Չրարտադրությունը նոր շունչ է հաղորդում հնագույն Երվանդաշատին «ԵՄ-ն բիզնեսի համար» ծրագրի շրջանակում

Հայաստան
Չրարտադրությունը նոր շունչ է հաղորդում հնագույն Երվանդաշատին «ԵՄ-ն բիզնեսի համար» ծրագրի շրջանակում

«Սաթենի» ընկերության զարգացմանը նպաստել է նաև «Առևտրի համար պատրաստ ծրագիրը», որի շրջանակում ստեղծվել է նոր ապրանքատեսականու համար բրենդինգ և փաթեթավորում:

Մանկավարժությունից չրարտադրություն։ Արկադի Խաչիկյանի համար սա ավելին էր, քան կարիերայի կտրուկ փոփոխություն։ Համալսարանն ավարտելուց հետո Արկադին որոշեց Երևանից տեղափոխվել հինավուրց Երվանդաշատ, որտեղ իր ընտանիքն արդեն երկար տարիներ չրարտադրությամբ էր զբաղվում։ Գյուղը գտնվում է Թուրքիայի սահմանին՝ Արաքս գետի ափին, որտեղ լայնարձակ բերքատու այգիներ են։ Այստեղ՝ Երվանդ թագավորի որսորդական պալատում, պեղումների ժամանակ հայտնաբերվել են Հայաստանում պատրաստված թերևս ամենահին չրերը։ Գյուղատնտեսության հանդեպ անսահման սերն ու սերնդեսերունդ փոխանցված արժեքավոր գիտելիքները չրարտադրության մասին ոգեշնչեցին Արկադիին բազմաթիվ նոր պտղատու այգիներ տնկել, երբ գյուղի մյուս բնակիչները ոչնչացնում էին եղածները՝ կարտոֆիլ և այլ բանջարեղեն ցանելու համար։ Շատ չանցած՝ նա հիմնադրեց «Սաթենի» ընկերությունը, որը նոր աշխատատեղեր ստեղծեց գյուղում, իսկ ամռան ամիսներին՝ նաև այլ մարզերի բնակիչների համար։ Ոգեշնչված Երվանդաշատի դարավոր պատմությունից` ընկերության ապրանքանիշը ներկայացնում էր գյուղի բացառիկ պատմությունը՝ բնութագրելով այն որպես չրարտադրության օրրան։  

Տարիների հետ ընկերությունն ընդլայնեց արտադրության ծավալը և կարողացավ «Սաթենի» ապրանքանիշի ներքո չրեր արտահանել աշխարհի տարբեր երկրներ՝ այդ թվում Ռուսաստան, ԱՄՆ և Լեհաստան։ Ընկերության զարգացմանը նպաստել է նաև «Առևտրի համար պատրաստ ծրագիրը», որի շրջանակում ստեղծվել է նոր ապրանքատեսականու համար բրենդինգ և փաթեթավորում, ինչպես նաև գործընկերային հարաբերություններ են հաստատվել առաջատար եվրոպական ցուցահանդեսների և ուսումնական այցի ժամանակ։ Ծրագիրն իրականացնում է Միջազգային առևտրի կենտրոնը Եվրոպական միության աջակցութությամբ «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության շրջանակում։

«Մեր անցած ճանապարհին ունեցել ենք բազմաթիվ վերելքներ ու վայրէջքներ։ Բիզնեսը սկսել ենք 300 կգ չրի արտադրությամբ, իսկ հիմա տարեկան մի քանի տոննա չիր ենք արտադրում»,- նշում է Արկադին։

«2020-ը մարտահրավերներով լի էր բազմաթիվ արտադրողների, այդ թվում և մեզ համար։ «Առևտրի համար պատրաստ» ծրագիրն աջակցում է մեզ պանդեմիայով պայմանավորված դժվարությունների հաղթահարման գործում։ 2020-ի սկզբին Հարավաֆրիկյան Հանրապետություն կատարած ուսումնական այցը ոգեշնչեց մեզ  չրից զատ արտադրել նաև այլ չրային պրոդուկտներ։ Արտադրանքը դիվերսիֆիկացնելու և եկամտի նոր աղբյուր ստեղծելու համար՝ արդեն սկսել ենք չրային կոնֆետներ արտադրել՝ օգտագործելով ապրանքային տեսք չունեցող չիր։ Այս կոնֆետները հարմար են թե ներքին, և թե արտաքին սպառման համար»,- նշում է Արկադին։

«Սաթենի» ընկերության նոր ապրանքատեսականին շուտով մուտք կգործի շուկա՝ «Առևտրի համար պատրաստ» ծրագրի շրջանակում մշակված համարձակ բրենդով ու փաթեթավորմամբ։ Այն կօգնի ընկերությանը հաղթահարել պանդեմիայով պայմանավորված տնտեսական մարտահրավերները՝ ներկայացնելով տարբերվող այս չրային արտադրանքը որպես առողջարար, էներգետիկ սնունդ, որը գրավիչ կլինի հատկապես երիտասարդ սերնդի համար։ 

Այսօր Երվանդաշատը Հայաստանի ամենաբարեկեցիկ գյուղերից է, որի զարգացման գործում «Սաթենի»-ն իր ուրույն դերն ունի։ Ընկերությունը հաստատուն քայլերով շարժվում է դեպի առաջ՝ չրարտադրության միջոցով նպաստելով Երվանդաշատի հետագա զարգացմանը։

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները