Հայաստանի կինոգործիչները մասնակցեցին ֆիլմարտադրությանը նվիրված նորարարական աշխատարանին

Հայաստան
Հայաստանի կինոգործիչները մասնակցեցին ֆիլմարտադրությանը նվիրված նորարարական աշխատարանին

Ապրիլի 12-ից 15-ը լիամետրաժ գեղարվեստական ֆիլմերի ընտրված ֆիլմարտադրողները Երևանում մասնակցեցին «EAVE on Demand» պրոդյուսերական աշխատարանին, որը կազմակերպել էր ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող SMEDA ծրագիրը:

«Եվրոպական աուդիովիզուալ նախաձեռնողներ» (EAVE) կազմակերպությունը եվրոպական ֆիլմարտադրողների մասնագիտական վերապատրաստման և նախագծերի զարգացման առաջատար ընկերություններից է, որը հայտնի է իր «EAVE ֆիլմարտադրողների աշխատարանով»:

Երևանում անցկացված ինտենսիվ ուսուցման ընթացքում ֆիլմարտադրողները հնարավորություն ունեցան ընդլայնելու իրենց գիտելիքները գեղարվեստական ֆիլմերի նկարահանման նորագույն մեթոդների և տեխնոլոգիաների մասին՝ սկսած հիմնական պլանավորումից, թեմաների ընտրությունից և սցենարի նախապատրաստումից մինչև ֆինանսական միջոցների ձեռքբերում և ֆիլմարտադրողների կայուն միությունների ստեղծում:

EAVE-ի միջազգային ճանաչում ունեցող մասնագետները մի քանի վարպետության դասեր անցկացրին կինոարտադրությամբ հետաքրքրված ավելի լայն լսարանի համար, որոնց ընթացքում անդրադարձ կատարվեց հաջողված սցենար գրելու հիմնական տարրերին, ֆիլմարտադրության ռազմավարություններին և դրանց կիրառմանը համատեղ ֆիլմարտադրության, այդ թվում՝ միջազգային համատեղ ֆիլմարտադրության մեջ: Այս բաց դասախոսություններն ունեցան շուրջ 100 մասնակից:
Բացի այդ, խմբային քննարկում անցկացվեց Հայաստանի ֆիլմարտադրության ոլորտի քաղաքականության մշակման համար պատասխանատու մարմինների, այդ թվում՝ մշակույթի փոխնախարարի և Ազգային ժողովի պատգամավորի հետ՝ ֆիլմարտադրության ոլորտի զարգացման ազգային ռազմավարությունները քննարկելու նպատակով: EAVE-ի մասնագետները ներկայացրին նմանատիպ զարգացման գործընթաց անցած մի քանի երկրներ՝ կոնկրետ օրինակներ բերելով Լյուքսեմբուրգից, Իսրայելից, Խորվաթիայից և Իտալիայից:

Աշխատաժողովները վարեցին EAVE-ի հինգ կինոմասնագետներ՝ Լինդա Բեթը, Ռոշանակ Բեհեշտ Նեջադը, Քլեր Դաունսը և Կատրիել Շորին:

Աշխատարանը եզրափակվեց հանրահայտ հայ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի թանգարանում համագործակցության ցանցերի հաստատման միջոցառմամբ և աշխատարանի հիմնական մասնակիցներին դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությամբ:

Աշխատարանը նախաձեռնվել էր Հայաստանի անկախ կինոգործիչների ակումբի (IFCA) և աջակցություն ստացել EU4Business-ի SMEDA ծրագրի կողմից՝ Հայաստանի ստեղծագործական և մշակութային ոլորտները զարգացնելու իր հանձնառության շրջանակներում:

EU4Business-ի SMEDA (Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում) ծրագիրն աջակցում է գործարարության և ներդրումային միջավայրի բարելավմանը Հայաստանի ՓՄՁ-ների համար: Այն նպատակ ունի ամրապնդելու մասնավոր հատվածը, աջակցելու ՓՄՁ-ի համակարգման մեխանիզմներին և խթանելու հետազոտական հաստատությունների ու մասնավոր հատվածի միջև կապերը, ինչպես նաև ապահովելու ֆինանսական միջոցների հասանելիություն ՓՄՁ-ների համար:

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները