Ժիրայր Մարտիրոսյանը և Նադեժդա Սևոյանը առաջիններից էին, ովքեր դեռևս 2003 թվից Գորիսում՝ Հայաստանի հարավային մասում, հանրակացարանային համարներ էին առաջարկում, և այդ ժամանակից ի վեր նրանք դիմավորել են աշխարհի տարբեր երկրներից ժամանած հյուրերի:
Սկզբում հյուրատունն աչքի էր ընկնում իր հանգստավետ հարմարություններով, տանտիրուհու պատրաստած համեղ հայկական կերակուրներով, որտեղ օգտագործվում էին միայն թարմ բաղադրիչներ, ինչպես նաև Ժիրայրի՝ սեփականատիրոջ, յուրօրինակ գեղարվեստական ձևավորմամբ և ժամանակակից նկարներով:
Այնուամենայնիվ, չունենալով հյուրընկալության կառավարման կամ համացանցային մարկետինգի և առաջխաղացման հմտություններ, բիզնեսը դանդաղ էր զարգանում՝ չնայած հարավային Հայաստանի լեռնային տարածքի բնական գեղեցկությանը:
Ուստի, երբ 2017 թ. վերջերին հնարավորություն ստեղծվեց, հյուրատունը ներգրավվեց ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանում» ծրագրում, որը EU4Business նախաձեռնության շրջանակներում համատեղ իրականացնում էին Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ) և «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ն:
Ծրագիրը տարածաշրջանում գործող ՓՄՁ-ների համար շարունակական բիզնես խորհրդատվություն է տրամադրել, և այս շրջանակներում ՌԶԳ-ի թիմը մի քանի կարևոր հարցեր է լուծել, որոնք խոչընդոտում էին բիզնեսի զարգացմանը:
Խորհրդատուներն առաջարկեցին վերանվանել հյուրատունը՝ «Գորիս» հոսթելից «Լավելի Գորիս»-ի, որպեսզի չշփոթվի նույն տարածքում գործող «Գորիս» հյուրանոցի հետ: Միևնույն ժամանակ, լուծվեցին հոսթելի գործունեության հարցերը Booking.com-ում և այլ միջազգային ամրագրման հարթակներում, և հյուրատունը կրկին, մի քանի ամիս ընդհատումից հետո, սկսեց ամրագրման դիմումներ ստանալ:
Բիզնես խորհրդատվության աջակցության երկրորդ փուլում՝ օգտվելով զարգացման առկա հնարավորություններից, ՌԶԳ-ի թիմը մշակեց երկու լրացուցիչ ծառայություն: Ժիրայրը, ով հայտնի նկարիչ է, սկսեց արվեստասիրական շրջագայություններ կազմակերպել քաղաքում, ինչպես նաև հոսթելում հյուրընկալվող հյուրերին վարպետության դասեր առաջարկել հին Գորիսի բնական քարայրներից մեկում գտնվող իր արվեստանոցում:
Սյունիքի մարզի արվեստով, պատմությամբ և մշակույթով հետաքրքրված անձանց համար մշակված այս փաթեթի շնորհիվ՝ հոսթելը շահեկանորեն առանձնացավ քաղաքի այլ հյուրանոցներից և յուրահատուկ շուկայահատված ստեղծեց «Լավելի Գորիսի» համար:
ՌԶԳ-ի թիմը նախաձեռնեց նաև մի շարք խթանման միջոցառումներ, ինչպիսին է ճանաչողական ուղևորությունը, որը տասնյակ տուրիստական գործակալությունների ներկայացուցիչներին առաջարկում էր այցելել զբոսաշրջության բնագավառում գործող ձեռնարկություններ, որոնք օգտվել էին ծրագրից: Արդյունքում, ընդամենը մի քանի ամիս համագործակցելով ծրագրի հետ, «Լավելի Գորիս» հյուրատունը 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին ունեցավ ավելի քան 40 ամրագրում՝ ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ընդամենը երեք ամրագրման, և հիմա ամրագրումները հաստատուն կերպով ավելանում են:
Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանում-ը մի ծրագիր է, որը ֆինանսավորում է ԵՄ-ն իր EU4Business նախաձեռնության շրջանակներում: Ծրագիրն ուղղված է տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանմանը և Հայաստանի Լոռու, Սյունիքի և Արմավիրի մարզերում աշխատատեղերի ստեղծմանը՝ կենտրոնանալով սննդի վերամշակման և զբոսաշրջության ոլորտների վրա: Այն նպաստում է ձեռնարկատիրության զարգացմանը՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով ստարտափների համար և հզորացնելով տեղական ՓՄՁ-ների կարողությունները, ինչպես նաև զարգացնելով աշխատանք որոնող անձանց համապատասխան հմտությունները և հզորացնելով տեղական կարողությունները տնտեսական զարգացմանն ուղղված նախաձեռնությունների հետագա խթանման նպատակով: