Հուլիսի 11-ին Երևանում տեղի ունեցավ ՓԲԱ պետական-մասնավոր աշխատանքային խմբի հանդիպում՝ Եվրոպայի փոքր բիզնեսի ակտի (ՓԲԱ) գնահատման երրորդ փուլը մեկնարկելու համար, որը կազմակերպել էր ՏՀԶԿ-ն ԵՄ-ի ֆինանսավորմամբ իրականացվող «EU4Business. քաղաքականությունից դեպի գործողություն» ծրագրի շրջանակներում:
Եվրոպայի փոքր բիզնեսի ակտ Եվրամիության՝ ՓՄՁ-ների ոլորտում քաղաքականության համապարփակ շրջանակ է: Այն նպատակ ունի բարելավելու Եվրոպայում ձեռնարկատիրության նկատմամբ մոտեցումը, պարզեցնելու նորմատիվ-իրավական դաշտի և քաղաքականության միջավայրը ՓՄՁ-ների համար և վերացնելու դրանց զարգացման դեռևս գոյություն ունեցող խոչընդոտները:
Արևելյան գործընկերության երկրների համար ՓԲԱ գնահատման երրորդ փուլը կսկսվի 2018 թվականի սեպտեմբերին: Գնահատումը կհիմնվի գնահատման նախորդ փուլերի հաստատված մեթոդաբանության և գործընթացի վրա, սակայն այն վերանայվել է, որպեսզի ներառվեն հրապարակվող աշխատանքի շրջանակների ընդլայնմանն ուղղված նոր տարրեր՝ ընդհանուր գործարար միջավայրի պայմանների գնահատման և մասնավոր հատվածի հեռանկարների ավելի ճշգրիտ արտացոլման հնարավորություն ստեղծելու համար:
ՓԲԱ պետական-մասնավոր աշխատանքային խմբի այս հանդիպումը կառավարությանը հնարավորություն տվեց ամփոփ կերպով ներկայացնելու ՓԲԱ գնահատման վերջին փուլում (2015-16 թթ.) արված առաջարկությունների կիրարկման մասով ձեռք բերված առաջընթացը: Այն նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչներին և առանցքային շահագրգիռ կողմերին թույլ տվեց դիտողություններ ներկայացնել վերջին իրադարձությունների և բարեփոխումների արդյունավետության վերաբերյալ: ՏՀԶԿ-ն քննարկման ներկայացրեց նորացված մեթոդաբանությունը և կառուցվածքը՝ ի նախապատրաստություն գնահատման մեկնարկի:
ՓԲԱ պետական-մասնավոր աշխատանքային խմբի հանդիպման շրջանակներում տեղի ունեցավ նաև փորձագիտական սեմինար ՓՄՁ ռազմավարության մշակման վերաբերյալ: Սեմինարի նպատակն էր՝ ներկայացնել ՓՄՁ ռազմավարության մշակման միջազգային առաջավոր փորձը, ինչպիսիք են իրատեսական նպատակներ սահմանելու կարևորությունը, միջամտության տրամաբանական հիմնավորումը, որը ենթադրում է սահմանափակ թվով ռազմավարական ուղղություններով կազմակերպվող առաջնահերթ միջոցառումներ, և իրականացմանն ուղղված հստակ պարտականություններ պարունակող գործողությունների ծրագրերի մշակումը: