Հայաստանի Հանրապետության Մարզում ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ՝ ՇՆՈՐՀԻՎ ԱՐՀԵՍՏԻ

Հայաստան
Հայաստանի Հանրապետության Մարզում ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ՝ ՇՆՈՐՀԻՎ ԱՐՀԵՍՏԻ

Մերի Մելիքյանը (Կոշտոյանը) և Հասմիկ Խաչատրյանը Շիրակի մարզի Գյումրի քաղաքում բնակվող ձեռներեցներ են. Եվրոպական միության ֆինանսավորման շնորհիվ նրանք «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության ներքո «ԵՄ-ն Շիրակի մարզի համար. նոր աշխատատեղեր՝ շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի շրջանակում, բիզնես են հիմնել: Նրանք երկուսն էլ օգտագործում են Ամասիայի բրդի գործարանի թելերն ու գործվածքները և պատրաստում են սեփական բրենդային ապրանքները:

Թաղիքե հագուստ, աքսեսուարներ, հողաթափեր ու այլ իրեր պատրաստելու համար Մերին օգտագործում է տեղական բուրդ: Նա աշխատում է իր՝ անվանական «Մերի Կոշտոյան Արտ Ստուդիո»-ում: Իր բիզնեսն արդյունավետ վարելու համար՝ նա մասնագիտական դասընթացների է հաճախել ու ստացել ֆինանսական աջակցություն: Մերին նկարչուհի է. շատ է սիրում նկարել ու ստեղծել թաղիքե պարագաներ։

Հասմիկ Խաչատրյանը Գյումրիում դերձակ է. մինչ «ԵՄ-ն Շիրակի մարզի համար. նոր աշխատատեղեր՝ շնորհիվ բրդի արտադրության» ծրագրին մասնակցելը, նա հիմնականում հագուստներ էր կարում կանանց և երեխաների համար:

Հասմիկը՝ ԵՄ ֆինանսավորման շնորհիվ, կարողացավ ընդլայնել կարի ծառայություններն ու նոր աշխատակիցներ ներգրավել իր արտադրամասում: Ինչպես Մերին՝ Հասմիկը նույնպես օգտագործում է Ամասիայի բրդի գործարանի բուրդը: Նրա ստեղծած արտադրանքը մեծ պահանջարկ ունի թե՛ անհատական, և թե՛ մեծածախ պատվերների համար: Պատերազմի ժամանակ նա, ի թիվս այլ պարագաների, սկսեց պատրաստել նաև բրդյա վերմակներ ու գլխարկներ: Նա աշխատում է մարզում նաև մարդասիրական օգնության ցուցաբերման գործողություններին մասնակցել․ նա բրդյա վերմակներ է տրամադրել  «Մարդը կարիքի մեջ» կազմակերպությանը, որոնք տրամադրվել են տեղահանված և Հայաստան եկած հազարավոր հայրենակիցների։ 

«ԵՄ-ն Շիրակի մարզի համար. նոր աշխատատեղեր՝ շնորհիվ բրդի արտադրության» ծրագիրն իրականացվել է 2018-2020 թվականների ընթացքում Եվրոպական միության և ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ՝ «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության կողմից: Ծրագրի իրականացման գործընկերներն են Ամասիայի համայնքապետարանը, «Կանանց Զարգացման Ռեսուրս կենտրոն» հիմնադրամը և Շիրակի մարզի առևտրաարդյունաբերական պալատը։

Շիրակի մարզի բրդի արժեշղթայում այս ծրագրի շնորհիվ ստեղծվել է փոքր ու միջին վեց ձեռնարկություն (ՓՄՁ): ՓՄՁ-ներն օգտագործում են ծրագրի շրջանակում ստեղծված Ամասիայի բրդի գործարանի արտադրանքը և պատրաստում այլ պարագաներ՝ ապահովելով նոր աշխատատեղեր Շիրակի մարզում։

Շիրակի մարզը հայտնի է ոչխարաբուծության իր ավանդույթներվ և բրդյա իրերի արտադրությամբ, որն իրենից տեղական մշակութային ժառանգության անքակտելի մի մասն է կազմում: Ամասիայի բուրդն էլ ունի բացառիկ գույներ. այն հնարավորություն է տալիս ստանալ գույների լայն տեսականի՝ առանց քիմիական ներկանյութերի: Ամասիայի բրդի գործարանի և վեց ՓՄՁ-ների հիմնադրմամբ՝ «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպությունը նպատակ ունի նպաստել Շիրակի մարզի աշխատատեղերի ստեղծմանն ու արհեստագործական ոլորտի մրցունակության բարձրացմանը: Գործընկերների հետ համատեղ աշխատանքի շնորհիվ «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպությունը մարզում խթանում է նաև կանանց  իրավազորումն ու տնտեսական զորեղացումը՝ զբաղվածության միջոցով։

 

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները