Հայաստան. SMEDA ծրագրի շրջանակներում մեկնարկեց ԳՄԿ ակադեմիայի առաջին փուլը

Հայաստան
Հայաստան. SMEDA ծրագրի շրջանակներում մեկնարկեց ԳՄԿ ակադեմիայի առաջին փուլը

Այս շաբաթ մեկնարկեց Հայաստանի Գործարար մասնակցության կազմակերպությունների (ԳՄԿ-ներ) համար EU4Business-ի SMEDA (Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում) ծրագրի կողմից կազմակերպված երեքշաբաթյա ակադեմիայի առաջին փուլը:

Ներկա էին Հայաստանի ԳՄԿ-ները ներկայացնող և իրենց կազմում ՓՄՁ անդամներ ունեցող շուրջ 13 մասնակիցներ՝ ծանոթանալու միջազգային լավագույն փորձին այն ոլորտում, թե ինչպես դառնալ արդյունավետ կազմակերպչական միավոր, որն աջակցում, ուղղորդում և խորհրդատվություն է տրամադրում ՓՄՁ-ներին:

ԳՄԿ ակադեմիան բաղկացած է երեք շաբաթից, որի առաջին երկու շաբաթները նվիրված են ԳՄԿ-ների կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացին՝ ներքին և արտաքին հաղորդակցության ռազմավարության, հասարակության հետ կապերի, լոբբինգի և քարոզչական հմտությունների զարգացման, անդամակցության մեծացման և այլ թեմաներով: Դրան հաջորդելու են աշխատավայրում վերապատրաստում, խորհրդատվություն և մեկշաբաթյա ուսումնական այց որևէ ԵՄ երկիր՝ ԳՄԿ-ների բնագավառում եվրամիութենական փորձին ու լավագույն գործելակերպերին ծանոթանալու նպատակով:

SMEDA-ի թիմի ղեկավար Էվա Նահերն իր ողջույնի խոսքում ընդգծեց ԳՄԿ-ների կարևորությունը ՓՄՁ հատվածի զարգացման գործում. «ԳՄԿ-ների դերը ՓՄՁ-ների շահերի ներկայացումն է, նրանց խնդիրների մասին հաղորդումը կառավարությանը, միջազգային գործընկերներին ու ընկերություններին, ինչպես նաև ուղղորդումը, աջակցումը և խորհրդատվություն տրամադրումը իրենց անդամ հանդիսացող ՓՄՁ-ներին: Այդ իսկ պատճառով ստեղծվեց ԳՄԿ ակադեմիան` զարգացնելու ԳՄԿ-ների կարողությունները այդ նպատակներին հասնելու համար»:

Դասընթացները կանցկացնեն երկու միջազգային փորձագետներ, որոնք ԵՄ երկրներում ԳՄԿ-ների կազմակերպչական զարգացման և դրանց հետ գործնական աշխատանքի մեծ փորձ ունեն:

EU4Business-ի SMEDA ծրագիրն աջակցում է գործարարության և ներդրումային միջավայրի բարելավմանը Հայաստանի ՓՄՁ-ների համար: Այն նպատակ ունի ամրապնդելու մասնավոր հատվածը, աջակցելու ՓՄՁ-ի համակարգման մեխանիզմներին և խթանելու հետազոտական հաստատությունների ու մասնավոր հատվածի միջև կապերը, ինչպես նաև ապահովելու ֆինանսական միջոցների հասանելիություն ՓՄՁ-ների համար: 

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները