ԵՄ ծրագիրը հայ ձեռներեցին օգնում է գործարկել ծիրանի կորիզի աղի միջուկների արտադրություն

Հայաստան
ԵՄ ծրագիրը հայ ձեռներեցին օգնում է գործարկել ծիրանի կորիզի աղի միջուկների արտադրություն

Արդեն երեք տարի է, ինչ Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղից ձեռներեց Արամ Թովմասյանը տնային պայմաններում փորձարկում է ծիրանի կորիզի աղի միջուկների արտադրությունը: Ե՛վ այս ձեռնարկատիրական գաղափարը, և՛ արտադրանքը նոր են հայկական շուկայում, բայց արդեն մեծ հետաքրքրություն են առաջացրել:

Գործարարը մշակել է հատուկ տեխնոլոգիա, որը թույլ է տալիս արտադրել համեղ և աննման արտադրանք: Ծիրանի կորիզի աղի միջուկներն ունեն շատ հաճելի համ և կարող են օգտագործվել որպես թեթև առողջարար ուտեստ. այն հիանալի նախուտեստ կլինի գարեջրի սիրահարների համար և ունի արտահանման հնարավորություն:

Իր ձեռնարկատիրական կարողությունները զարգացնելու նպատակով՝ Արամ Թովմասյանն Արմավիր քաղաքում մասնակցեց «Հաջող սկիզբ» սկսնակ գործարարների ձեռներեցության աջակցության ծրագրին, որը կազմակերպվել էր Եվրամիության համաֆինանսավորմամբ իր EU4Business նախաձեռնության ներքո իրականացվող «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանում» ծրագրի շրջանակներում և իրագործվել էր Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) և գործընկեր կազմակերպությունների կողմից:

Ծրագրի արդյունքում Թովմասյանը զգալիորեն բարելավեց արտադրության պլանավորման իր գիտելիքներն ու հմտությունները: Ստացած ֆինանսական աջակցության շնորհիվ՝ նա կարողացավ փաթեթավորման սարքավորումներ և հումք գնել պատշաճ արտադրություն սկսելու համար:

Շուկա դուրս գալու հնարավորությունները մեծացնելու և շուկայում իր արտադրանքն առաջ մղելու նպատակով՝ Թովմասյանն օգտվեց նաև «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի տրամադրած մասնագիտացված խորհրդատվական ծառայություններից, ներառյալ ապրանքանիշի մշակումն ու ճանաչվածության բարձրացումը, փաթեթավորման ձևավորումը և վաճառքի կազմակերպումը:

Այժմ ընկերությունը շուկայում ներկայանում է ծրագրի շրջանակներում մշակված նոր, գրավիչ փաթեթավորմամբ «Արտին» ապրանքանիշով:

Այս տարի Արամ Թովմասյանը նախատեսում է շրջանառության ծավալները հասցնել մինչև 3 տոննայի: Ծրագրի արդյունքում արդեն իսկ ստեղծվել է մեկ նոր կայուն աշխատատեղ:

 

“Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» Եվրամիության ֆինանսավորմամբ իր EU4Business նախաձեռնության շրջանակներում իրականացվող ծրագիր է: Ծրագիրն ուղղված է տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության աճին և զբաղվածության հնարավորությունների ստեղծմանը ՀՀ Լոռու, Սյունիքի և Արմավիրի մարզերում՝ կենտրոնանալով սննդի արդյունաբերության և զբոսաշրջության ոլորտների վրա: Այն խթանում է ձեռներեցության զարգացումը՝ նպաստավոր պայմաններ ստեղծելով ստարտափների համար և ուժեղացնելով տեղական ՓՄՁ-ների կարողությունները, միաժամանակ նաև համապատասխան հմտություններ տալով աշխատանք փնտրողներին

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները