«Քեզ հետ» սոցիալ-բարեգործական հասարակական կազմակերպությունը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «ԵՄ Քովիդ-19 հետևանքների չեզոքացման աջակցության ծրագիր Արևելյան գործընկերության երկրների համար» ծրագրի շրջանակում իրականացրել է «Քովիդ-19-ի պայմաններում հաշմանդամություն ունեցող և տարհանված երիտասարդների սոցիալ-տնտեսական կայունության ապահովումը ՏՏ մասնագիտական գիտելիքների տրամադրման միջոցով» ծրագիրը։
Ծրագրի շրջանակում Քովիդ-19 համաճարակից առավել տուժած խոցելի խմբերի (Ղարաբաղյան պատերազմից տուժած, տարհանված երիտասարդներ, լսողության խանգարումներ ունեցող երիտասարդներ, չլսողների ընտանիքների լսող անդամներ) 90 ներկայացուցիչներ մասնակցեցին «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ում իրականացվող ՏՏ դասընթացներին՝ ձեռքբերելով 3D մոդելավորման, համակարգչային գրագիտության և HTML ծրագրավորման վերաբերյալ գիտելիքներ և հմտություններ։
Դասընթացներն իրականացվել են 3 հոսքով՝ 3-ական զուգահեռ խմբերով, երեք ամիս տևողությամբ, յուրաքանչյուր խմբում՝ 10 մասնակից։ Արդյունքում ծրագրին մասնակցել է 90 շահառու՝ 30 3D մոդելավորման, 30 համակարգչային գրագիտություն և 30 HTML ծրագրավորման հմտություններով։ Հեռավոր մարզերից ժամանող և կացարանի խնդիր ունեցող 15 մասնակցի համար ապահովվել է սնունդ և գիշերակաց։
Ծրագրի շահառուներից 3-ն արդեն ծավալում են սեփական գործունեությունը, 45 շահառու շարունակում է կրթությունը։
Ծրագրի լավագույն 9 սովորող (յուրաքանչյուր խմբում մեկ հոգի) խրախուսվեցին մրցանակներով՝ դյուրակիր համակարգիչներով։
Ծրագրի շարունակականության ապահովման նպատակով այն ներկայացվել է ԿԳՄՍՆ` փորձաքննության։ Դրական եզրակացության արդյունքում այն կներդրվի կրթահամալիրում որպես շարունակական կրթական ծրագիր։
Ծրագրի համակարգող Լուսինե Բաբայանը բարձր է գնահատում ծրագրի շրջանակում ծավալված բազմաշահագրգիռ համագործակցությունը, որը հնարավորություն տվեց միաժամանակ ու հասցեական աջակցություն ցուցաբերել Քովիդ-19-ից տուժած խոցելի խմբերի՝ կարևորելով տրված աջակցության կայունությունն ու շարունակականությունը։
Ապրիլի 13-ին «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ում տեղի է ունեցել ծրագրի ամփոփիչ միջոցառումը, որին ներկա են գտնվել «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության և ԿԳՄՍՆ ներկայացուցիչները, կարճաժամկետ դասընթացի ուսանողները, ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ, կրթահամալիրի անձնակազմը։ Դասընթացի մասնակիցները ներկայացրել են իրենց աշխատանքներն ու տպավորությունները: Կազմակերպիչները լսել են ներկաների առաջարկները` դասընթացն ավելի ճկուն, արդյունավետ ու շարունակական դարձնելու համար: