«ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնությունն աջակցում է հայկական եզակի ստարտափին հաճախորդների բազան ընդլայնելու գործում

Հայաստան
«ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնությունն աջակցում է հայկական եզակի ստարտափին հաճախորդների բազան ընդլայնելու գործում

Մերօրյա աշխարհում անհնարին ոչինչ չկա։ Մինչ Instagram-ը գրաֆիկ-դիզայներներին, անիմատորներին և լուսանկարիչներին հնարավորություն է տալիս ստեղծել և ներկայացնել ցանկացած տեսակի վիզուալ արվեստ, իսկ TikТok-ը պարողներին և դերասաններին հնարավորություն է տալիս ցուցադրել իրենց տաղանդը, doodooc-ը երաժշտություն ստեղծողներին հնարավորություն է տալիս պատկերներով հարստացնել իրենց երաժշտությունը և տեսանելի լինել պատկերների վրա հիմնված հարթակներում՝ Youtube, TikТok, Instagram և այլն:

COVID-ով պայմանավորված առաջընթաց

doodooc-ի տեխնիկական թիմը վերջերս է վերադարձել Քաթարից, որտեղ աշխատում էին սպորտային խոշոր իրադարձության շրջանակում: Իսկ մինչ doodooc-ի ստեղծումը, դրա հիմնադիր թիմի անդամները տասնյակ միջոցառումներ են կազմակերպել տեսողական, հոլոգրաֆիկ, ինչպես նաև 3D քարտեզագրման նախագծերով ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակում:

«Քանի որ COVID-19 համավարակի բռնկումը մի շարք սահմանափակումներ առաջացրեց միջոցառումների կազմակերպման և զվարճանքի համար ամբողջ աշխարհում, մենք որոշեցինք ստեղծել առցանց հարթակ, որը երաժշտություն ստեղծողներին հնարավորություն կտա ստեղծել իրենց երաժշտության համար ձայնային հնչյուններին համապատասխան պատկերներ՝ առանց մասնագիտական կարողությունների», - նշում է 35-ամյա Կառլեն Մադոյանը, doodooc-ի գործադիր տնօրենն և համահիմնադիրը:

Ֆիզիկայի ոլորտում բնական գիտությունների թեկնածու, և արշավների, ձկնորսության, վոլեյբոլի սիրահար Կառլենը և նրա ընկերները չէին կարող չնկատել, որ պատկերների վրա հիմնված սոցիալական մեդիա հարթակների անընդհատ աճող պոպուլյարությունը դրանք բոլոր ոլորտների արվեստագետների համար դարձնում է հիմնական գովազդային հարթակներ։ Մեկ տարվա կոլեկտիվ ջանքերն ավարտվեցին առաջին տարբերակի թողարկմամբ։

«2021 թվականի մայիսի 1-ին թողարկվել է կայքի դեմո տարբերակը։ Օգոստոսին մշակվել է բետա տարբերակը, իսկ նոյեմբերին՝ վերջնական տարբերակը։ Կայքը վերջին անգամ թարմացվել է 2022 թվականի մայիսին»,- ասում է Կառլենը՝ հավելելով, որ doodooc-ը զարգացման փուլում էր, երբ իմացան ֆինանսավորման հնարավորության մասին:

«Մենք շատ ծրագրեր ունեինք իրականացնելու, բայց միջոցների պակաս ունեինք, ուստի այդ հնարավորությունը ճիշտ ժամանակին էր»:

ԵՄ աջակցության ավելացված արժեքը

doodooc-ը դիմել է «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրին 2022 թվականի սեպտեմբերին և ստացել է 10,000 եվրո՝ կայքի որոշ առանձնահատկություններ բարելավելու, մարքեթինգային ռազմավարություն և մարտավարություն մշակելու և վաճառք խթանելու:

«Ֆինանսավորումը մեզ թույլ տվեց ներգրավել թիմի նոր անդամներ, ինչն օգնում է ավելի արագ զարգանալ՝ աշխատանքի ենք ընդունել մարքեթինգի երկու փորձագետի և ներգրավել SEO-ի (որոնողական համակարգի օպտիմալացում) ծառայություն: ԵՄ-ի աջակցության շնորհիվ նախատեսում ենք ավելացնել մարքեթինգային բյուջեն ոչ միայն գովազդի միջոցով, այլ նաև ձեռք բերելով տարբեր գործիքներ, որոնք մեր աշխատանքն արդյունավետ և ժամանակ խնայող կդարձնեն, օրինակ, էլփոստային մարքեթինգը, բովանդակության ստեղծումը, ավտոմատացնող հավելվածները և բլոգերը», - բացատրում է Կառլենը՝ հավելելով, որ ներդրումը հնարավորություն է տվել դիվերսիֆիկացնել մարքեթինգային ուղիները, կենտրոնանալ օգտատերերի աճի վրա և ավելացնել կայքի թրաֆիկը։

Սերժ Թանկյան ու ավելին

Կառլենի ոգևորությունը doodooc-ով անսահման է, քանի որ վստահ է՝ իրենց ստեղծած գործիքը ծախսարդյունավետ այլընտրանք է երաժշտական տեսահոլովակների համար։ doodooc.com-ի բոլոր ձևանմուշները ստեղծվում են կոդով և աշխատում են մաթեմատիկական բանաձևերի և ալգորիթմների հիման վրա, ինչը ապահովում է երաժշտության ավելի ճշգրիտ արտացոլումը պատկերների միջոցով: Ավելի կարևոր է, որ doodooc-ն օգտագործում է արհեստական բանականություն երաժշտությունը հնարավորինս մանրամասն վերլուծելու համար:

2022 թվականին նրանք հաջողել են մի քանի B2B նախագիծ, այդ թվում՝ համագործակցությունը հայտնի ռոք արտիստ Սերժ Թանկյանի հետ․ doodooc-ը Թանկյանի նոր ալբոմի համար պատրաստել է 5 անհատական անիմացիա:

Օգտատերերի հետ հետևողական հաղորդակցության և անմիջական դիտարկումների միջոցով Մադոյանի թիմը նկատել է, որ մարդիկ հակված են կիրառել փոփոխության հնարավորություն տվող գործիքներ: «Մենք որոշեցինք գործարկել երաժշտական ալբոմների առանձին վիզուալիզացիաներ, որտեղ օգտատերերը կարող են պատկերներ և տեքստեր ավելացնել վիզուալներին», - ասում է Կառլենը: «Առաջիկայում մեկնարկելիք մեր նախագծերից մեկը նոր գործիք է ավելացնելու կայքում, որը «Երաժշտական ալբոմ» վիզուալիզացիան է»:

***

«ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը Հայաստանում շարունակվում է։ Ծրագրի ընդհանուր նպատակը զբոսաշրջության և նորարարության ոլորտներում հավասարակշռված և ներառական աճ ապահովելն է: Այն համագործակցում է Հայաստանի հյուսիսային շրջանների զբոսաշրջային նորարար ձեռնարկությունների հետ՝ աջակցելով բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտի ձեռներեցներին, կազմակերպելով գիտելիքի միջազգային փոխանակումներ բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետազոտողների համար ինչպես նաև ուսանողների և հանրության շրջանում խթանելով բիզնես մշակույթը:

Ավելի քան 150 ձեռնարկություններ արդեն ստացել են աջակցություն ծրագրի շրջանակում, որն օգնել է պահպանել կամ ստեղծել ընդհանուր առմամբ 400 աշխատատեղ և ուսուցանել ավելի քան 1000 անհատների:

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները