուս Ղազարյանը ստանում է աջակցություն՝ արևային համակարգ, արտադրական ավտոկլավ, եփման կաթսա ու փաթեթավորման սարք:

Երիտասարդ կին ձեռներեցը Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության շարունակական աջակցության շնորհիվ ձեռք է բերել նաև նոր հմտություններ ու գիտելիքներ, մասնակցել տարբեր էքսպոների ու միջոցառումների, ինչպես նաև ստացել ապրանքանիշը բրենդավորելու բացառիկ հնարավորություն...

Արդյունքում՝ Արուս Ղազարյանն այսօր Hayq food ապրանքանիշով կայուն արտադրանք է ապահովում՝ 8 տեսակի կոմպոտ, 3 տեսակի մուրաբա, ինչպես նաև պահածոյացված ձիթապտուղ: Միայն անցած տարի մթերել ու պահածոյացրել է 1 տոննա ձիթապտուղ, այս տարի մտադիր է այն հասցնել 3-4 տոննայի: Առաջիկա պլաններով նախատեսում է պահածոյացման գործընթացում ստացված թափոնները որպես երկրորդային հումք օգտագործել ու շարունակել արտադրական շղթան ձիթապտղի բուսայուղի արտադրությամբ:

«Եթե ձիթապտղի կորիզներից ստանանք ձեթ, իսկ մրգի մնացորդներից՝ անասնակեր, կստացվի, որ լիարժեք օգտագործում ու բազմակի մշակման ենք ենթարկում մեր հումքը: Այս մոտեցումը թույլ կտա փակել արտադրական ողջ շղթան՝ դառնալով կանաչ, խելացի գյուղատնտեսությամբ զբաղվելու հրաշալի օրինակ»,- ասում է Արուսը:

Նրա խոսքով՝ իրենց կողմից արտադրվող չզտված, առաջին մզվածքի ձիթապտղի բուսայուղն իր տեսակով լինելու է եզակի, քանի որ արտադրության համար օգտագործվելու է հենց տեղական հումքը:

Ավելի լայն տեսլականում ընկերությունը պլանավորում է զբաղվել նաև այլ մրգերի կորիզների վերամշակմամբ՝ եթերայուղեր ստանալու նպատակով, ինչի համար համագործակցելու են երեք հյուսիսային մարզերի՝ Լոռու, Տավուշի, Շիրակի գինի-օղի թորողների հետ:

«Օղի-գինի թորողներից մրգի կորիզների գնումը ոչ միայն կօգնի բնությունը զերծ պահել աղտոտումից, այլև ստանալ որակյալ եթերայուղեր: Այդ կերպ մարդիկ նաև աստիճանաբար կսովորեն, որ կորիզը թափոն չէ, այլ՝ հումք, որը կարող են օգտագործել»,- ասում է գործարարը, որը կանաչ գյուղատնտեսության հավատարիմ ջատագով է դարձել:

Որակյալ ու կանաչ գյուղատնտեսությանը համահունչ արտադրանք ստանալու նպատակով տեղի ֆերմերների հետ ակտիվ համագործակցող Արուս Ղազարյանը գործընկեր գյուղացիներին հորդորում է միրգն ստանալ բնական եղանակով, մշակության ընթացքում չօգտագործել տարբեր քիմիական հավելանյութեր: Ասում է՝ իր հորդորն ու բացատրական աշխատանքներն արդեն պտուղներ են տալիս, ինչի արդյունքում հնարավորություն է ունենում մթերել առողջ մթերք ու որակյալ արտադրանք առաջարկել հաճախորդին:

«Եթե կարող ենք հավելանյութեր չօգտագործել ու առողջ սնունդ ստանալ, ինչո՞ւ չանենք»,- նշում է Արուսը:

Առաջիկայում երիտասարդ գործարարը  Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության  աջակցության շնորհիվ պատրաստվում է  մեկնել Գերմանիա՝ փորձի փոխանակման և մարքետինքի հիմունքները ուսումնասիրելու նպատակով։  

Երախտապարտ լինելով միջազգային կառույցներին՝ աջակցության ծրագրերի համար, Արուսը կցանկանար, որ պետությունն առանձնահատուկ հոգածություն դրսևորի վերամշակող ընկերությունների նկատմամբ:

«Կուզենայի շահավետ պայմաններով սուբսիդավորվող վարկերից օգտվելու հնարավորություն ունենալ: Գիտե՞ք՝ գյուղի տասնյակ բնակչի օրվա եկամուտը կախված է իմ պատվերների քանակից, թե քանի՛ կիլո միրգ կարող եմ մթերել,- ասում է Արուսն ու պարզաբանում,- եթե ես հնարավորություն ունենամ օգտվել հասանելի վարկային միջոցներից, քանի՜ գյուղացու ընտանիքի կկարողանամ օգտակար լինել...»:

Բիզնեսի կայացման ամենադժվար տարիները հաղթահարած կին գործարարն իր օրինակով փորձում է ոգեշնչել նաև այլ կանանց: Ասում է՝ կանանց մեջ մտավախություն կա, թե կարող է չհաջողեն: Նման դեպքերում իր արձագանքը մեկն է՝ «Եթե ինձ հաջողվել է, հաստատ դուք էլ կհաջողեք»։

Ամենավերջինը ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ
am
13.02.2024
Ստեփանավանում բնակվող երիտասարդ ամուսիններ Դավիթ Դավթյանը և Լենա Սարգսյանը համատեղ կյանքի 15 տարիների ընթացքում իրենց օրինակով են ապացուցում, որ աշխատանքը ստեղծագործություն է, և այն իրական ուրախություն է պարգևում կյանքում:
am
12.02.2024
Լոռու մարզի Սպիտակ համայնքում է բնակվում Կարինե Հերիքնազյանի և Արտաշես Կարապետյանի ընտանիքը։ Մինչև ամուսնությունը Կարինե Հերիքնազյանի մտքով անգամ չէր անցնի, որ կլինի մի գործ, որն իրեն նույնքան հոգեհարազատ կլինի, որքան իր բուն մասնագիտությունը՝ բժշկությունը։
am
10.02.2024
Շիրակի մարզի Արևիկ համայնքում Ժաննա Ավետիսյանի մշակած էկոլոգիապես մաքուր ելակի մասին բոլորը գիտեն, այն շատերի ամենօրյա ու հատկապես տոնական օրերի սեղանի զարդն է:

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները