
Միջազգային առեւտրի կենտրոնը (ITC) ս.թ. օգոստոսի 7-ից մեկնարկել է «Արտահանման մարքեթինգի վերաբերյալ դասընթացներ եւ խորհրդատվական ծառայություններ՝ ագրոբիզնեսի ՓՄՁ-ների համար» ուսումնական ծրագիրը։
Այն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ «Հագուստի եւ ագրոբիզնեսի կայուն արժեշղթաների կառուցում Հայաստանում» ծրագրի շրջանակներում։
Այս նախաձեռնությունը նպատակ ունի զինել ագրոբիզնեսի ՓՄՁ-ներին անհրաժեշտ գիտելիքներով եւ հմտություններով՝ գլոբալ շուկայում և հատկապես ԵՄ-ում հաջողելու համար:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան էջի գրառման մեջ ասվում է, որ Բիզնեսի աջակցության կենտրոնի կողմից իրականացվող այս ծրագիրն առանցքային պատրաստություն է 2024 թվականի հոկտեմբերին կայանալիք SIAL Paris սննդամթերքի ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության համար։
«Ծրագիրն ուղղված է տեղական բիզնեսների խթանմանը։ Այն փոքր ձեռնարկություններին կօգնի ավելի լավ հասկանալ ԵՄ շուկան, բարելավել իրենց մարքեթինգային հմտությունները եւ ամրապնդել հաղորդակցման եւ բանակցային կարողությունները: Այս բիզնեսներով է պայմանավորված Հայաստանի տնտեսական աճը, նրանց հաջողությունն առանցքային է առեւտրի բարգավաճ ապագայի համար»,- նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության առեւտրի հարցերով պատասխանատու Կարեն Ազարյանը։