Աջակցություն Հայաստանում նոր արկածային զբոսաշրջությանը համավարակի ժամանակ

Հայաստան
Աջակցություն Հայաստանում նոր արկածային զբոսաշրջությանը համավարակի ժամանակ

Բարձր լեռներն ու խորը կիրճերը, Հայաստանի քարքարոտ բայց ակնահաճո բնության ողջ հմայքն այժմ կարելի է վայելել մոտոցիկլետի՝ հետաքրքրաշարժ և շունչը կտրող արշավի ժամանակ: Այս ամենը՝ Neo Ride Armenia ստարտափի շնորհիվ, որն ուրվագծել է կովկասյան փոքրիկ երկիրը մոտոցիկլետային զբոսաշրջության քարտեզի վրա։

Էքսկուրսավարից՝ տուր մշակող

«Համալսարանում ես հնարավորություն ստացա աշխատել որպես էքսկուրսավար իտալացի զբոսաշրջիկների հետ»,- հիշում է Neo Ride Armenia-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն, 36-ամյա Անի Մուրադյանը։ «Ես այնքան սիրեցի զբոսաշրջությունը, որ սկսեցի այս ոլորտում աշխատել: Եղել եմ թե ՛ էքսկուրսավար, թե՛ տուր մենեջեր, իսկ 2016 թվականին ես և ամուսինս՝ Միքայել Պապիկյանը, հիմնեցինք մեր ընտանեկան բիզնեսը՝ Neo Tours & Travel-ը Հայաստանում ներգնա տուրերի համար»։

Ներկայումս Neo Tours & Travel-ն ունի երեք հիմնական ապրանքանիշ. Neo Armenia-ն, որը մշակութային, արկածային և թեմատիկ շրջագայություններ է կազմակերպում Հայաստանում, Neo Ride Armenia-ն, որն առաջարկում է մոտոցիկլետների վարձույթ և հեղինակային մոտո-էքսկուրսիաներ, ինչպես նաև էնդուրոյի դասընթացներ, և Neo Incentives-ը՝ մոտիվացնող շրջագայությունների և գործնական ճանապարհորդությունների համար:

Անիի ամուսինը՝ Միքայելը, հիմնադրել և ղեկավարում է Neo Ride Armenia-ն։ 18 տարվա մոտոցիկլավարի փորձով մասնագետը սկսել էր մոտոցիկլետային շրջագայություններ կազմակերպել 2017 թվականից: Ու, երբ զույգն արդեն արձանագրել էր, որ մոտոցիկլետային շրջագայությունները հետաքրքրություն են ձեռք բերում, սկսվեց Քովիդի համավարակը։

«Մենք որոշեցինք դիմել ֆինանսական աջակցության համար, և, ես կասեի, որ օգնությունն ավելին էր, քան մենք սպասում էինք»,- ասում է Անին։ «2021 թվականի նոյեմբերին մենք տարբեր ծախսերի համար 31,620 եվրո դրամաշնորհ ստացանք «ԵՄ-ն` բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական զբոսաշրջության և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար (ITTD)» ծրագրից: Բացի ֆինանսական աջակցությունից, ծրագիրը մեզ նաև հնարավորություն է տվել մասնակցելու ինկուբացիոն և մինչ-աքսելերացիոն ծրագրերին»։

Ներկայում Neo Ride Armenia-ի նպատակը Հայաստանի հյուսիսի՝ հիմնական ճանապարհից դուրս գտնվող համայնքները մոտոցիկլետային զբոսաշրջության մեջ ներգրավելն է՝ եկամտի լրացուցիչ աղբյուր ստեղծելու համար: Նրանք նաև կարողացել են գնել նոր տեսակի մոտոցիկլետ և GPS նավիգատորներ մոտոցիկլետային տուրերի համար, ինչը ամբողջությամբ նոր ծառայություն է Հայաստանում։

«Մենք նաև առցանց բովանդակություն ենք ստեղծում և փորձում ենք որպես մոտոցիկլետային զբոսաշրջության գրավիչ ուղղություն մեծացնել Հայաստանի մասին տեղեկացվածութունը և տեսանելիությունը», - նշում է Անին։ «Մայիսին կմասնակցենք ԱՄՆ-ում կայանալիք ցուցահանդեսի՝ ԱՄՆ տուրօպերատորների և մոտոցիկլավարների հետ համագործակցային նոր կապեր հաստատելու համար: Մեր ամենակարևոր ձեռքբերումներից մեկն էլ ԵՄ-ի և «Մենեջմենթ Միքս» խորհրդատվական ընկերության շնորհիվ զբոսաշրջային մոտոցիկլետների վարձույթի համար ISO 45001 ստանդարտի՝ միջազգային ճանաչում ունեցող TÜV Rheinland վկայական ստանալու հնարավորությունն էր»:

TÜV սերտիֆիկացում. վստահության կնիք

TÜV-ը գերմաներեն Technischer Überwachungsverein-ի կրճատումն է, որը նշանակում է Տեխնիկական վերահսկողության ասոցիացիա: Աշխարհում վստահության և որակի բարձր ճանաչում ունեցող ապրանքանիշը՝ TÜV սերտիֆիկատը, երաշխավորում է, որ արտադրանքը, ծառայությունը կամ գործընթացը փորձարկվել են անվտանգության տեսանկյունից և որ այն համապատասխանում է ազգային, տարածաշրջանային և միջազգային կանոնակարգերի պահանջներին: Այն վստահեցնում է սպառողներին, որ ապրանքը մանրակրկիտ ստուգվել է ցանկացած թերությունների կամ պոտենցիալ վտանգավոր նյութերի առկայության տեսանկյունից:

TÜV սերտիֆիկացում ստանալու ողջ գործընթացը ներառում է մի քանի քայլ՝ կանոնադրական կանոնակարգերի նույնականացում, գնահատում որակավորված դասընթացավարների կողմից, մեթոդաբանության և քննության մոտեցման ընտրություն և իրենց ոլորտների փորձագետ քննիչների հետ քննության գործընթացի մշակում: Սերտիֆիկացումը երկար գործընթաց է, բայց արժեքավոր է այնպիսի ընկերությունների համար, ինչպիսին Neo Ride Armenia-ն է:

Երբ արտադրանքը կամ լուծումն անցնում է մի շարք խիստ փորձաքննություն, քննիչները պարզում են հուսալիությունը, գնահատում են արտադրանքի բնութագրերը, ներառյալ անվտանգությունն ու որակը, և ստուգում են անսարքությունները և առողջության համար հնարավոր վտանգները: 

«Neo Ride Armenia»-ն միակ TÜV-ի հավաստագրված տուրօպերատորն է Հայաստանում»,- նշում է Անին: «Առանց «ԵՄ-ն` բիզնեսի համար» նախաձեռնության աջակցության մեզնից շատ ավելի ջանք, ժամանակ և գումար կպահանջվեր Հայաստանում զբոսաշրջության այս տեսակը զարգացնելու համար: Հաստատապես, դրամաշնորհը միանշանակ լավագույնն էր, ինչին կարող էինք առնչվել Քովիդի ճգնաժամից հետո։ Մենք շատ ուրախ ենք, որ դիմել ենք դրամաշնորհին»:

Հայաստանում շարունակվում է «ԵՄ-ն` բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական զբոսաշրջության և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար (ITTD)» ծրագիրը, որի նպատակն է ապահովել զբոսաշրջության և նորարարական ոլորտների ընդհանուր, հավասարակշռված և ներառական աճը: Ծրագիրն աշխատում է Հայաստանի հյուսիսային շրջանների նորարարական զբոսաշրջային ձեռնարկությունների հետ՝ աջակցություն տրամադրելով բարձր տեխնոլոգիաների և նորարար ձեռներեցներին, կազմակերպելով գիտելիքի միջազգային փոխանակումներ բարձր տեխնոլոգիաների հետազոտողների համար և ստեղծելով ցանցեր՝ ուսանողների ու հանրության շրջանում բիզնես մշակույթը խթանելու համար:

ITTD ծրագրի շրջանակներում ավելի քան 100 ձեռնարկություն արդեն ստացել է աջակցություն, տրամադրված օժանդակությունը օգնել է պահպանել կամ ստեղծել ընդհանուր առմամբ 300 աշխատատեղ, ավելի քան 800 անհատներ անցել են տարբեր դասընթացներ:

 

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները