Մեկ տասնամյակ էլ չպահանջվեց, որ Միրա Տրանսը երիտասարդի երազանքից վերածվի անթերի
հեղինակություն ունեցող կայացած տրանսպորտային ընկերության։ «Համալսարանն ավարտելուց
անմիջապես հետո իմ առաջին աշխատանքը լոգիստիկ ընկերությունում էր», - վերհիշում է երեսունը
վերջերս բոլորած Աշոտ Միրաքյանը։ «Այդտեղ էր, որ տոգորվեցի այս ոլորտի հանդեպ ոգևորությամբ և մեծ
հետաքրքրությամբ»։
2011թ․ Աշոտը որոշեց առանձնանալ և հանդես գալ ինքնուրույն․ «Գուցե այդ ժամանակ ես փոքր-ինչ
միամիտ էի, բայց զգում էի, որ ընդամենը մի դյուրակիր համակարգիչ, հեռախոս և վճռականություն է
անհրաժեշտ»։
Հազիվ մեկ տարի չանցած՝ նա պարզեց, որ ընտրության առաջ է կանգնած։ Նա կարող էր կա՛մ պարզապես
շարունակել ծառայություններ մատուցել հաճախորդներին՝ որպես միջնորդ՝ իր ընկերությունում սեփական
լոգիստիկ վարչություն չունենալով, կա՛մ հենց ինքը կարող էր մուտք գործել բեռնափոխադրման բիզնեսի
ոլորտ։ Աշոտն ընտրեց երկրորդ տարբերակը։ Որոշ խնայողություններ ուներ, սակայն այդքանը բավական
չէր։ Այսպիսով, բիզնես պլանը ձեռքին՝ նա եկավ Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական
հիմնադրամի (ՀԵԵՀ) գործընկեր ԱԿԲԱ բանկ՝ «ԵՄ-ն բիզնեսի համար» ծրագրի հովանու ներքո ԵՄ-ի
աջակցությամբ իր առաջին վարկի համար դիմելու։ ԱԿԲԱ բանկը Հայաստանում գերփոքր և փոքր
ձեռնարկություններին ֆինանսական ծառայություններ մատուցող առաջատար հաստատություններից է, և
Միրաքյանը հույս ուներ, որ իր գործը կհայտնվի լավ ձեռքերում։
Աշոտը չէր սխալվել․ «ԱԿԲԱ բանկը հասկացավ աճող բիզնեսի դժվարությունները և կարողացավ ինձ
ճանապարհի յուրաքանչյուր քայլին վերաբերելի և իմ կարիքներին համապատասխանեցված ֆինանսավորում
առաջարկել», - վերհիշում է Միրաքյանը։ «Լոգիստիկան դժվար ոլորտ է։ Մարտահրավերներն, իհարկե,
կարող են այս ոլորտը գրավիչ դարձնել, բայց հարկ է հաշվի առնել, օրինակ՝ վառելիքի գների
փոփոխությունները, սպառողական գների ինդեքսը, արտադրության ոլորտի զարգացումը և կարևորել այդ
բոլոր արտաքին գործոնները՝ չսահմանափակվելով պարզապես սարքավորումներ գնելով։ Վարկային
տարբեր պրոդուկտներն ինձ օգնել են տարիներ շարունակ այս գործոնների բազմազանության մեջ
հաջողությամբ նավարկելու համար»։ Այսօր, տասը տարի անց և մի քանի այլ վարկեր վերցնելուց հետո,
Միրա Տրանսը երկու աշխատակից ունեցող ընկերությունից վերածվել է 30 աշխատակից ունեցող
ընկերության․ այն ծառայում է արտահանողներին և ներկրողներին, որոնցից մի քանիսը Երևանում
գլխամասային գրասենյակ ունեցող առաջնակարգ ընկերություններ են։
Ճանապարհը միշտ չէ, որ հարթ է եղել․ քաղաքական անկայությունը, կառավարության կողմից սահմանվող
կարգավորումների փոփոխությունները և գնաճը Միրաքյանի առջև տարիների ընթացքում ծառացած
մարտահրավերներից մի քանիսն են միայն։ Բայց Աշոտ Միրաքյանը գենետիկորեն է հակված դասեր քաղել
առկա խոչընդոտներից՝ այնուհետ ավելի ուժեղանալու համար։
«Ճիշտ մարդկանց և գործընկերների հետ համագործակցությունն, իհարկե, առանցքային է, բայց կողքիդ
ճիշտ ֆինանսական գործընկեր ունենալը քեզ ուղղակի ավելի դիմակայուն է դարձնում», - ասում է նա։ -
«Արդյունաբերության այս ճյուղում շուկաները դինամիկ են․ մատակարարման շղթաները երկարել են և
բարդացել, և այնուամենայնիվ, հաճախորդներն էլ ավելի արագ ու սահուն առաքում են ակնկալում։
Օրինակ՝ ավտոմատացնող ծրագրերի նման նոր և նորարար տեխնոլոգիաներում ներդրումները
հնարավորություն են տվել մեզ հարմարվել և շարունակաբար գերազանցել մեր հաճախորդների
ակնկալիքները»։
Միրաքյանը շարունակում է․ «Այս փորձն, անշուշտ, օգնել է մեզ հաղթահարել COVID-19-ի հետ
կապված իրավիճակը։ Բիզնեսը հեշտ չի եղել մեր հաճախորդներից շատերի համար, և դա, իհարկե, բարդ
ճյուղավորումներ է ունեցել մատակարարման ողջ շղթայով մեկ։ Բայց մենք իրացնում ենք մեր՝ նորարար
լինելու և նոր իրադարություններ որոնելու կարողությունը։ ԱԿԲԱ բանկից ճկուն ֆինանսավորումն
իսկապես օգտակար է եղել մեզ համար։ Վարկի վճարման նոր մեխանիզմները և ֆինանսական
պրոդուկտները մեզ հնարավորություն են տվել ապահովել մեր դրամական հոսքերի կայունությունը, այնինչ
մենք ներդրումներ ենք անում նոր ուսումնական ծրագրերում և սարքավորումներում»։
«Կարծում եմ, որ այս ջանքերը հետագայում նույնիսկ էլ ավելի կամրապնդեն մեր դիրքերը», - նշում է նա։
- «Երբ համաշխարհային իրավիճակը բարելավվի, իսկ բեռնափոխադրումները վերադառնան նախկին
մակարդակներին, մենք էլ կդառնանք էլ ավելի ուժեղ, ճկուն ու նախկինի համեմատությամբ ավելի արագ
կզարգանանք»։