Վերջին տարիներին կրթությունը զգալի վերափոխումների է ենթարկվում, որտեղ տեխնոլոգիան առանցքային դեր է խաղում ուսուցման նոր ուղիներ և մեթոդներ ձևավորելու գործում: Uteach-ը ձևավորվել է որպես հարթակ, որը հնարավորություն է տալիս անհատներին, ուսումնական կենտրոններին և նոր աշխատակիցների ներգրավմանն աջակցող ընկերություններին րոպեների ընթացքում հեշտությամբ ստեղծել մասնագիտական առցանց ուսուցման կայքեր:
AIST Global ընկերության կողմից 2020 թվականին հիմնադրված Uteach-ը արագ հարմարվեց COVID-19 համաճարակի պատճառով առաջացած դժվարին ժամանակներին: Այն մշակվեց որպես առցանց կրթության ավտոմատացման լուծում՝ հնարավորություն տալով ստեղծել իրենց մասնագիտական կայքերը հեշտությամբ: Կենտրոնանալով էլեկտրոնային ուսուցման ավտոմատացման վրա՝ Uteach-ը դարձել է համընդհանուր լուծում բոլորի համար, ովքեր ցանկանում են առցանց դպրոց հիմնել՝ առանց մեծ ներդրումների կամ տեխնիկական փորձի:
«Uteach-ի առաքելությունն է կարևորել յուրաքանչյուր անհատի փորձը: Uteach-ը առանձնանում է որպես էլեկտրոնային ուսուցման ավտոմատացման հարթակ օգտվողների բազմազան շրջանակի համար: Մի քանի րոպեի ընթացքում օգտվողները կարող են ստեղծել իրենց մասնագիտական վերապատրաստման կայքերը ավտոմատացման գործիքներով և հարմարանքներով, որոնք հատուկ նախագծված են դասավանդման ոլորտի համար: Ի տարբերություն այլ հարթակների՝ Uteach-ը տրամադրում է համընդհանուր լուծում՝ առանց բազմաթիվ գործիքների և հարթակների օգտագործման անհրաժեշտության»,- ասում է Uteach-ի 31-ամյա համահիմնադիր և գլխավոր տնօրեն Շուշան Շահբազյանը:
«ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» (ITTD) ծրագրի շնորհիվ Uteach-ը 2022 թվականին ստացել է 27 միլիոն դրամ (մոտ 62,000 եվրո) դրամաշնորհ և այն ներդրել աշխատուժի ընդլայնման համար։
«Այս ռազմավարական որոշումը մեզ թույլ տվեց օգտագործել ռեսուրսները մարքեթինգային և գովազդային արշավների համար՝ ավելացնելով վաճառքը և բարձրացնելով իրազեկվածությունը հարթակի մասին, որը անհատներին հնարավորություն է տալիս դրամայնացնել իրենց ուսուցման հմտությունները առցանց», - ասում է Շուշանը:
Պլատֆորմն առաջարկում է վեբ կայք կառուցող, վիդեո դասընթացներ, կենդանի դասեր, վիկտորինա, հավաստագրեր, բջջային հավելվածներ, առցանց վճարումների դարպասների գործիքներ, ինչպես նաև ինտեգրում այլ գործիքների հետ, թվային և ֆիզիկական արտադրանքի վաճառք, բլոգերի հնարավորություններ, հարմարեցված CRM և շատ ավելին:
Uteach-ի տրամադրած ավտոմատացման գործիքները զգալիորեն նվազեցնում են առցանց ուսուցման հարթակների կառավարման համար պահանջվող ժամանակը և բյուջեն: Ադմինիստրատիվ առաջադրանքների, դասընթացների ստեղծման և ուսանողների կառավարման գործիքներով օգտատերերը կարող են խնայել իրենց ժամանակի և ռեսուրսների մինչև 70%-ը՝ հնարավորություն ձեռքբերելով կենտրոնանալ այն ամենի վրա, ինչն ամենակարևորն է՝ ապահովել բարձրորակ կրթություն:
Օգտագործողի համար հարմար հարթակի և ավտոմատացման գործիքների շնորհիվ Uteach-ը հնարավորություն է տալիս անհատներին և կազմակերպություններին բացահայտել իրենց ներուժը, վերաիմաստավորել կրթությունը և նպաստել երկրի ընդհանուր առաջընթացին:
***
«ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը Հայաստանում շարունակվում է։ Ծրագրի ընդհանուր նպատակը զբոսաշրջության և նորարարության ոլորտներում հավասարակշռված և ներառական աճ ապահովելն է: Այն համագործակցում է Հայաստանի հյուսիսային շրջանների զբոսաշրջային նորարար ձեռնարկությունների հետ՝ աջակցելով բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտի ձեռներեցներին, կազմակերպելով գիտելիքի միջազգային փոխանակումներ բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետազոտողների համար ինչպես նաև ուսանողների և հանրության շրջանում խթանելով բիզնես մշակույթը:
Ավելի քան 150 ձեռնարկություններ արդեն ստացել են աջակցություն ծրագրի շրջանակում, որն օգնել է պահպանել կամ ստեղծել ընդհանուր առմամբ 400 աշխատատեղ և ուսուցանել ավելի քան 1000 անհատների: