Թեև ամբողջ աշխարհում բիզնեսն անցած մեկ տարին տևած մեկուսացման ողջ ընթացքում պայքարում է գոյատևելու համար, Հայաստանում երիտասարդ մասնագետների խումբը հղացել է հավակնոտ գաղափար՝ դյուրացնել բիզնես գործառնությունները տրամադրելով ծառայություններ առցանց թիմի միջոցով։
Գաղափարի հեղինալը ՇԵՄՄ Քոնսւլթինգն է, որի թիմը բիզնես խորհրդատվության ծառայություններ էր մատուցում COVID-19-ով պայմանավորված համավարակի ամենադժվարին օրերին, երբ բիզնեսների համար աշխատանքի կազմակերպումը դարձել էր կենաց-մահու հարց։ Շատ ավելի դրական է այն, որ նրանց մշակած լուծումները կպահանջվեն ոչ միայն համավարակի ընթացքում, այլ նաև ավելի բարվոք ժամանակներում։
ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում» (ՆՏՏԶ) ծրագրից ստացված դրամաշնորհով, ստեղծվեց և գործարկվեց Team2B-ն։ Մարտի 3-ին՝ համավարակի մեկնարկից մեկ տարի անց ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը սեղմեց «GO» կոճակը և տվեց Team2B հարթակի մեկնարկը։ Հարթակը բիզնեսներին տալիս է պրոֆեսիոնալ թիմերի ստեղծման և լավագույն փորձի վրա հիմնված 10 պրոֆեսիոնալ ծառայություններից հեռավար կերպով օգտվելու հնարավորություն։ Առցանց գրասենյակում աշխատանքը վերահսկելու, պլանավորելու և կառավարելու աշխատանքները կկատարվեն՝ խնայելով ձեր ժամանակն ու միջոցները։ Սա էլ իր հերթին թույլ կտա ձեռներեցներին ջանքեր ներդնել իրենց բիզնեսների զարգացման գործում։
«Մենք կարծում ենք, որ բիզնեսում հաջողելու համար ձեզ անհրաժեշտ է ընդամենը երազանք և թիմ, այսպիսով, եթե երազանքն արդեն ունեք, մենք կապահովենք թիմը, որն էլ կօգնի այդ երազանքն ի կատար ածել», - ասում է Team2B-ի համահիմնադիր Վլադիմիր Շատվերովը։ «Հիմա դուք նույն տեղում կարող եք գտնել տարբեր ոլորտների պրոֆեսիոնալների, կարող եք նաև վստահ լինել, որ նրանք ձեր բիզնեսի համար կկիրառեն լավագույն փորձով հաստատված մոտեցումները»։
Team2B հարթակը կենտրոնանում է շահառուների երկու խմբերի վրա՝ բիզնեսներ և անհատ պրոֆեսիոնալներ, որոնք կարող են միանալ տարբեր բիզնես թիմերի, աշխատել առցանց և ունենալ կայուն եկամուտ այս հարթակի միջոցով՝ չնայած աշխարհագրական, ֆիզիկական կամ այլ խոչընդոտների։
«Մեկ տարի ակտիվ աշխատանքից հետո մենք պետք է ունենանք 200 հաճախորդ, որոնցից յուրաքանչյուրը կվճարի միջինը 200 ԱՄՆ դոլար», - ասում է Շատվերովը։ «Մենք պլանավորում ենք ներգրավել 40 խորհրդատուների մեկ տարվա ընթացքում՝ վճարելով միջինը 700 ԱՄՆ դոլար աշխատավարձ։ Մեր գործունեության երկրորդ տարում ընդամենը շրջանառությունը պետք է կազմի 480,000 ԱՄՆ դոլար և ավելի։ Եռամյա կտրվածքով մենք պլանավորում ենք ունենալ 1000 հաճախորդ և 400 – 500 խորհրդատու։ Մենք երեք ամիս ենք ծախսել՝ կազմելու մեր ՏԱ-ն և չորս ամիս՝ ստեղծելու նվազագույն կենսունակ հարթակը կամ հարթակի նվազագույն կենսունակ պրոդուկտը»։
Team2B-ն ձգտում է դառնալ բիզնեսների և պրոֆեսիոնալների համար եզակի շուկայի հարթակ՝ միևնույն ժամանակ երկու կողմերին տրամադրելով իրենց աշխատանքի կազմակերպման համար հարմարավետ միջավայր։ Այն մշտադիտարկում է ծառայությունների որակը փորձառու մենթորների համակարգի միջոցով։
Հարթակն արդեն ուներ հիմնական օգտատերեր և Team2B-ում աշխատանք գտած պրոֆեսիոնալներ։ Ինչպես ասում է Շատվերովը, հաջորդ քայլը հիմնականում հարթակի ֆունկցիոնալ կարողությունների կատարելագործումն է՝ Հայաստանում բիզնես գործառնությունները դյուրացնելու նպատակով։
ԵՄ-ի կողմից ֆինանսավորված «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում» (ՆՏՏԶ) ծրագիրն աջակցություն է ցուցաբերում «Նորարարություն հանուն ոչ տեխնոլոգիական գերփոքր, փոքր և միջին չափի ընկերությունների տնտեսական վերականգնման» դրամաշնորհային ծրագրով և «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության միջոցով։