Ընտանեկան այգիներից դեպի համաշխարհային շուկաներ․ Սուսաննա Հակոբյանի պատմությունը

Հայաստան
Ընտանեկան այգիներից դեպի համաշխարհային շուկաներ․ Սուսաննա Հակոբյանի պատմությունը

Սուսաննա Հակոբյանի պատմությունը սկսվում է Հայաստանի Արմավիրի մարզի այգիներից, որտեղ նրա ընտանիքը երկար տարիներ զբաղվում էր մրգի աճեցմամբ։ Ժամանակի ընթացքում, երբ բերքը մեծանում էր, ընտանիքը նկատեց, որ լավ որակի մրգերի զգալի մասը չի օգտագործվում և հաճախ կորում է։

Փոխանակ թույլ տալու, որ դրանք փչանան, նրանք այդ իրավիճակում հնարավորություն տեսան։

Գաղափարը պարզ էր, բայց միաժամանակ փոխակերպող․ թարմ մրգերը վերածել բարձրորակ չրերի։ Համադրելով ավանդական մեթոդներն ու ժամանակակից տեխնոլոգիաները՝ ընտանիքը որոշեց սկսել չրերի սեփական արտադրություն՝ բացելով բիզնեսի զարգացման նոր էջ։

Փոքր քայլեր դեպի կայուն բիզնես

Ընկերությունը պաշտոնապես հիմնադրվել է 2019 թվականին՝ Sun Cheers ապրանքանիշի ներքո։

«Մենք սկսեցինք շատ փոքր քայլերով», – հիշում է Սուսաննան։
«Սկզբում ընկերությունում աշխատում էին միայն մեր ընտանիքի անդամները, և մենք ամբողջ ուժով ներգրավված էինք արտադրության յուրաքանչյուր փուլում»։

Բիզնեսի առաջին քայլերին աջակցել են նաև պետական աջակցության ծրագրերը։ Սակայն զարգացման կարևոր շրջադարձային փուլ սկսվեց այն ժամանակ, երբ ընկերությունը միացավ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում կայուն ագրոբիզնեսի և հագուստի արժեքային շղթաների զարգացում» ծրագրին, որը իրականացվում է Միջազգային առևտրի կենտրոնի (ITC) կողմից՝ EU4Business նախաձեռնության շրջանակում։

Ծրագրին մասնակցությունը դարձավ ընկերության զարգացման կարևոր խթան։

Ծրագրի շրջանակում ընկերությունը ստացավ կարողությունների զարգացման մասնագիտացված վերապատրաստումներ, բրենդավորման աջակցություն և խորհրդատվական ծառայություններ։ Սուսաննան նաև մասնակցեց փորձի փոխանակման ծրագրի, որի արդյունքում արտադրությունում ներդրվեցին նոր տեխնոլոգիաներ։

Կարևոր ձեռքբերումներից մեկը դարձավ չորացրած դեղձի մշակման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը։ Ծրագրի աջակցությամբ ընկերությունը արդիականացրեց իր ծխային չորացման համակարգը և բարելավեց արտադրական ենթակառուցվածքները, ինչի արդյունքում զգալիորեն աճեցին ինչպես արտադրության ծավալները, այնպես էլ արտադրանքի որակը։

«Փորձի փոխանակման և խորհրդատվական աջակցության շնորհիվ մենք ներդրեցինք նոր տեխնոլոգիաներ և գրեթե եռապատկեցինք, նույնիսկ քառապատկեցինք մեր արտադրական կարողությունները», – ասում է Սուսաննան։

«Այս ձեռքբերումները մեզ վստահություն տվեցին սկսել մուտք գործել նոր միջազգային շուկաներ»։

Առաջին քայլերը միջազգային հարթակում

Կարևոր հնարավորություն ստեղծվեց Gulfood 2025 ցուցահանդեսին մասնակցության շնորհիվ, որը սննդարդյունաբերության ոլորտի աշխարհի խոշորագույն միջոցառումներից մեկն է։

Ծրագրի աջակցությամբ ընկերությունը մասնակցեց միջազգային գնորդների հետ կազմակերպված B2B հանդիպումներին։ Արդյունքում ընկերությունն արդեն հաստատել է համագործակցություն Արաբական Միացյալ Էմիրություններից մի ընկերության հետ, իսկ մի շարք այլ համաձայնագրեր ներկայում քննարկման փուլում են և ունեն հաջող իրականացման մեծ ներուժ։

«Ծրագրի շրջանակում անցկացված վերապատրաստումները և խորհրդատվական ծառայությունները ինձ օգնեցին զարգացնել կարևոր հմտություններ, հատկապես բանակցությունների և մեր ընկերությունը միջազգային գործընկերներին ներկայացնելու ոլորտում», – նշում է Սուսաննան։

Ծրագրին մասնակցելուց առաջ ընկերությունը հիմնականում իր արտադրանքը վաճառում էր տեղական վերավաճառողներին։ Սակայն այսօր իրավիճակը զգալիորեն փոխվել է։

«Քրտնաջան աշխատանքի, համառության և ծրագրի աջակցության շնորհիվ մենք կարողացանք մուտք գործել նոր շուկաներ։ Այսօր մենք հպարտությամբ արտահանում ենք մեր արտադրանքը միջազգային շուկաներ»։

Աճ և զարգացում նոր արտադրանք, նոր բրենդ, նոր հնարավորություններ

Ընկերության աճը բերեց նաև նոր զարգացումների։

Ծրագրի աջակցությամբ ընկերությունը գործարկեց նոր արտադրատեսակ՝ շոկոլադապատ չրերից պատրաստված դրաժեների արտադրության գիծը։ Միևնույն ժամանակ իրականացվեց նաև վերաբրենդավորում, և այսօր ընկերության արտադրանքը ներկայացվում է Mixella ապրանքանիշի ներքո։

Ընդլայնումը նաև ստեղծեց նոր աշխատատեղեր, հատկապես տեղական համայնքից սեզոնային աշխատողների համար։

Միաժամանակ ընկերությունը շարունակում է մասնակցել ծրագրի վերապատրաստումներին և խորհրդատվական գործունեությանը, որոնք ուղղված են սննդի անվտանգության կանոնակարգերի, ԵՄ արտահանման չափանիշների և այլ միջազգային պահանջների համապատասխանության բարելավմանը։

Ապագայի հեռանկար

Այն, ինչ սկսվել էր որպես ընտանեկան փոքր նախաձեռնություն՝ մրգերի կորուստը նվազեցնելու նպատակով, այսօր վերածվել է զարգացող և հեռանկարային ագրոբիզնեսի։

Եվրոպական միության աջակցության, ժամանակակից արտադրական տեխնոլոգիաների և միջազգային գործընկերությունների աճի շնորհիվ Սուսաննա Հակոբյանի ընկերությունը կայուն կերպով ընդլայնում է իր ներկայությունը համաշխարհային շուկաներում։

Հայաստանի հարուստ գյուղատնտեսական ավանդույթների վրա հիմնված ամուր հիմքերով և հստակ ապագայի տեսլականով ընկերությունը լավ դիրքում է շարունակելու իր ճանապարհը՝ տեղական այգիներից մինչև միջազգային շուկաներ։

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները