Աջակցություն ստանալով ԵՄ-SMEDA ծրագրից՝ ճշգրիտ ճարտարագիտության և IIoT-ի (արդյունաբերական իրերի ինտերնետ) չորս հայաստանյան ընկերություններ վերջերս հնարավորություն ունեցան մասնակցելու այս տարվա «Hannover Messe 2018» առևտրային տոնավաճառին, որը ճարտարագիտության ոլորտի ամենամեծ տոնավաճառն է աշխարհում:
ԵՄ-SMEDA-ն առևտրային տոնավաճառից առաջ անցկացրել էր կարողությունների զարգացման և նախապատրաստման մի քանի աշխատաժողովներ: Բացի այդ, կազմակերպվել էր շրջիկ ցուցադրություն ճարտարագիտության ոլորտում մասնագիտացած գերմանական մի քանի հանրահայտ ընկերություններում, ինչպիսիք են՝ Գերմանիայի ինժեներների ասոցիացիան (VDMA)՝ Գերմանիայում և Եվրոպայում ՓՄՁ-ների կողմից գերիշխվող մեխանիկական և համակարգային ճարտարագիտության ոլորտի ավելի քան 3200 անդամ ընկերություններով, Բեռլինի Ադլերսհոֆը՝ Եվրոպայի առաջատար գիտական և տեխնոլոգիական պարկը, և հայտնի Autostadt Volkswagen-ը Վոլֆսբուրգում:
Չորս հայաստանյան ընկերություններն էին՝ ՌԱՖԱ Սոլյուշնս (rafasolutions.com), Բիթլիս-ՄԵՆ (www.bitlismen.com), Volterman Inc. (www.volterman.com) և Grovf (www.grovf.com): Նրանց ուղեկցում էին Հայաստանի երեք Ազատ տնտեսական գոտիների ներկայացուցիչներ, այն է՝ «Ալյանս» ԱՏԳ (www.fez.am), «Մերիդիան» ԱՏԳ (www.meridianfez.com) և «Մեղրի» ԱՏԳ (www.meghrifez.am), ինչպես նաև Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը (www.gtc.am), Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը (www.vtc.am), Ճշգրիտ ճարտարագիտության ձեռնարկությունների միավորումը (www.upee.am) և ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը:
Հաննովերի տոնավաճառում հայկական պատվիրակությունը Հայաստանի գործարար հնարավորությունները ներկայացրեց «Հայաստան. բացահայտեք նոր հնարավորություններ» խորագրով:
2018 թ. ապրիլի 26-ին տեղի ունեցավ «Գործարար հնարավորությունները Հայաստանում» ֆորումը, որին հաջորդեց համագործակցության ցանցերի հաստատման միջոցառում:
Ֆորումի ընթացքում անցկացվեց խմբային քննարկում ճշգրիտ ճարտարագիտության ոլորտի ընկերությունների, տեխնոպարկերի և ազատ տնտեսական գոտիների գործադիր ղեկավարների հետ, ովքեր շահագրգիռ միջազգային ներդրողներին և բիզնես գործընկերներին ներկայացրին ներդրումային և գործարար հնարավորությունները, իրենց ընկերությունների զարգացման միտումներն ու կարողությունները: Ցուցադրությանը մասնակցող տարբեր ընկերություններ և կազմակերպություններ կարողացան մեծ հետաքրքրություն առաջացնել հավանական բիզնես գործընկերների և ներդրողների շրջանում, որոնց հետ քննարկեցին ապագայի համագործակցության հեռանկարները:
«Հայաստանը՝ որպես կամուրջ Եվրասիական տնտեսական միության, Իրանի և Եվրոպական միության միջև, նոր իրական հնարավորություններ է ընձեռում: Այն առաջարկում է ոչ միայն բարձր որակավորում ունեցող աշխատուժ, այլև զարմանալի և նորարարական գաղափարներ, որոնք կարող են խթանել չորրորդ արդյունաբերական հեղափոխությունը (Արդյունաբերություն 4.0), ճշգրիտ ճարտարագիտությունը և, ընդհանուր առմամբ, հետագա զարգացումը»,- եզրափակեց ԵՄ-SMEDA ծրագրի թիմի ղեկավար Էվա Նահերը՝ խոսելով ֆորումի և «Hannover Messe»-ին Հայաստանի առաջին մասնակցության վերաբերյալ:
Ծրագրի մասին լրացուցիչ տեղեկություններ հասանելի են այստեղ:
Հայաստանի պատվիրակության մասին լրացուցիչ տեղեկություններ հասանելի են այստեղ:
Հայաստանի պատվիրակության մասին լրացուցիչ տեղեկությունները՝ տեսանյութում:
Հայաստանի պատվիրակության մասին ամբողջական տեսանյութը՝ այստեղ:
EU4Business-ի SMEDA (Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում) ծրագիրն աջակցում է գործարարության և ներդրումային միջավայրի բարելավմանը Հայաստանի ՓՄՁ-ների համար: Այն նպատակ ունի ամրապնդելու մասնավոր հատվածը, աջակցելու ՓՄՁ-ի համակարգման մեխանիզմներին և խթանելու հետազոտական հաստատությունների ու մասնավոր հատվածի միջև կապերը, ինչպես նաև ապահովելու ֆինանսական միջոցների հասանելիություն ՓՄՁ-ների համար: