
Երբ Հայկ Համբարչյանը և նրա ընտանիքը 2018 թվականին հիմնեցին Հրաշք Գրուպ ՍՊԸ-ն, երազանքը պարզ, բայց հավակնոտ էր․ ստեղծել կահույքի հայկական ժամանակակից բիզնես, որը կկարողանար մրցակցել լավագույնների հետ։ Ընդամենը մի քանի տարի անց ընկերությունը ոչ միայն իրականացրեց այդ տեսլականը, այլև ավելին՝ 2021-2025 թթ․ ընթացքում քառապատկելով իր շրջանառությունը, ընդլայնելով գործունեությունը և սահմանելով որակի ու կայունության նոր չափանիշներ։
«Ես միշտ հավատացել եմ հավելյալ արժեք ստեղծելուն», - ասում է Հայկը, որը կրթությամբ տնտեսագետ է և մեծ հետաքրքրություն ունի արտադրության խելացի համակարգերի նկատմամբ։ «Ինչ-որ բան արտադրելը բարդ է, բայց տեղական ուժեղ արդյունաբերությունը կարևոր է ուժեղ երկրի համար»։
Այն, ինչ սկսվեց որպես փոքր ընտանեկան գործունեություն, վերածվեց տնային կահույքի, ներքնակների և անկողնային պարագաների շուկայի առանցքային խաղացողի Հայաստանում։ Այսօր Հրաշք Գրուպը համատեղում է ավանդույթն ու նորարարությունը, արհեստավարժությունը ժամանակակից ճարտարագիտության հետ՝ հստակ պատկերացում ունենալով ապագայի նկատմամբ։
Թվային ցատկը խթանում է վերափոխումը
Բեկումնային պահը 2022 թվականին էր, երբ ընկերությունը ստացավ առաջին աջակցություն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ)՝ «ԵՄ-ը բիզնեսի համար» նախաձեռնության շրջանակներում։ Փորձագիտական առաջնորդմամբ, «Հրաշքը» գործարկեց իր էլեկտրոնային առևտրի առաջին հարթակը՝ haybed.am-ը, որ կարևոր ձեռքբերում էր թվային մանրածախ առևտրին հարմարվող շուկայում։
«Ես կարծում էի, թե դա ժամանակատար և բյուրոկրատական կլինի», - խոստովանում է Հայկը։ «Բայց ՎԶԵԲ խորհրդատուների օգնությամբ ամեն ինչ զարմանալիորեն հարթ ընթացավ»։
Նոր թվային ցուցափեղկը ոչ միայն ավելի պարզ դարձրեց առցանց գնումները, այլև բարձրացրեց ապրանքանիշի տեսանելիությունն ու վստահելիությունը թե՛ ներքին շուկայում, թե՛ արտերկրի հնարավոր գործընկերների համար։
Որակի կառուցում՝ աղյուս առ աղյուս
2023 թվականին ընկերությունը ևս մեկ ռազմավարական քայլ կատարեց՝ ստանալով ISO 9001:2015 և ISO 14001:2015 սերտիֆիկատները «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության աջակցությամբ։ Այս սերտիֆիկատները ամրապնդեցին ընկերության պարտավորությունը որակյալ և բնապահպանական առումով պատասխանատու արտադրության նկատմամբ, որոնք այժմ Հրաշք Գրուպի ինքնության կենտրոնական հիմնասյուներն են։
«Խորհրդատվությունն օգնեց մեզ կառուցել ներքին համակարգեր՝ արտադրության որակի և թափոնների ավելի արդյունավետ կառավարման համար», - ասում է Հայկը։ «Այն մեզ տվեց կառուցվածք, որի կարիքն ունեինք՝ ընդլայնվելու համար»։
Սակայն աճը բերեց նաև բարդություններ։ Գործունեության ընդլայնմանը զուգահեռ ավելացան նաև մարդկանց, գործընթացների և պլանավորման կառավարման մարտահրավերները։ Ի պատասխան, «Հրաշքը» ապահովեց ԵՄ-ի հետագա աջակցությունը՝ մշակելու համապարփակ բիզնես գործընթացների կառավարման համակարգ, որը կարևոր քայլ էր ընտանեկան բիզնեսից դեպի ընդլայնվող ձեռնարկություն անցման համար։
Գործելով «կանաչ»՝ մնալ մրցունակ
2024 թվականին «Հրաշքը» ունեցավ ևս մեկ ձեռքբերում՝ տեղադրելով արտադրական տարածքում արևային վահանակներ՝ ստանալով «ԵՄ-ն բիզնեսի համար» - ՎԶԵԲ վարկային գծի ֆինանսավորում։ Հայկի համար դա միայն ծախսերի կրճատում չէր, այլև պատասխանատվություն ստանձնելու քայլ։
«Անցումն արևային էներգիային երկարաժամկետ ներդրում էր», - ասում է նա։ «Այն նվազեցրեց էլեկտրաէներգիայի ծախսերը և մեզ դրդեց մտածելու ավելի կայուն զարգացման մասին»։
Ընկերությունը նաև ֆինանսական աջակցություն ստացավ՝ ձեռք բերելու ժամանակակից սարքավորումներ, որոնք օգնեցին նվազեցնել ծախսերը, ներկայացնել նոր արտադրատեսակներ և բարելավել արտադրողականությունը։ Այս բարելավումները թույլ տվեցին անընդհատ պահպանել մրցակցային առավելությունը՝ ավելի ու ավելի բարդացող շուկայում։
Ֆինանսավորման բազմակի փուլերի ընթացքում՝ մոտ տասը առանձին միջամտություններ ԵՄ աջակցությամբ, ներառյալ քեշբեքները, «Հրաշք Գրուպը» օգտագործել է յուրաքանչյուր հնարավորություն՝ վերաներդնելու իր գործունեության, մարդկային ռեսուրսների և ապագայի հարցում։
Նպատակադրված ընդլայնում
Այսօր ընկերությունը ներդրումներ է կատարում միջազգային չափանիշներին համապատասխանող արտադրական նոր հաստատությունում, որը կարևոր քայլ է արտադրանքն ավելացնելու և նոր շուկաներ մուտք գործելու ուղղությամբ։
«Աջակցության յուրաքանչյուր փուլից հետո գրեթե անմիջապես տեսնում էինք բարելավումներ», - ասում է Հայկը։ «Դա շղթայական ռեակցիա է. արդյունավետությունը բարձրանում է, որակը բարելավվում է, և թիմն ավելի է ոգևորվում»։
Բայց Հայկի հավակնություններն ավելին են, քան պարզապես բիզնեսը։ Գործընկերներից սովորելու կողմնակից լինելով՝ նա այժմ ներակացնում է իր փորձը հայկական ՓՄՁ-ներին՝ օգնելով նրանց հասկանալ, թե ինչպես ԵՄ աջակցությունը կարող է բացել աճի նոր հնարավորություններ։
«Մենք առաջին ձեռքից տեսել ենք, թե ինչպես «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության ծրագրերը կարող են վերափոխել ընկերությունները։ Ես ուզում եմ, որ մյուսները ևս օգտվեն դրանից»։
Ժամանակակից արտադրական մոդել Հայաստանում
«Հրաշք Գրուպի» ուղին՝ ընտանեկան սթարթափից մինչև ճանաչված արդյունաբերական խաղացող, ցուցադրական օրինակ է, թե ինչ է հնարավոր, երբ տեղական տեսլականը ստանում է ռազմավարական աջակցություն։ Իր ամուր հիմքով, առաջադեմ կառավարմամբ և ԵՄ-ի հետ գործընկերությամբ, ընկերությունը ոչ միայն աճում է, այլև օգնում վերասահմանել, թե ինչպիսին կարող է լինել ժամանակակից հայկական արտադրությունը։