Շուրջ 7 տարի Երևանում ուսանած, կրթության կառավարման ոլորտի մասնագետ Գոհար Ասլիկյանը տարիներ առաջ է որոշել վերադառնալ հայրենի գյուղ՝ Բերդավան, ու նպաստել սահմանամերձ համայնքի երիտասարդների ներուժի զարգացմանը: Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության համաֆինանսավորմամբ իրականացվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» (EU-GAIA) ծրագրով ստացված աջակցությունն օգնեց երիտասարդ գյուղատնտեսի նպատակների իրականացմանը։
Ասում է՝ գյուղ վերադառնալու հստակ մոտիվացիա չուներ, ուղղակի ուզում էր լինել ամենատարբեր սահմանափակումներով ու կարծրատիպերով մեծացող երեխաների կողքին, օգնել նրանց օգտվելու այն բոլոր կրթական ու զարգացման հնարավորություններից, որոնց կարիքն ինքն էլ է ժամանակին ունեցել:
2021 թվականին Գոհար Ասլիկյանը համագյուղացիների հետ հիմնում է «Բերդավան» բարեգործական հիմնադրամը՝ գյուղի զարգացմանն ու համայնքային կյանքի ակտիվացմանն ուղղված ծրագրերն առավել համակարգված ու արդյունավետ իրականացնելու նպատակով:
Այսօր Ասլիկյանն այդ հիմնադրամի խորհրդի անդամ է: Բացի այդ, ակտիվորեն զբաղվում է նաև գյուղատնտեսությամբ: Ասում է՝ գյուղատնտեսության նկատմամբ սերն ու հետաքրքրությունը մեծացել է հատկապես 2020 թվականին՝ քովիդի համավարակի շրջանում, երբ սահմանափակումների պատճառով ստիպված էր ժամանակի գերակշիռ մասն անցկացնել այգում կամ զբաղվելով գյուղատնտեսական նորամուծությունների ուսումնասիրությամբ:
«Ես անընդհատ պրպտումների մեջ էի: Փորձում էի հասկանալ՝ ո՞նց անենք, որ մեր բույսերն ավելի լավ աճեն, ավելի լավ բերք ստանանք, տարբեր բույսերը միմյանց հետ ինչքանով են համատեղելի... Ժամանակի ընթացքում համոզվեցի, որ տեսական գիտելիքներ ունենալու դեպքում դաշտում ավելի արագ ու արդյունավետ են ստացվում թե՛ աշխատանքը, թե՛ այդ աշխատանքի արդյունքը»,- ասում է նա:
Գյուղատնտեսությունը բիզնես նախագծի վերածելու հարցում աջակցության անհրաժեշտությունից դրդված Գոհարը մասնակցում է «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» (EU-GAIA) ծրագրի դրամաշնորհային մրցույթին։
«Ես շատ եմ ուզում ապրել Բերդավանում, ու հենց այդ ցանկությունից ծնվեց գյուղատնտեսությունը բիզնես դարձնելու գաղափարը, որն ինձ գյուղում ապրելու ու արարելու հնարավորություն կտա»,- ասում է երիտասարդ գյուղատնտեսը՝ նկատելով, որ կամավորությունը, հասարակական գործունեությունը շատ կարևոր են եղել իր համար, բայց, բնականաբար, բոլորը կարիք ունեն նաև ֆինանսական կայունության։
Գոհարի բիզնես գաղափարի հիմքում կարկտապաշտպան ցանցերով ու կաթիլային ոռոգմամբ հոնի պտղատու այգու հիմնումն է: Այգու բիզնես ծրագիրն ունենալու է նաև կրթական բաղադրիչ. տեղի դպրոցականներին, երիտասարդներին ու կանանց ներկայացվելու է այգեգործության նորարար մոտեցումների կիրառման արդյունավետությունը:
«Ուզում եմ իմ այգու օրինակով ցույց տալ կանաչ գյուղատնտեսության զարգացման հեռանկարները և այն, որ նորամուծությունների մասին բավարար գիտելիքներ ունենալու դեպքում գյուղատնտեսությունը կարող է դառնալ նաև շահութաբեր բիզնես։ Պարզապես, ինչպես մեծերն են միշտ ասել, հողը պետք է սիրել, փայփայել, աշխատել օրնիբուն»,- ասում է Գոհարն ու հույս հայտնում, որ հաջողելու դեպքում իր այգին կարող է դառնալ մոտիվացիայի աղբյուր նաև համագյուղացիների համար:
Նրա դիտարկմամբ՝ կայուն ֆինանսական եկամուտ ունենալու ակնկալիքով են բազմաթիվ համագյուղացիներ հեռանում սահմանամերձ գյուղից, այնինչ կանաչ գյուղատնտեսությունը կարող է դառնալ նաև ֆինանսական կայունության ապահովման ու գյուղացուն գյուղին կապելու միջոց:
«Գյուղի բնակիչների հետ անընդհատ աշխատելու, տարբեր դասընթացներ, փորձի փոխանակման հանդիպումներ, քննարկումներ կազմակերպելու անհրաժեշտություն կա, որպեսզի մարդիկ իրազեկվեն, որ կանաչ գյուղատնտեսությամբ զբաղվելն օգտակար ու շահավետ է, որ մարդիկ պատրաստ են ավելին վճարել կանաչ գյուղմթերքի համար»,- ասում է նա՝ նկատելով, որ արդյունավետության ապահովման համար, սակայն, նմանատիպ հանդիպումները պետք է զուգակցվեն երկարաժամկետ աջակցության ծրագրերով:
Գոհարի կարծիքով՝ այս առումով այլ միջազգային ու պետական կառույցների համար օրինակելի կարող են լինել EU-GAIA ծրագրի շրջանակում Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության մոտեցումները։
«Որոշակի շրջափուլ է պետք, որ աջակցության ծրագրում ներգրավված գյուղատնտեսը գա հասնի ինչ-որ մի կետի, որից հետո կարող է առանց պետական կամ միջազգային կառույցի աջակցության առաջ շարժվել: Այս ծրագրով ամեն ինչ պլանավորված է այնպես, որ ֆերմերը մտածի ոչ թե գյուղտեխնիկա կամ գույք ձեռք բերելու, հավելյալ հաշվետվությունների ու այլ քաշքշուկների մասին, այլ կենտրոնանա հենց գյուղատնտեսական աշխատանքի արդյունավետության ապահովման վրա: Ծրագիրը նաև գործնական փորձի փոխանակման այցեր է նախատեսում ոչ միայն Հայաստանի ներսում, այլև՝ արտերկրում: Սա բացառիկ հնարավորություն է մեզ համար»,- ասում է Գոհարը:
Նրա դիտարկմամբ՝ գյուղատնտեսության ոլորտը երկրում հավելյալ ուշադրության ու հոգածության կարիք ունի, դրանով իսկ պարենային ինքնաբավության խնդիրներն են լուծվելու:
Կարևորելով կանաչ գյուղատնտեսության դերը առողջ սննդակարգի ու պարենային անվտանգության տեսանկյունից՝ նկատում է.
«Ասում են՝ կլիմայի փոփոխության հետևանքով աշխարհին պարենային նոր ճգնաժամ է սպառնում, բայց սրան զուգահեռ ես իմ շրջապատում նկատում եմ կանաչ գյուղատնտեսությամբ հետաքրքրվողների աճ: Կարծես պարենի կրճատման վերահաս վտանգն զգալով՝ մարդիկ փորձում են հմտանալ կանաչ գյուղատնտեսության մեջ, գիտակցելով, որ մի օր մեր հողն ու մեր մշակած բերքն են մեզ փրկելու»:
Համոզմունքը, որ ցանկացած գործում պետք է փորձել լավագույնը լինել, սահմանային բնակավայրում ապրող երիտասարդ կնոջն ստիպում է արարել, ոգեշնչել ու ոգեշնչվել, ամեն օր հոգու խորքում փայփայելով մեկ երազանք՝ խաղաղություն․
«Այնպես է ստացվել, որ ես, ապրելով սահմանամերձ գյուղում, ամեն օր երազել եմ խաղաղության մասին: Այսօր էլ, ցավոք սրտի, ոչինչ չի փոխվել այս առումով. իմ երազանքը նույնն է․․․ Հատկապես 2020-ի պատերազմից հետո ինձ համար հավելյալ պատասխանատվություն է սահմանին ապրելը, սահմանում ծրագրեր իրականացնելը, սահմանում զարգանալն ու զարգացնելը... Ուզում եմ, որ մեր կանայք ու աղջիկներն ավելի մոտիվացված լինեն, որ գյուղատնտեսության թե այլ ոլորտում մեր աշխատանքը գերազանց անենք...»: