You are using an outdated browser. Please upgrade your browser to improve your experience.
ՍԿԻԶԲ

Հայաստանի մշակութային մայրաքաղաք Գյումրիում արվեստը, ուսումն ու գիտությունը բարձրագույն արժեքներ են տեղացիների համար, իսկ քաղաքն ինքնին՝ ապրելու և գլուխգործոցներ ստեղծելու վայր: Գյումրին ու այնտեղ գործունեություն ծավալող փոքր ձեռնարկությունները միանգամից զգացին covid-19 համավարակի ազդեցությունը։ Ձեռագործ փայտե արևային ակնոցների հայ արտադրող Twinz-ը բացառություն չէր:

2014թ․-ին հիմնադրված և էկոլոգիապես մաքուր գործելաոճ որդեգրած արհեստանոցն Երկիր մոլորակը ավելի կանաչ տեսնելու գաղափարի ջատագով է։ Անցյալ տարի համավարակի պատճառով վաճառքները խիստ նվազեցին։ «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության աջակցությամբ Twinz-ը ոչ միայն կարողացավ ստեղծել կայք և առցանց վաճառքներ իրականացնել, այլև մշակել լրացված իրականության՝ AR լուծումներ։ Այս մոտեցման շնորհիվ նրանք կարողացան առցանց թեստավորումներ անել ու լսողության համակարգով «խելացի» արևային ակնոցներ ստեղծել:

Մեծ ծրագրերը բախվեցին համավարակին

Տարիների փորձարկումներից և նախատիպերի մշակումից հետո էնտուզիաստ Բաբկեն և Դավիթ Խաչատրյան եղբայրները (երկվորյակ չեն) 2014թ․-ին հիմնեցին Twinz դիզայներական արհեստանոցը, որն արտադրում է ձեռագործ փայտե արևային ակնոցներ և աչքերի համար նախատեսված այլ պարագաներ։ Ընկերության տնօրեն, 35-ամյա Բաբկեն Խաչատրյանը մասնագիտությամբ դիզայներ է՝ շվեյցարական ժամագործական ընկերությունում աշխատանքի երկարամյա փորձով: Դավիթը Twinz-ի արտադրության ղեկավարն է։

«Մենք ինքնուրույն փոքր ներդրումներով փոքր քայլերով առաջ էինք շարժվում,- նշում է Բաբկենը։ - Մի շարք փորձերի միջոցով մենք կարողացանք զարգացնել մեր սեփական հայեցակարգը և տեխնոլոգիան, իսկ հաջողության համար պարտական ​​ենք Twinz թիմի նվիրումին և քրտնաջան աշխատանքին»:

Յուրաքանչյուր Twinz ակնոց անհատական է, ձեռագործ, փորձարկված և փաթեթավորված: Twinz-ն օգտագործում է էկոլոգիապես մաքուր փայտ, մետաղ և այլ նյութեր, որոնք շրջանակները դարձնում են ամուր և ճկուն, պաշտպանում դրանք դեֆորմացիայից, խոնավությունից և արևից: Բացի այդ, Twinz ակնոցներն ապահովում են 100%-անոց պաշտպանություն ուլտրամանուշակագույն ճառագայթներից:

Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գյումրիում միաժամանակ գործարկվեցին Twinz-ի առաջին վինտաժ արհեստանոցն ու խանութը, ինչը ի սկզբանե հետաքրքիր հայեցակարգ էր․ պոտենցիալ գնորդները ոչ միայն կարող էին փորձել և գնել Twinz ակնոցներ, այլև հետևել արտադրության գործընթացին:

«Հենց համավարակից առաջ Twinz-ը բավական լուրջ հաջողություններ էր արձանագրում, -  հիշում է Twinz-ի տնօրենը: - Մենք ներդրումներ կատարեցինք բիզնես վարկի հիման վրա և պատրաստվում էինք դուրս գալ եվրոպական շուկա։ Մեր թիմը պատրաստվում էր մասնակցել ակնոցների ամենամեծ միջազգային շոուին՝ MIDO-ին»։

Բայց Խաչատրյանները այդպես էլ չհասան Միլան. ցուցահանդեսը հետաձգվեց համավարակի պատճառով։ Նրանց ծրագրերը փլուզվեցին, եղբայրների բիզնեսի վրա բացասական ազդեցությունն ակնթարթային էր։ «Համավարակը խառնեց բոլոր խաղաքարտերը՝ մեզ մենակ թողնելով չկատարված ծրագրերի և վարկային բեռի հետ»,- ասում է Բաբկենը։

Հետքովիդյան վերականգնում՝ ԵՄ դրամաշնորհների միջոցով

«ԵՄ-ն` բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի դրամաշնորհների մասին իմանալով՝ եղբայրները, կարծես, լսեցին իրենց բիզնեսի զարգացման համար հիանալի հնարավորության մասին։

«Մենք որոշեցինք դիմել՝ առցանց գնումների համար մեր ներկայությունն առցանց հարթակներում ամրապնդելու և նոր կայք բացելու նպատակով, - հիշում է Բաբկենը՝ մանրամասնելով իրենց նոր ջանքերի հիմքում ընկած գաղափարը։ -Գաղափարն այն էր, որ հաճախորդներին հնարավորություն տրվի փորձել ակնոցները AR-ի միջոցով: Մեկ այլ՝ շատ հավակնոտ, միտք էլ ունեինք «խելացի» ակնոցների մշակման ուղղությամբ: Դրամաշնորհի շնորհիվ մենք կարողացանք դրա նախատիպը պատրաստել»։

ԵՄ-ի շուրջ 5,5 միլիոն դրամի կամ մոտ 10,000 եվրոյի դրամաշնորհն այնքան էլ շատ չէր Twinz-ի մեծ ծրագրերի համար, բայց բավական էր նրանց ժամանակ և միջոցներ տրամադրելու՝ հեռահար նպատակների սերմերը ցանելու համար: «Դա օգնեց մի քանի շատ կարևոր, նորարարական քայլեր ձեռնարկել՝ 21-րդ դարի կարիքներին համապատասխանելու համար», - ասում է Բաբկենը: «Այսօր մենք նոր կայք ունենք ու նոր թիմակիցներ, որոնք շարունակելու են աշխատել մեզ հետ նաև դրամաշնորհային ծրագրի ավարտից հետո»:

«ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության դրամաշնորհը նրանց նաև օգնեց «խելացի» գումարներ ներգրավել․ այս տարի Twinz-ը դիմել է տեղական բաձրտեխնոլոգիական արդյունաբերության «Գաղափարից դեպի բիզնես» դրամաշնորհային ծրագրին: Նոր դրամաշնորհով Smart Twinz ակնոցները կլրացվեն լսողական համակարգով, ինչը ընկերության համար կարևոր առաջընթաց է։

«Ակնոցի առաջին տարբերակը, որը չէր կարող պատրաստվել առանց ԵՄ դրամաշնորհի, արդեն ներկայացվել է Հայաստանի Հանրային հեռուստատեսության «Գաղափարից դեպի բիզնես» հաղորդաշարի ժամանակ»,- հպարտությամբ հայտնում է Բաբկենը։

Հայաստանում շարունակվում է «ԵՄ-ն` բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական զբոսաշրջության և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար (ITTD)» ծրագիրը, որի նպատակն է ապահովել զբոսաշրջության և նորարարական ոլորտների ընդհանուր, հավասարակշռված և ներառական աճը: Ծրագիրն աշխատում է Հայաստանի հյուսիսային շրջանների նորարարական զբոսաշրջային ձեռնարկությունների հետ՝ աջակցություն տրամադրելով բարձր տեխնոլոգիաների և նորարար ձեռներեցներին, կազմակերպելով գիտելիքի միջազգային փոխանակումներ բարձր տեխնոլոգիաների հետազոտողների համար և ստեղծելով ցանցեր՝ ուսանողների ու հանրության շրջանում բիզնես մշակույթը խթանելու համար:

ITTD ծրագրի շրջանակներում ավելի քան 100 ձեռնարկություն արդեն ստացել է աջակցություն, տրամադրված օժանդակությունը օգնել է պահպանել կամ ստեղծել ընդհանուր առմամբ 400 աշխատատեղ, ավելի քան 800 անհատներ անցել են տարբեր դասընթացներ:

Ամենավերջինը ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ
am
25.11.2021
Հայաստանի ՏՏ էկոհամակարգն արագորեն զարգանում է, իսկ աշխարհին առաջարկվող լուծումներն էլ թե՛ բազմազան են, և թե՛ նորարարական՝ արդի միտումներին ու զարգացումներին համահունչ։
am
25.10.2021
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ «Երևանի» տեսակի ծիրանը մյուսների համեմատ ավելի քիչ շաքար է պարունակում, ինչի շնորհիվ ավելի օգտակար է։ Այս տեսակի հայրենիքը համարվում է Արարատյան դաշտավայրը, իսկ ավելի հստակ՝ Երևանը։
am
25.10.2021
Հայաստանի կապուտաչյա հարստությունը՝ Սևանա լիճն ու իր ավազանը, հայտնի են հարուստ բուսական և կենդանական աշխարհով։ Ծովի մակերևույթից 1920 մ բարձրության վրա գտնվող Ծովազարդ գյուղը Սևանա լճից ընդամենը 200 մ հեռավորության վրա է։ Այստեղ են աճում բազմատեսակ առողջարար թեյաբույսեր։

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները