ԵՄ-ի և իր EU4Business նախաձեռնության աջակցությամբ Հայաստանի Լոռու մարզում բացվել են չորս նոր ձեռնարկություններ:
Ձեռնարկություններն իրենց գործունեությունը սկսեցին Վանաձոր, Ստեփանավան և Ալավերդի քաղաքներում «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանում» նախագծի շրջանակներում՝ ԵՄ-ի և Հայաստանի Հանրապետության համատեղ ֆինանսավորմամբ:
Մեղվազբոսաշրջություն և մեղվաբուժություն
Մեղվազբոսաշրջությունը և մեղվաբուժությունը նորույթ են Հայաստանի համար: Վիգեն Մնացականյանը՝ Ալավերդիում գործող ArmBee ընկերության հիմնադիրը, ոգեշնչված է մեղվազբոսաշրջության գաղափարով և նպատակ է հետապնդում օգտագործել մեղուների բուժիչ հատկությունները առողջության և բուժական նպատակներով:
«Ես ուզում էի կազմակերպել մեղվաշրջագայություններ, որտեղ զբոսաշրջիկները կարող են ներկա գտնվել մեղվապահության գործընթացներին, մեղրի պատրաստման և մեղվապահության հետ կապված այլ աշխատանքներին հատուկ կառուցված մեղվանոցներում, որտեղ նրանք կարող են շնչել փեթակների առողջարար օդը, ճաշակել լեռնային խոտաբույսերով թեյ և հանգստանալ՝ վայելելով մեղրի քաղցր և հանգստացնող բույրը և լսել մեղուների բզզոցը», - ասում է երիտասարդ ձեռնարկատերը:
ԵՄ-ի կողմից աջակցվող վերապատրաստման դասընթացին մասնակցելուց և նախագծից ֆինանսական ու վարկային աջակցություն ստանալուց հետո, նա ներդրել է արտադրական կառույցների ձեռքբերման մեջ, կառուցել երկու մեղվանոց, որոնք այժմ պատրաստ են ընդունելու հաճախորդներին:
Արագ սնունդ և հացաբուլկեղեն
Վանաձորում բացվեց «Գանձակ» արագ սննդի և հացաբուլկեղենի արտադրության կետը, որի սեփականատերն ու տնօրենը Ռուզաննա Հայրապետյանն է: Նա հիմնադրեց նոր բիզնեսը իր ընտանիքին պատկանող նախկին կահույքի խանութի տարածքում:
«ԵՄ-ի և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի վարկային և դրամաշնորհային միջոցների շնորհիվ մենք ձեռք բերեցինք անհրաժեշտ կահույք և սարքավորումներ: Պատկերանշանի դիզայնի և գովազդային վահանակի պատրաստման համար մենք աջակցություն ստացանք «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ից», - ասում է ձեռնարկատերը:
ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Արշակ Գրիգորյանը, որն իրականացնում է նախագիծը, Ռուզաննա Հայրապետյանին նկարագրել է որպես հաջողակ գործարար կնոջ ակնառու օրինակ. «Ձեր հաջողությունը բոլորիս թիմային աշխատանքի արդյունքն է», - ասել է Գրիգորյանը:
Ակտիվ զբոսաշրջություն
Արման Առաքելյանը Ստեփանավանում հիմնեց «Լոռի» ՍՊԸ-ն, որը զբոսաշրջիկներին տրամադրելու է ակտիվ զբոսաշրջության ծառայություններ և հարմարություններ, ինչպիսիք են՝ պատի մագլցում և զիպլայն ճոպան, ինչպես նաև արկածային և էքստրեմալ զբոսաշրջության հետ կապված այլ ծառայություններ: Ավելի հանգիստ զբոսաշրջության համար «Լոռի» հանգստավայրը կտրամադրի նաև կացարաններ, հանգստյան տներ ու կկազմակերպի արշավներ և ճամբարներ:
«Եվրոպական միության աջակցությամբ կազմակերպված դասընթացի շնորհիվ մենք ավելի մասնագիտացանք: Ֆինանսական աջակցությունը մեզ հնարավորություն տվեց բարելավել տարածքը և ընդլայնել մեր ծառայությունները: Մենք համոզված ենք, որ մոտ ապագայում մեր բիզնեսը կընդարձակվի և կստեղծվեն նոր աշխատատեղեր», - ասել է Առաքելյանը:
Հյուրատուն
Համլետ Թումասյանը հանդիսանում է Ստեփանավանում բացված մեկ այլ հյուրատան սեփականատերը: Նախագծի կողմից կազմակերպված վերապատրաստման դասընթացից հետո և վարկի ու դրամաշնորհների շնորհիվ՝ Համլետ Թումասյանը կատարել է շինարարական և վերանորոգման աշխատանքներ, ձեռք բերել կահույք և տեղադրել արևային մարտկոցներով կայան: Թումասյանն առաջարկելու է նաև այլ զբոսաշրջային ծառայություններ, ինչպիսիք են՝ զբոսավարի ուղեկցությամբ շրջագայությունները, հեծանիվները, ձիավարումը և այլն:
«Ստեփանավանը հայտնի է որպես յուրօրինակ կլիմայով հանգստավայր: Եվրոպական միության աջակցությամբ մենք կարողացանք մեր շենքը դարձնել հյուրանոց, կահավորել այն, և ամենակարևորը՝ կառուցել լուսագալվանային կայան և էներգիա խնայել: Մենք կցանկանայինք ներկայանալ որպես «կանաչ» հյուրատուն», - ասել է Թումասյանը:
Տարածաշրջանային զարգացում
Ձեռնարկատերերի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրենը նշել է, որ այդ ձեռնարկատերերի գործունեությունը եկամտաբեր է ոչ միայն իրենց ընտանիքների, այլև նպաստում է ողջ համայնքի, մարզի և երկրի բարօրությանը:
«Ձեր քրտնաջան աշխատանքի շնորհիվ ստեղծվում են նոր աշխատատեղեր, ավելի շատ հարկեր են վճարվում, և, ի վերջո, պետական աջակցության շնորհիվ հնարավոր է դառնում ստեղծել նոր ձեռնարկություններ», - նշել է Գրիգորյանը:
Չորս նոր ՓՄՁ-ների շնորհիվ արդեն ստեղծվել են ինը նոր աշխատատեղեր, ինչը հավանական է, կաճի մոտ ապագայում:
Ձեռնարկատերերի բիզնեսի մարքեթինգային հմտությունները զարգացնելու նպատակով մասնագիտացված խորհրդատվական ծառայություններ են տրամադրվել «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից, այդ թվում նաև՝ պատշաճ ներկայացման, խթանման և այլ հարցերի վերաբերյալ խորհրդատվություն:
«Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանում» նախագիծը մեկնարկել է 2016 թվականի դեկտեմբերին: Այն համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից, և հանդիսանում է EU4Business նախաձեռնության մաս: Նախագծի ընդհանուր նպատակն է խթանել տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակությունը և ստեղծել կայուն զբաղվածության հնարավորություններ Հայաստանի Լոռու, Սյունիքի և Արմավիրի մարզերում: Նախագիծն իրականացվում է Հայաստանի ՓՄՁ-ների զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի, «Սպիտակ-Ֆերմեր» ՀԿ-ի և «Սյուն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: