Նորաձևության և դիզայնի բիզնես ակումբ. նոր հարթակ հայ դիզայներների համար

Հայաստան
Նորաձևության և դիզայնի բիզնես ակումբ. նոր հարթակ հայ դիզայներների համար

Նորաձևության և դիզայնի բիզնես ակումբն իրականություն է դարձել Նորաձևության և դիզայնի պալատի մի խումբ երիտասարդ հայ դիզայներների և Ազդեցության գործարար ակումբի համատեղ ջանքերով ու EU4Business նախաձեռնության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի աջակցությամբ:

Ակումբը կծառայի որպես նորաձևության և դիզայնի ոլորտի զարգացման հարթակ՝ նոր հնարավորությունների ու գործիքների ներդրման և թիրախային խմբերի՝ նորաձևության դիզայներների, ստարտափների և ոլորտում գործող ձեռնարկատերերի, ինչպես նաև այն երիտասարդների կարողությունների բարելավման միջոցով, ովքեր ցանկանում են մուտք գործել և զարգացնել նորաձևության ու դիզայնի ոլորտները:

Մի շարք միջոցառումներ արդեն իսկ մշակվել են և կիրականացվեն այս մեկամյա ծրագրի ընթացքում: Հիմնական միջոցառումները ներառում են՝

  • ՊՄԵ (պետական-մասնավոր երկխոսություն) 8 կլոր սեղան տեքստիլ ոլորտի արտադրողների հետ համատեղ՝ քննարկելու առցանց վաճառքի, ներմուծման և արտահանման կանոնակարգերի և այլ հարցեր,
  • հայ դիզայներների աշխատանքները տեղական և միջազգային մակարդակով խթանելու նպատակով՝ նորաձևության և դիզայնի առցանց ամսագրի հրատարակում,
  • նորաձևության և դիզայնի ոլորտի զարգացման ռազմավարության մշակում,
  • ակումբի անդամների կարողությունների զարգացման նախաձեռնություններ, այդ թվում՝ նորաձևության դիզայներների համար տարբեր սոցիալական ցանցերի օգտագործման վերաբերյալ դասընթացներ, նորաձևության ոլորտի ներկայացուցիչների համար հատուկ նախատեսված անգլերեն լեզվի դասընթաց, նորաձևության ոլորտի բիզնեսի կառավարման դասընթաց, նորաձևության հավաքածուի մշակման գործընթացը՝ Ա-ից Ֆ, և այլն,
  • երկօրյա նորաձևության ֆորում Երևանում՝ միջազգային փորձագետների վարպետության դասերով:

Փետրվարի 24-ին կայացած միջոցառման շնորհանդեսի ժամանակ, որտեղ հավաքվել էին ոլորտի մոտ 120 ներկայացուցիչներ, կազմակերպիչները հայտնեցին կարողությունների զարգացմանն ուղղված առաջիկա տարբեր բնույթի դասընթացների մասին, որոնց մասնակցելու համար պետք է հետաքրքրված դիզայներները և այլ անձինք դառնան ակումբի անդամ:

Հնարավոր է առցանց գրանցվել հետևյալ հղումով՝ www.facebook.com/fashiondesignchamber/

Փետրվարի 26-ին կայացավ կարողությունների զարգացման առաջին դասընթացը՝ ոգեշնչող և ինտենսիվ դասընթաց «Նորաձևության միտումների կանխատեսում» թեմայով, որն անցկացրեց նորաձևության միտումների խորհրդատու Գվինեթ Հոլանդը: Դասընթացին մասնակցող 25 նորաձևության դիզայներները ծանոթացան նորաձևության և այլ ոլորտների ներկայիս միտումներին ու զարգացրին կանխատեսելու, պլանավորելու և սեփական միտումները մշակելու ու ոճերը փոխելու իրենց հմտությունները՝ շուկայի և սպառողների պահանջները բավարարող ապրանքներ ստեղծելու համար:

EU4Business-ի SMEDA ծրագիրն աջակցում է գործարարության և ներդրումային միջավայրի բարելավմանը Հայաստանի ՓՄՁ-ների համար: Այն նպատակ ունի ամրապնդելու մասնավոր հատվածը, աջակցելու ՓՄՁ-ի համակարգման մեխանիզմներին և խթանելու հետազոտական հաստատությունների ու մասնավոր հատվածի միջև կապերը, ինչպես նաև ապահովելու ֆինանսական միջոցների հասանելիություն ՓՄՁ-ների համար:

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները