Ծիրանն ամենահայտնի հայկական միրգն է` փայփայված ազգային խորհրդանիշը և երկրի համար արտահանվող առանցքային գյուղատնտեսական ապրանքը: Բերքահավաքի սեզոնը սկսվում է հունիսին, երբ ամբողջ տարածաշրջանում ծառերը ճայթում են փարթամ ու անուշահամ մրգերից: Հունիսը զբաղված ամիս է նաև մատակարարման շղթայում ընդգրկված բոլոր ընկերությունների համար։
Բավականին երկար ժամանակ է, ինչ «Լաբորա պլաստը» գյուղատնտեսության ոլորտում գործարարությամբ է զբաղվում․ այն ներմուծում է սառցարաններ և սառնարաններ՝ գյուղատնտեսական արտադրանքը, այդ թվում և ծիրանը՝ թարմ և հյութալի վիճակում պահելու համար։ Վերջերս, նկատելով մատակարարման շղթայում առկա բացը, ընկերությունը որոշեց լրացնել այն՝ արտադրելով գյուղատնտեսական արտադրանքի արտահանման մեջ գործածվող արկղեր։
Եվրոպական միությունը (ԵՄ), «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնությանը ՎԶԵԲ վարկային գծով իր մասնակցությունն ապահովելով, և ԱրմՍվիսբանկն ընկերության համար դարձան հուսալի գործընկերներ՝ օգնելով ընկերությանը տեխնոլոգիաներում ներդրում կատարելու իր հավակնություններն իրականություն դարձնել «ԵՄ-ն բիզնեսի համար»-ՎԶԵԲ վարկային գծի շրջանակներում։
«Թե’ ծրագիրը, թե’ ներդրումը բավականին շահավետ էին մեր ընկերության համար․ նոր սարքավորումը թույլ է տալիս մինչև 40 տոկոսով խնայել էներգետիկ ծախսերը: Միևնույն ժամանակ, մենք կարող ենք արտադրել կրկնակի շատ արկղ և նպաստել Հայաստանի արտահանման ծավալների մեծացմանը»,- ասում է ընկերության տնօրեն Արվին Նազարյանը։
ՎԶԵԲ-ի միջոցով ԵՄ-ն ընկերություններին առաջարկում է վարկեր՝ արտադրությունը ԵՄ չափանիշներին համապատասխանեցնելու միջոցով արտադրությունն արդիականացնելու համար: Այս վարկերը տրամադրվում են տեղական այնպիսի գործընկեր ֆինանսական հաստատությունների միջոցով, ինչպիսին է ԱրմՍվիսբանկը: Միևնույն ժամանակ, այս վարկային աջակցությունը զուգորդվում է ԵՄ-ի կողմից՝ «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության շրջանակներում տրամադրվող դրամաշնորհների և տեխնիկական աջակցության հետ։
«Հիստոջեն» պաթոլոգիայի հայ-գերմանական գիտագործնական կենտրոնը «ԵՄ-ն բիզնեսի համար» - ՎԶԵԲ վարկային գծի հայաստանյան ևս մի շահառու է:
Արդյունավետ բուժումը սկսվում է ճշգրիտ ախտորոշումից, սա է Երևանում գործող կենտրոնի կարգախոսը։ «Մենք ապահովում ենք ամենաճշգրիտ, հուսալի պաթոմորֆոլոգիական ախտորոշումը՝ ժամանակակից բժշկական պահանջներին համահունչ և մեր բարձրակարգ մասնագետների թիմի օգնությամբ»,- ասում է կենտրոնի փոխտնօրեն Ռուզաննա Քոչարյանը։
2017 թվականին կենտրոնի բացումից ի վեր, «Հիստոջեն»-ի թիմի նպատակն է տեղացի բնակչությանը մատուցել ամենաբարձրորակ, արագ, ֆինանսապես և ֆիզիկապես մատչելի ծառայությունները:
«Ժամանկը խիստ կարևոր է, հատկապես, երբ խոսքը գնում է լուրջ հիվանդությունների մասին, և որքան ավելի արագ է ախտորոշում կատարվում, այնքան ավելի վաղ է հնարավոր սկսել բուժումը։ Իսկ մեր գործընկերների աջակցությամբ ձեռք բերված սկաները միանշանակ օգնում է մեզ թեստերի արդյունքներն ուղարկել արտերկրի մեր գործընկերներին և ավելի մեծ թվով բժշկական կարծիքներ ստանալ՝ նպատակ ունենալով գտնել ճիշտ բուժումը»,- նշում է Ռուզաննան։
Նոր ձեռք բերված սկաները թույլ է տալիս փոխանցել բժշկական զգայուն տվյալներ՝ բարձր արագությամբ և որակով՝ հեռավար կարգով երկրորդ անգամ վերլուծության և ախտորոշման նպատակով: Ավելին, սկաները թույլ է տալիս «Հիստոջեն» -ին ավելի ակտիվորեն ներգրավվել գիտական հետազոտություններում և նպաստել ընթացիկ ուսումնասիրություններին:
Սա հատկապես կարևոր է Ռուզաննայի կենտրոնի դեպքում, որը հիմք է հանդիսանում Հայկական բժշկական ինստիտուտի համար, որտեղ երիտասարդ բժիշկները ձեռք են բերում գիտելիքներ և գործնական հմտություններ պաթոլոգիայի ոլորտում:
Մինչ օրս հայաստանյան ավելի քան 13 ընկերություն օգտվել է «ԵՄ-ն բիզնեսի համար» - ՎԶԵԲ վարկային գծից, և դրանց թիվը գնալով աճում է: Այս ծրագիրն իրականացվում է նաև Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում։