Բնության հետ կռիվ տալով՝ քարքարոտ հողում բերք ու բարիք են ստեղծում Շիրակի մարզի Սարատակի բնակիչներ Եսթեր և Աշոտ Գրիգորյանները, դժվարություններից չեն բողոքում, լուռ իրենց գործն են անում: Եվ այստեղ է, որ իրենց աջակցության է հասնում Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության համաֆինանսավորմամբ իրականացվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագիրը։
Աշոտը ռազմական ավիացիայի սարքավորումների ինժեներ է, կոչումով՝ ավիացիայի մայոր, Եսթերը մասնագիտությամբ մանկավարժ է և աշխատում է քաղաքացիական հասարակության ոլորտում, ունեն երկու որդի: Ընտանիքի կարիքներից ելնելով երիտասարդ ամուսինները երկար մտորելուց հետո որոշեցին շուրջ 2000 քմ մակերեսով տնամերձը վերածել խնձորի այգու:
Այգեգործությունից անտեղյակ Աշոտը համացանցի և գրքերի միջոցով սկսեց ուսումնասիրել գյուղատնտեսությունը, մասնավորապես այգեգործությունը: Տնամերձը մաքրելով քարերից՝ փխրեցրեց հողը հումուսով, ձեռք բերեց տնկիներ, ու կարճ ժամանակ անց քարքարոտ հողատարածքը վերածվեց մատղաշ այգու: Նորաստեղծ այգում աշխատող Աշոտին չէին հուզում համագյուղացիների «խորհուրդները», թե «անիմաստ տանջանք է, հողն էլ՝ անորակ, միևնույն է, ոչինչ չի ստացվի»: Ու քանի որ համառությունը քար է ծակում, այս դեպքում էլ հողը երիտասարդ այգեգործներին պարգևատրեց արժանվույնս: Թեև բերքի առումով տարին առատ չէր, սակայն աշխատանքի արդյունքն ակնհայտ էր: Հաջորդ տարի տնկիների քանակն ավելացրին: Ամուսինները որոշեցին այգին անվանել «Աշոտի այգի»՝ ի պատիվ ինքնուս այգեգործ դարձած ինժեների:
Եսթերի խոսքով՝ թեև գյուղատնտեսությունը ռիսկային ոլորտ է, այնուհանդերձ յուրաքանչյուր ռիսկ պետք է հնարավորություն դարձնել: Այս սկզբունքով էլ ամուսիններն ընդլայնում ու որակապես բարելավում էին այգին:
Ընտանեկան հոգսերը՝ տնային գործերը, երեխաների խնամքն ու դաստիարակությունը, «ՇԵՆ» բարեգործական ՀԿ-ում որպես Շիրակի մարզային գրասենյակի պատասխանատուի բազմազբաղ աշխատանքը Եսթերին թույլ չէին տալիս ամեն վայրկյան աշխատել ամուսնու հետ: Սակայն, ինչպես ասում են՝ «գաղափարը՝ Եսթերից, աշխատանքը՝ Աշոտից» բանաձևը գործում էր անխափան:
- Երբ թև ու թիկունք ես ամուսնուդ, ապա արդյունքը տեսանելի է դառնում: Ես կարծում եմ՝ ամեն ինչ հնարավոր է, անհնարին ոչինչ չկա: Ճիշտ է, սկզբնական շրջանում ստացած բերքը բաժանում էինք ծանոթ-բարեկամներին, քանի որ պահելու համար սառնարան չկար, կարող էր փչանալ: Սակայն մեր գործունեությունն ավելի ընդլայնվեց ներկայումս Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ամենախոշոր ծրագրերից մեկի՝ «ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը (EU-GAIA) Հայաստանում» ծրագրի շնորհիվ»,- պատմում է Եսթերը:
Ծրագրի մասին ամուսիններն իմացան համացանցից, մասնակցության հայտ ներկայացրին, որով նախատեսված էր այգու ընդլայնումը, նաև նշված էր սառնարանի ու արևային մարտկոցի տեղադրման կարևորությունը։
Ծրագրի շահառու դառնալով Աշոտն ու Եսթերը ձեռնամուխ եղան այգու ընդլայնմանը: Այգում եղած 250 խնձորենուն ավելացան ևս 250-ը:
- Հողատարածքն ավելացավ, սակայն հարկադրված էինք ոռոգման ջրի համար հոր ստեղծել, քանի որ ծրագրով ոռոգման համակարգ կամ ջրի բաք չէինք նախատեսել: Մենք այսօր նաև հակակարկտային ցանցի կարիք ունենք, քանի որ երկրորդ տարին է, որ կարկուտը վնասում է բերքը: Անցյալ տարի 98%-ով վնասեց բերքը, նույնը մասամբ կրկնվեց այս տարի,- ասում է Աշոտը:
Երբեմնի «Աշոտի այգին» այսօր վաճառքի է հանում իր արտադրանքը «Արևայգի» ապրանքանիշով, սեփական ձևավորմամբ, տարբերանշանով, փաթեթավորմամբ, ինչը նույնպես EU-GAIA ծրագրի ձեռքբերումներից է։
2021 թվականին ծրագրի աջակցությամբ ձեռք բերվեցին սառնարան և արևային մարտկոց, ինչի կարիքն ամուսիններն այդքան ունեին: Ու թեև կարկտից վնասված բերքը չկարողացան ներկայացնել այդ տարի կազմակերպված գյուղմթերքի փառատոնին, այնուհանդերձ վստահ են, որ հաջորդ փառատոներին անպայման կմասնակցեն:
- Ծրագիրը խթան էր մեզ համար, արդյունքները դեռ նոր պետք է ստանանք: Քանի որ այգեգործությունը երկարաժամկետ գործունեություն է, ուստի մեկ-երկու տարում հնարավոր չէ շոշափելի արդյունքներ գրանցել: Դարձյալ նոր ծառեր ենք ավելացրել, որոնք այս տարի բերք չեն տա, հույս ունենք, որ արդեն կորուստ չենք ունենա: Անգամ երեխաներս են ոգևորված, այգում սիրով օգնում են հորը, որոշում, թե հաջորդ գարնանն ինչ աշխատանքներ են ձեռնարկելու այգում: Դա մեզ ուրախացնում է, քանի որ նրանց մեջ սեր է արթնացել հողի, այգեգործության, սեփական համայնքում մնալու, գյուղում ապրելու հանդեպ,- ասում է Եսթերը:
Աշոտի և Եսթերի համար ուրախալի և ոգևորիչ է նաև այն, որ իրենց օրինակը գյուղում վարակիչ է դարձել, նախկին թերահավատներն այսօր իրենք են ցանկանում խորհրդակցել Աշոտի հետ, փորձում են ստեղծել այգի, ոռոգման համակարգ, սեփական ուժերով ձեռք են բերում սառնարան: Աշոտն իր խորհուրդներով սիրով օգնում է համագյուղացիներին:
Սարատակ գյուղը գտնվում է Երևան-Գյումրի մայրուղուն մոտ, և այդ հանգամանքը նոր մտահղացման հիմք է սեփական այգու գովազդով զբաղվող Եսթերի համար: Նրա ապագա նախագծերից է Սարատակում ագրոտուրիզմի զարգացումը: Եսթերի համոզմամբ՝ տուրիզմի այս ձևը զբոսաշրջիկներին հնարավորություն է տալիս վայելելու էկոլոգիապես մաքուր սնունդ, ծանոթանալու գյուղական կյանքին, գյուղմթերքների մշակման և արտադրության գործընթացին: Մեկ այլ նախագծով Եսթերն ու Աշոտը մտադիր են հիմնել խնձորի հյութի, ջեմի, կոմպոտի արտադրություն, նույն՝ «Արևայգի» ապրանքանիշով:
- Մեր այգում մտադիր ենք հիմնել հանգստի վայր: Հյուրեր շատ ենք ունենում, մեզ մոտ համտեսում են գյուղմթերքներ, գյուղի բնակիչներից գնումներ են կատարում, ժամանակն ուրախ է անցնում: Ցանկանում ենք նման բիզնես հիմնել, մեր այգին կդառնա կայանատեղի, առաջնային օղակ զբոսաշրջիկների և գյուղական բնակչության միջև, գյուղը դրանից միայն կշահի: Իհարկե մեծ ջանքեր ու ժամանակ պահանջող ծրագիր է, սակայն առաջին քայլն արված է, կարևորն այն է, որ այգին արդեն կա, ագրոտուրիզմի համար տարածք էլ ունենք,- ասում է Եսթերը:
Նրա համոզմամբ, հաջողվում են այն գաղափարները, որոնք անկախ այս կամ այն աջակցությունից իրականացվում են հիմնականում աշխատասիրության, համառության շնորհիվ․
—Մեր ռեսուրսը հողն է ու նրա վրա ստեղծված այգին, որը հետագայում կընդարձակվի այլ մրգատու ծառերով: Հետո՝ ժամանակն ինքը կթելադրի հաջորդ քայլը, ու կծնվեն նոր գաղափարներ, որոնք էականորեն կբարելավեն մեր և, առհասարակ, համայնքի կյանքը,- համոզված է Եսթերը: