You are using an outdated browser. Please upgrade your browser to improve your experience.
ՍԿԻԶԲ

Սպորտն ու ֆիտնեսն ավելի լավն են դարձել տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) և արհեստական բանականության (ԱԲ) վրա հիմնված նորարարությունների շնորհիվ: Նորաստեղծ ընկերությունների արտադրանքը Հայաստանի համար ուրույն տեղ է ապահովում արհեստական բանականության ու ՏՏ համաշխարհային քարտեզի վրա։ Այդ նորաստեղծ ընկերություններից մեկը Immensus-ն է: Տարբեր սպորտաձևերի համար արհեստական բանականությամբ գործող ֆիտնես հավելվածը՝ Immensus-ը, օգտագործում է համակարգչային տեսողությունը՝ օգտատերերի շարժումները հայտնաբերելու, սխալները վերլուծելու և բարելավումներ անելու համար:

Արհեստական բանականությունը սպորտի համար

Ալեքսանդր Սիմոնյան, 25 տարեկան, Immensus-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն, մասնագիտանում է արհեստական բանականության ոլորտում ԱՄՆ-ի Հյուսիսարևմտյան համալսարանում:

«Ես ուզում եմ արհեստական բանականության առաջատար մեթոդներն ինտեգրել սպորտ՝ մարդկանց արդյունավետ մարզվելու հնարավորություններ ընձեռելով», - ասում է Սիմոնյանը։ «Immensus-ում պատասխանատու եմ և՛ արտադրանքի, և՛ տեխնիկական զարգացման համար: Հիմնականում աշխատում եմ մեքենայական ուսուցման լուծումներ գտնելու ուղղությամբ»:

Սիմոնյանը և իր գործընկեր Դավիթ Հարությունյանը հիմնել են իրենց ընկերությունը 2020 թվականի օգոստոսին: Մշակել են իրենց գաղափարի աշխատանքային նախատիպը, կատարել շուկայի մանրակրկիտ վերլուծություն, դիմել և Գաղափարի սաղմնային փուլի դրամաշնորհ (Idea Seed Stage Grant) են ստացել «ԵՄ-ն` բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական զբոսաշրջության և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար (ITTD)» ծրագրից, որն իրականացնում է GIZ-ը։

«Դրամաշնորհի շրջանակներում մեր առաջնային նպատակն աշխատանքային նախատիպն իրական բջջային հավելվածի վերածելն ու օգտատերեր ներգրավելն էր»,- հպարտությամբ ասում է Սիմոնյանը։ «Մենք հասել ենք այդ նպատակին. ներկայում հավելվածը հասանելի է App Store-ում, և մենք արդեն ունենք որոշակի ճանաչում: Օրական 8-10 օգտատեր է մուտք գործում, և ընդհանուր առմամբ մենք ունենք ավելի քան 100 օգտատեր: 2021 թվականի օգոստոսին ստացել ենք 10,000 եվրո և իրականացրել ենք մեր առջև դրված նպատակները՝ մշակել ենք ամբողջական հավելված, ավարտել ենք UX/UI ստուգումները և ներգրավել օգտատերերի»։

Immensus-ի հիմնադիրներին վստահություն է հաղորդում իրենց մոտեցումը․ մինչ իրենց մրցակիցները կենտրոնանում են միայն ֆիտնես հավելվածների ֆունկցիոնալության կամ օգտատերերի փորձի վրա, իրենք հեռախոսի մեջ ներդնում են համակարգչային տեսողության տեխնոլոգիա, որը և՛ ֆունկցիոնալ է, և՛ հեշտ օգտագործման մեջ:

Immensus-ն արդեն գործարկել է բռնցքամարտի թեստային տարբերակը, որն ավելի քան 90% ճշգրտությամբ հայտնաբերում և գնահատում է հարվածները: Հավելվածը հնարավորություն է տալիս կանխատեսել արագ շարժումներ, որոնք անգամ մարդու տեսողությունն է դժվարանում հայտնաբերել։

Սիմոնյանն ասում է, որ դրամաշնորհն օգնել է ընկերությանն ապրանքի ստեղծման մի քանի փուլ ավարտել. «Առանց դրա մենք ավելի շատ ժամանակ կծախսեինք՝ հավանաբար նաև կորցնելով մրցակցային առավելությունը»։

Օգնելով նորաստեղծ ընկերությունների էկոհամակարգի զարգացմանը

GIZ Հայաստանի ITTD ծրագրի ձեռներեցության էկոհամակարգի զարգացման և տեխնոլոգիական ձեռնարկությունների գծով ծրագրերի խորհրդատու Մարիամ Բաբայանը Immensus նախագիծն իրական հաջողություն է համարում:

«Նրանք մշակեցին իրենց նվազագույն կենսունակ արտադրանքը կամ MVP-ն՝ ստեղծելով փաստացի օգտագործման ենթակա ապրանք, որը հասանելի է առցանց և արդեն գրավիչ է բազմաթիվ օգտատերերի համար», - ասում է Բաբայանը: «Immensus-ը նորաստեղ 6 ընկերություններից մեկն է, որոնք ստացել են ընդհանուր առմամբ 60,000 եվրո դրամաշնորհային ֆինանսավորում՝ 5% համաֆինանսավորմամբ: Դրամաշնորհային ծրագրի հաջորդ փուլը նախատեսվում է սկսել 2022 թվականի մայիսին»։

«ԵՄ-ն` բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական զբոսաշրջության և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար (ITTD)» ծրագիրը խթանում է նախագծերի վերածվելու պոտենցիալ ունեցող գաղափարների արագ զարգացումը և օգնում է թիմերին ստեղծել ներդրումների համար գրավիչ ձեռնարկություններ և հաջողությամբ դուրս գալ շուկա: Դրամաշնորհային ծրագիրը համաձայնեցված է Armenia Startup Academy-ի հետ, որի հաջողակ մասնակիցներն էլ հենց ստանում են դրամաշնորհներ: Մինչ այդ դրամաշնորհային ծրագիրն օգնում է արագացված տեմպով գիտելիքներ ու փորձ ձեռք բերել և դրամաշնորհն ստանալուն պես անմիջապես սկսել աշխատել իրենց ապրանքի զարգացման և օգտատերեր ներգրավելու ուղղությամբ:

«ԵՄ-ն` բիզնեսի համար» նախաձեռնության դերը ստարտափ էկոհամակարգի զարգացման գործում հսկայական է, քանի որ մեր քայլերն ընդգրկում են զարգացման շրջանն ամբողջությամբ՝ գաղափարից մինչև մուտք համաշխարհային շուկաներ», - շեշտում է Բաբայանը։ «Հայաստանում էկոհամակարգի զարգացման բոլոր փուլերն ընդգրկող նախագծերը շատ չեն։ Սա է պատճառը, որ մենք կարևորում ենք «ԵՄ-ն` բիզնեսի համար» նախաձեռնության դերն այս ոլորտում»։

Հայաստանում շարունակվում է «ԵՄ-ն` բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական զբոսաշրջության և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար (ITTD)» ծրագիրը, որի նպատակն է ապահովել զբոսաշրջության և նորարարական ոլորտների ընդհանուր, հավասարակշռված և ներառական աճը: Ծրագիրն աշխատում է Հայաստանի հյուսիսային շրջանների նորարարական զբոսաշրջային ձեռնարկությունների հետ՝ աջակցություն տրամադրելով բարձր տեխնոլոգիաների և նորարար ձեռներեցներին, կազմակերպելով գիտելիքի միջազգային փոխանակումներ բարձր տեխնոլոգիաների հետազոտողների համար և ստեղծելով ցանցեր՝ ուսանողների ու հանրության շրջանում բիզնես մշակույթը խթանելու համար:

ITTD ծրագրի շրջանակներում ավելի քան 100 ձեռնարկություն արդեն ստացել է աջակցություն, տրամադրված օժանդակությունն օգնել է պահպանել կամ ստեղծել ընդհանուր առմամբ 300 աշխատատեղ, ավելի քան 800 անհատներ անցել են տարբեր դասընթացներ:

 

Ամենավերջինը ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ
am
10.04.2022
Շատ մեծ նախաձեռնություններ սկսվում են պարզ գաղափարներից, որոնք կոչված են լուծելու մարդկային պարզ խնդիրները: Որպես փոքր շուկա և դեպի ծով ելք չունեցող երկիր՝ Հայաստանի շուկան թիրախ չէ աշխարհի բազմաթիվ խոշոր բիզնեսների համար։
am
05.04.2022
Ընդամենը 7 տարի առաջ 34-ամյա Դավիթ Մնացականյանն ընկերոջ հետ քննարկում էր գումար վաստակելու այլընտրանքային ուղիները։
am
31.03.2022
Չնայած համավարակի կործանարար հետևանքներին՝ այն կառուցողական որոշ փոփոխություններ բերեց․ շատերը տուժեցին, սակայն ոմանք կարողացան հաղթահարել և ի նպաստ իրենց օգտագործել իրավիճակի հետևանքները։

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները