Սոնիչկա Բայրամյան. «Այսօրվա գործը վաղվան թողեցիր, վաղն էլ բերք չես ունենա»

Հայաստան
Սոնիչկա Բայրամյան. «Այսօրվա գործը վաղվան թողեցիր, վաղն էլ բերք չես ունենա»

69-ամյա Սոնիչկա Բայրամյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղից է: Ողջ կյանքը գյուղի դպրոցում քիմիա և կենսաբանություն դասավանդած վաստակաշատ ուսուցչուհին նաև փորձառու գյուղատնտես է: Ասում է՝ մանկավարժությանը զուգահեռ մշտապես զբաղվել է տարբեր գյուղատնտեսական աշխատանքներով՝ հողագործությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ: Այսօր նա գյուղատնտեսության մեջ նորարար եղանակների ներդրման հավատարիմ ջատագովներից է և առանձնահատուկ հպարտությամբ է ներկայացնում Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության համաֆինանսավորմամբ իրականացվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» (EU-GAIA) ծրագրի աջակցությամբ վերջերս գործարկված իր ջերմոցը․․․

Մինչ օրս մեղվաբուծությամբ զբաղվող գյուղատնտեսը, հետադարձ հայացք գցելով, նկատում է՝ կանաչ գյուղատնտեսության չափանիշներին համապատասխանող գործունեությամբ զբաղվել է միշտ, բայց դրա կարևորությունն առավելապես զգացել է միայն վերջերս՝ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն (EU-GAIA) ծրագրին մասնակցելուց հետո:

«2020 թվականին հեռուստատեսությամբ պատահաբար նկատեցի Եվրոպական միության «Կանաչ գյուղատնտեսության» ծրագրի գովազդը, որն ինձ հետաքրքրեց: Զանգահարեցի, ասացին, որ հայտաթերթիկներն ուղարկված են գյուղապետարաններ, կարող եմ վերցնել ու լրացնել: Հայտաթերթիկը վերցնելով՝ ինքնուրույն, իմ պատկերացրած ձևով լրացրեցի...»,- պատմում է տիկին Սոնիչկան:

Գյուղատնտեսական նշանակության հողերի պակասը, ոռոգման ջրի սակավությունն ու կենտրոնացված շուկաներից հեռու գտնվելը սահմանամերձ համայնքի բնակչին ստիպել են մտածել բնական ռեսուրսների խնայողական օգտագործմամբ ջերմոց հիմնելու մասին, ինչը և որպես բիզնես նախագիծ ներկայացրել է «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն» ծրագրի հայտարարած դրամաշնորհային մրցույթին:

Անկեղծանում է՝ հույս չուներ, որ իր առաջարկած փոքր բիզնես ծրագիրը կֆինանսավորվի: Մտածում էր, թե կազմակերպիչները կնախընտրեն աջակցել ավելի մեծ բիզնես նախագծերի:

Հուրախություն նրա՝ ծրագիրը հաղթող է ճանաչվում Ավստրիական զարգացման գործակալության կողմից։ Սոնիչկան ստանում է տեխնիկական աջակցություն՝ օդափոխության ու կաթիլային ոռոգման համակարգերով հագեցած 130 քմ տարածքով ջերմոցի, 7 կվտ հզորությամբ արևային համակարգի ու հողի մշակման համար նախատեսված փոքր մոտոբլոկի տեսքով: «Դա շատ կարևոր աջակցություն էր մեզ համար: Իմ ընտանիքի համար, կարելի է ասել, ուղղակի փրկություն էր»,- ասում է նա։

Ջերմոցի ոռոգման, ջեռուցման ու օդափոխության համակարգն աշխատում է արևային էներգիայի հաշվին, ինչն ապահովում է ջերմոցի արդյունավետ ու բնականոն գործունեությունը: Կանաչ գյուղատնտեսության զարգացմանը միտված այդ ջերմոցի օրինակը գյուղում շատերին է ոգեշնչել: Ոմանք հետաքրքրվում են նմանատիպ ծրագրերով՝ հետագայում դիմելու ցանկությամբ, ոմանք սկսել են ավելի գնահատել կանաչ գյուղմթերքն ու նախընտրում են գնումներ կատարել ոչ թե Նոյեմբերյանի կամ Իջևանի շուկաներից, այլ՝ Բայրամյանների ջերմոցից, ոմանք էլ ուղղակի դիմում են նորարար գյուղատնտեսին՝ կանաչ ու առողջ գյուղատնտեսության վարման նրբություններին ծանոթանալու ակնկալիքով:

Վաստակաշատ կին գյուղատնտեսն իր հերթին փորձում է օգտակար լինել համագյուղացիներին: Օգնությունը երբեմն նաև առարկայական է լինում՝ ջերմոցում աճեցրած սածիլների կամ բերքի տեսքով:

«Այս տարի, օրինակ, կարկուտը ոչնչացրել էր գյուղացիների սածիլները: Քանի որ ամուր կառուցված մեր ջերմոցին կարկուտը վնաս չէր տվել, ողջ գյուղին իմ աճեցրած բանջարեղենի սածիլներն անվճար տրամադրեցի»,- պատմում է Սոնիչկա Բայրամյանը, նկատելով՝ այդ կերպ փորձել է մեղմել բնության հասցրած վնասի չափը:

Համոզված է՝ գյուղատնտեսական զարգացման ծրագրերի և կանաչ գյուղատնտեսության հմտությունների կարիք հանրապետության բոլոր գյուղերում էլ կա, սակայն սահմանամերձ ու սահմանապահ բնակավայրերի համար դրանք առավել կենսական նշանակութուն ունեն:

«Սահմանամերձ բնակավայրերում գյուղացին նախևառաջ սահմանապահ է: Սահմանամերձ գյուղում ընտանիք պահելն այսօր շատ դժվար է. սահմանի վրա ենք, անընդհատ կրակոցների տակ են մեր հողերը, մեր ճանապարհները: Գյուղացին անասնապահությամբ չի կարողանում զբաղվել. սահմանը շատ մոտ է, անասունը հանկարծ սահմանը հատեց, վերջ, էլ քոնը չէ: Խմելու ջրի պաշարները քիչ են, ոռոգման ջուր չունենք: Ջերմոցի համար ցիստեռնով ենք ջուրը բերում, որ կարողանանք գոնե կաթիլային ոռոգում ապահովել»,- ասում է տիկին Սոնիչկան:

Գյուղի կանանց ավագ խորհրդատուն դարձած վաստակաշատ մանկավարժն ու նորարար գյուղատնտեսն ասում է՝ գյուղացու ու գյուղատնտեսության համար ամենակարևորն ամեն ինչ ժամանակին անելն է.

«Եթե այսօրվա գործը վաղվան թողեցիր, ապա վաղն էլ բերք չես ունենա: Ամեն ինչ պետք է արվի իր ժամանակին: Ժողովրդական խոսքն իզուր չի ասում՝ գարնան մեկ օրը տարի է կերակրում»:

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները