Հայկական ստարտափը, որը ստացել էր EU4Business-ի աջակցությունը, ընտրվել է ՓՄՁ գործիքի շրջանակներում ԵՄ-ի կողմից ֆինանսավորման համար

Հայաստան
Հայկական ստարտափը, որը ստացել էր EU4Business-ի աջակցությունը, ընտրվել է ՓՄՁ գործիքի շրջանակներում ԵՄ-ի կողմից ֆինանսավորման համար

Grovf ընկերությունը, որը EU4Business ծրագրի աջակցությունից օգտվող հայաստանյան ստարտափ է և իր գործունեությունը ծավալում է Իրերի համացանցի (IoT) և տվյալների բազայի գործառույթների ապարատային արագացման ոլորտում, մեկն է Արևելյան գործընկերության տարածաշրջանում գործող այն երկու ՓՄՁ-ներից, որոնք ընտրվել են Եվրոպական նորարարության խորհրդի (ԵՆԽ) փորձնական ծրագրի առաջին փուլի ՓՄՁ գործիքի շրջանակներում ֆինանսավորում ստանալու համար: 

Երկրորդ ընկերությունը՝ Raccoon Technologies, Ուկրաինայից է: Ընկերությունն արտադրում է Raccoon.Recovery, որն ինտերակտիվ թերապիայի և վերլուծության գործիք է ձեռքերի վերականգնման համար: 

Երկու ընկերությունները կստանան ֆինանսավորում և հրահանգավորում, որպեսզի զարգացնեն և իրականացնեն իրենց բիզնես գաղափարները: 

Երկու ընկերությունները 30 երկրների 242 ՓՄՁ-ների շարքում են (հիմնականում՝ Եվրամիությունից), որոնք ընտրվել են 2149 առաջարկներից: Գործիքի շրջանակներում ֆինանսավորման ընդհանուր բյուջեն կազմում է 12 միլիոն եվրո: Այն բաշխվելու է ընկերությունների նախագծերի միջև, որպեսզի արագացվի նրանց նորարարությունների մուտքը դեպի շուկա:

Ֆինանսավորման համար ընտրված ընկերությունների մեծ մասը գործունեություն է ծավալում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների, առողջապահության և ճարտարագիտության բնագավառներում: 

Grovf-ն առաջարկում է տվյալների բազայի հիմնական գործառույթների ապարատային արագացում IIoT (արդյունաբերական իրերի ինտերնետ) տվյալների մշակման համար՝ նոր իրականություն, որը վերափոխում է այս ոլորտը: 

Անցյալ տարի Grovf-ը մասնակցեց «Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի» հայտատուների համար կազմակերպված վենչուրային ֆորումին: Ընկերությունը մեկն էր 15 հաղթող թիմերից, որոնք ֆինանսական օժանդակություն ստացան EU-SMEDA ծրագրի շրջանակում, որն ուղղված էր նորարարական տեխնոլոգիական ստարտափներին: Ֆինանսական աջակցությունից բացի, EU-SMEDA-ն ընկերությանը տրամադրել է նաև խորհրդատվություն, գործարար կապերի հաստատման հնարավորություններ և փորձառություն նորարարության առևտրայնացման ռազմավարությունների և բիզնեսի զարգացման ոլորտներում, ինչպես նաև կապեր պոտենցիալ ներդրողների հետ: Grovf-ը հայկական 15 նորարարական ստարտափներից մեկն էր, որոնք անցյալ սեպտեմբերին SMEDA ծրագրով մեկնեցին Գերմանիա՝ մասնակցելու «Հայաստանյան ստարտափների ակադեմիա Բեռլինում» (ASAB) միջոցառմանը: Ակադեմիան ներառում էր քառօրյա ինտենսիվ դասընթացներ ներդրումների համար պատրաստվածության, բիզնեսի մոդելավորման, նորարարական գաղափարների ներկայացման, շուկայավարման և վաճառքի թեմաներով, ինչպես նաև անհատական հանդիպումներ հավանական գործընկերների, հաճախորդների և ներդրողների հետ: 

EU4Business-ի SMEDA (Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում) ծրագիրն աջակցում է գործարարության և ներդրումային միջավայրի բարելավմանը Հայաստանի ՓՄՁ-ների համար: Այն նպատակ ունի ամրապնդելու մասնավոր հատվածը, աջակցելու ՓՄՁ-ի համակարգման մեխանիզմներին և խթանելու հետազոտական հաստատությունների ու մասնավոր հատվածի միջև կապերը, ինչպես նաև ապահովելու ֆինանսական միջոցների հասանելիություն ՓՄՁ-ների համար:

ՓՄՁ գործիքը ԵՆԽ փորձնական ծրագրի մաս է կազմում և նպատակ ունի ֆինանսավորման հնարավորությունների և արագացման ծառայությունների միջոցով աջակցելու բարձրակարգ նորարարներին, ձեռներեցներին, փոքր ընկերություններին և գիտնականներին: 

Ընկերությունները ՓՄՁ գործիքի շրջանակներում կարող են դիմել երկու առանձին փուլերի համար՝ կախված այն հանգամանքից, թե իրենց նախագիծն ինչ աստիճանի է արդեն իսկ մշակված:

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները