ԵՄ աջակցությամբ իրականացվող «Դիտարան» նախագծի շնորհիվ Հայաստանի Դիլիջան քաղաքը զբոսաշրջային քարտեզի վրա է հայտնվում

Հայաստան
ԵՄ աջակցությամբ իրականացվող «Դիտարան» նախագծի շնորհիվ Հայաստանի Դիլիջան քաղաքը զբոսաշրջային քարտեզի վրա է հայտնվում

Աշխարհահռչակ իմերսիվ [ներկայության պատրանք ստեղծող] շոուներով և հայկական արվեստի գլուխգործոցների եզակի մուլտիմեդիաներով գմբեթանման վրանի տեսքով Դիտարանը նոր ու հուզառատ մուլտիմեդիա փորձ է փոխանցում Հայաստանի հյուսիս-արևելքում գտնվող Դիլիջան քաղաքի բնակիչներին և այցելուներին:

Մոտ մեկ տարի առաջ Դիլիջանի 35-ամյա բնակչուհի Հեղինե Հարությունյանը կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում որպես բակալավր ստացած իր հմտություններն օգտագործել է Դիտարանի ստեղծման համար։

«Դիտարանի գաղափարը առաջացել է նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ Հայաստան այցելությունը գրավիչ փորձառության վերածելու ցանկությունից», - ասում է Հարությունյանը: «Այդ գաղափարը կյանքի կոչվեց մեկ տարվա քրտնաջան աշխատանքով, արդյունքը՝ Հայաստանում և տարածաշրջանում առաջին բարձրորակ՝ 4K, 360 աստիճանով իրականության պատրանք ստեղծող գմբեթանման վրանն է»:

Տեխնոլոգիապես զարգացած

«Դիտարանի շնորհիվ Դիլիջանը տեխնոլոգիական նորագույն առաջընթացի օրրան է դառնում և համաշխարհային մակարդակի մուլտիմեդիա բովանդակություն ստեղծող», - հավելում է Հարությունյանը։ Նա այժմ աշխատում է Դիտարանում ու օգտագործում է այն գիտելիքները, որոնք ձեռք է բերում գրքերի և առցանց դասընթացների միջոցով, որպեսզի ավելի շատ բովանդակություն ստեղծի իր նախագծի համար:

Շահագործման վաղ փուլում գտնվող Դիտարանի 10 հոգանոց նորաստեղծ թիմը ավարտել է ընդհանուր տեխնիկական և գործառնական կարգավորումներն, ինչպես նաև կարողացել է ստեղծել բեկումնային բովանդակություն՝ այցելուներին գրավելու համար:

Ներկայում գմբեթանման վրանը Հայաստանում առաջին անգամ ցուցադրում է աշխարհահռչակ երկու շոու՝ «Մենք աստղեր ենք» և «Թռչող հրեշներ»: «Մենք աստղերն ենք» շոուն ներկայացնում է տիեզերական քիմիայի գաղտնիքները, պայթյունից տիեզերքի առաջացման սկիզբը և երկրի մոլորակի վրա կյանքի առնչությունը տիեզերքի էվոլյուցիայի հետ: National Geographic-ի «Թռչող հրեշները» ֆիլմում հայտնի բնագետ Դեյվիդ Աթենբորոն բացատրում է դինոզավրերի վերելքն ու անկումը։

Ֆիլմերը կրկնօրինակել են հայտնի հայ դերասաններ, ինչի շնորհիվ հայ հանդիսատեսն առաջին անգամ կկարողանա վայելել այդ շոուները մայրենի լեզվով:

«Պատրաստել ենք նաև «Պատկերք» անվանումով նոր իմերսիվ շոու»,- հպարտությամբ նշում է Հարությունյանը։ «Սա յուրօրինակ մուլտիմեդիա շոու է, որը ներկայացնում է հայ արվեստի գլուխգործոցները՝ միջնադարյան ձեռագրերից և որմնանկարներից մինչև աշխարհահռչակ նկարիչ Իվան Այվազովսկու և ժամանակակից հայ գեղանկարչական դպրոցի հիմնադիր Մարտիրոս Սարյանի աշխատանքները»։

Բեկումնային աջակցություն

Դիտարանի ստեղծողները հուսով են, որ իրենց նախագիծը սիրված կլինի թե՛ զբոսաշրջիկների, թե՛ տեղացիների շրջանում՝ դառնալով մի վայր, որտեղ նրանք կարող են մշակույթի, արվեստի, գիտության և շատ այլ հետաքրքիր թեմաներով տպավորիչ ներկայացումներ վայելել և որը կծառայի որպես համագործակցության հարթակ տարբեր ոլորտների մարդկանց, համայնքի զարգացման համար։

Դիտարանը կառուցելու գաղափարը ծնվել, և նախագիծը մշակվել է 2021 թվականի սկզբին: Ծրագրի նախաձեռնողները դիմել են ԵՄ ֆինանսական աջակցության համար «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության միջոցով, և դրամաշնորհը հաստատվել է 2021 թվականի նոյեմբերին:

«Անցած տարվա նոյեմբերից ի վեր լայնածավալ աշխատանք է տարվել՝ տեղադրել ենք գմբեթանման վրանների մոդուլները և ապահովել տեխնիկական բարձրակարգ հագեցվածություն», - ասում է Հարությունյանը: «ԵՄ դրամաշնորհային աջակցությունը հիմնականում օգտագործվել է կապիտալ ծախսերի, մասնավորապես՝ վրանային մոդուլների տեղադրման և տեխնիկական ապահովման համար, դրանց տեխնիկական գործարկումը տեղի է ունեցել 2022 թվականի հուլիսին, իսկ բացման պաշտոնական արարողությունը՝ սեպտեմբերի 29-ին»։

Դիտարանը մեկն է այն նախագծերից, որ աջակցություն է ստացել «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրից։ Դրա ընդհանուր նպատակը զբոսաշրջության և նորարարության ոլորտներում հավասարակշռված և ներառական աճ ապահովելն է: Ծրագիրը համագործակցում է Հայաստանի հյուսիսային շրջանների զբոսաշրջային նորարար ձեռնարկությունների հետ՝ աջակցելով բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտի ձեռներեցներին, կազմակերպելով գիտելիքի միջազգային փոխանակումներ բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետազոտողների համար ինչպես նաև ուսանողների և հանրության շրջանում խթանելով բիզնես մշակույթը:

Ավելի քան 150 ձեռնարկություններ արդեն ստացել են աջակցություն ծրագրի շրջանակում, որն օգնել է պահպանել կամ ստեղծել ընդհանուր առմամբ 400 աշխատատեղ և ուսուցանել ավելի քան 1000 անհատների:

Դրական ազդեցություն

«Տեխնոլոգիաների շնորհիվ մեր այցելուները կարողանում են ամբողջությամբ խորասուզվել շոուների իրականություն՝ ճանապարհորդելով ժամանակի և տարածության մեջ»,- ասում է Հարությունյանը։

Նա նաև հպարտությամբ նշում է, որ համայնքի ներգրավվածությունը Դիտարանի տեսլականի հիմքում է, իսկ տեղական աշխատատեղերի ստեղծումը և աջակցությունը փոքր ձեռնարկություններին նախագծի սոցիալ-տնտեսական դրական ազդեցություններից միայն մի քանիսն են: Ծրագրի անմիջական ազդեցությունը տեղական տնտեսության վրա եղել է 10-ից ավելի ժամանակավոր աշխատատեղ շինարարության փուլում, 10 մշտական ​​տեղական աշխատատեղ Դիտարանի աշխատակազմում, և 20-ից ավելի փոքր ձեռնարկությունների ստեղծումը և/կամ դրանց աջակցության տրամադրումը Դիտարանի կամ հարակից գործունեության միջոցով:

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները