(Ժնև/Երևան) Հայաստանյան ընկերությունները շուտով ավելի հեշտությամբ կկարողանան ծանոթանալ առևտրային հնարավորություններին Եվրոպական միության անդամ երկրների հետ և Արևելյան գործընկերության (ԱլԳ) տարածաշրջանում։ Այս հնարավորությունը նրանց կտրամադրվի «Արևելյան գործընկերության առևտրի օժանդակման հարթակ» (Eastern Partnership (EaP) Trade Helpdesk) ծրագրի շրջանակում։ Ս․թ․ ապրիլի 26-ին Առևտրի միջազգային կենտրոնը Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ կազմակերպեց շահագրգիռ կողմերի առաջին հանդիպումը «Արևելյան գործընկերության առևտրի օժանդակման հարթակ» ծրագրի վերաբերյալ։
Ծրագիրը մեկնարկել է 2019 թ․-ի վերջին և իրականացվում է Առևտրի միջազգային կենտրոնի կողմից, որը Միավորված ազգերի կազմակերպության և Առևտրի համաշխարհային կազմակերպության համատեղ գործակալություն է։ Այն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության շրջանակում։ Հինգ տարի տևողությամբ այս ծրագրի նպատակն է ամրապնդել տնտեսական և հատկապես առևտրային կապերը Արևելյան գործընկերության անդամ երկրների և Եվրոպական միության միջև, ինչպես նաև ԱլԳ տարածաշրջանում։ Ծրագրի արդյունքում ԱլԳ անդամ երկրներում գործող ընկերություններն ավելի լայն հնարավորություններ կունենան օգտվելու տարածաշրջանում և Եվրոպական միությունում առևտրի վերաբերյալ համապարփակ, հավաստի և թափանցիկ տեղեկատվությունից ԱլԳ առևտրի օժանդակման առցանց հարթակի միջոցով։ Վերջինս նաև հնարավորություն կտա ընկերություններին տեղեկացնել ներմուծման և արտահանման վերաբերյալ խնդիրների մասին և գործնական լուծումներ ստանալ համապատասխան պետական կառույցների կողմից։ Ավելին, ծրագրի շրջանակում կիրականացվեն ոչ սակագնային միջոցառումների վերաբերյալ հարցումներ, որոնք վեր կհանեն իրավաօրենսդրական և ընթացակարգային առևտրային խոչընդոտները։ Կտրամադրվեն նաև ոլորտային ուղեցույցեր Եվրոպական միություն արտահանելու վերաբերյալ։ Համապատասխան պետական կառույցներն ավելի պատրաստված կլինեն ընտրված ծառայությունների ոլորտներին առնչվող տվյալներ հավաքագրելու և մշակելու համար։ Ընկերությունները և բիզնեսի աջակցման կազմակերպությունները կմասնակցեն կարողությունների զարգացման դասընթացների շուկայական վերլուծությունների վերաբերյալ՝ տարածաշրջանում և Եվրոպական միությունում առևտրային նոր հնարավորություններին ծանոթանալու համար։
Շահագրգիռ կողմերի հանդիպմանը մասնակցեցին ներկայացուցիչներ պետական գործակալություններից, Հայաստանում ԵՄ պատվիրակությունից, Առևտրի միջազգային կենտրոնի փորձագետներ, ինչպես նաև ներկայացուցիչներ բիզնեսի աջակցման կազմակերպություններից։ Մասնակիցները տեղեկացան ծրագրի նպատակների և սպասվող արդյունքների, ինչպես նաև Հայաստանում իրականացվող և ծրագրվող գործողությունների մասին։ Միջոցառման նպատակն էր նաև նախանշել համագործակցության հնարավորությունները գործող պետական նախաձեռնությունների հետ։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության Եվրամիության հետ տնտեսական համագործակցության վարչության պետ Արթուր Մայսուրյանը նշել է․ «Արտահանման զարգացումը Հայաստանի տնտեսական քաղաքականության հիմնական առաջնահերթություններից է։ «Արևելյան գործընկերության առևտրի օժանդակման հարթակ» ծրագիրը կարևոր գործիք կդառնա, որի միջոցով հնարավոր կլինի արտահանողներին տրամադրել անհրաժեշտ համապարփակ տեղեկատվություն Արևելյան գործընկերության և Եվրոպական միության շուկաների մասին, ինչն, անկասկած, ոլորտում ամենամեծ մարտահրավերներից է»։
Հայաստանում ԵՄ պատվիրակության Քաղաքական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Յան Պլեշինգերը նշել է․ «Եվրոպական միությունը ձգտում է ավելի խորը առևտրային և տնտեսական համագործակցություն հաստատել իր Արևելյան գործընկերության քաղաքականության շրջանակում՝ այդ թվում Հայաստանի հետ։ Արևելյան գործընկերության երկրներից դեպի Եվրոպական միություն, ինչպես նաև միմյանց միջև արտահանման դիվերսիֆիկացիան էլ ավելի կամրապնդի սոցիալ-տնտեսական կապերը և կօգնի խթանել Արևելյան գործընկերության երկրներից փոքր և միջին ձեռնարկությունների մասնակցությունը միջազգային առևտրում։ ԱլԳ առևտրի օժանդակման հարթակը կծառայի որպես անհրաժեշտ գործիք հայաստանյան ընկերությունների համար իրենց նպատակների միջազգայնացմանը հասնելու համար։ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) առևտրին առնչվող դրույթները հիմնված են ամենաթարմ և ժամանակակից միջազգային և ԵՄ չափանիշների վրա և հնարավորությունների առումով հաճախ գերազանցում են ԱՀԿ դրույթները։ Նպատակն է ստեղծել ճիշտ բիզնես միջավայր Հայաստանից արտահանումը խթանելու համար։ Առևտուրը ԵՄ-Հայաստան հարաբերությունների կարևոր մաս է կազմում, և Եվրոպական միությունը շարունակում է լինել Հայաստանի առանցքային արտահանման շուկան»։
Առևտրի միջազգային կենտրոնում առևտրի և շուկայական վերլուծությունների վարչության ղեկավար Մոնդհեր Միմունին նշել է․ «Ծրագրի գործողությունները, որոնք միտված են առևտրի վերաբերյալ ավելի լավ և ավելի թափանցիկ տեղեկատվություն ապահովել հայաստանյան արտահանողների համար, կնպաստեն ԱլԳ տարածաշրջանում, ինչպես նաև ԱլԳ երկրների և Եվրոպական միության միջև արտաքին առևտրում առկա շուրջ 300 մլն ԱՄՆ դոլարի ներուժի իրացմանը»։
Առևտրի օժանդակման առցանց հարթակը առավել մանրամասն տեղեկատվություն կտրամադրի առևտրի վիճակագրության, արտահանման ներուժի, սակագների, արտոնյալ առևտրային համաձայնագրերի, ինչպես նաև արտահանման և ներմուծման ընթացակարգերի և գործարար կապերի վերաբերյալ։ Հարթակը կլինի հարմար օգտագործման համար և կծառայի որպես համապարփակ ուղեցույց Հայաստանում այն ձեռնարկատերերի համար, ովքեր պատրաստվում են ավելացնել արտահանման ծավալները դեպի Եվրոպական միության շուկաներ։
Ծրագրի վերաբերյալ հավելյալ տեղեկատվության համար դիմել ծրագրի ղեկավար, պրն․ Փոլ Քելլիին՝ pkelly@intracen.org, կամ այցելել ծրագրի կայքէջը https://www.intracen.org/EaP/։ Վերջինս հասանելի է Առևտրի միջազգային կենտրոնի կայքում։
Առևտրի միջազգային կենտրոնը Առևտրի համաշխարհային կազմակերպության և Միավորված ազգերի կազմակերպության համատեղ գործակալություն է։ Այն աջակցում է զարգացող և անցումային տնտեսություններում փոքր և միջին ձեռնարկություններին լինել ավելի մրցունակ միջազգային շուկաներում՝ նպաստելով կայուն տնտեսական զարգացմանը «Աջակցություն առևտրի համար» (Aid-for-Trade) օրակարգի և ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների շրջանակում։
«ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնությունը հովանոցային նախաձեռնություն է, որը ներառում է ՓՄՁ աջակցությանն ուղղված ԵՄ-ի կողմից իրականացվող բոլոր գործողությունները Արևելյան գործընկերության երկրներում՝ Հայաստանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում և Ադրբեջանում։ Նախաձեռնությունն աջակցում է ՓՄՁ հատվածի զարգացմանը՝ բարելավելով ֆինանսների և բիզնեսի զարգացման ծառայությունների հասանելիությունը և խթանելով բիզնես միջավայրի կարգավորումը։
2019 թ․-ին «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության շրջանակում աջակցություն են ստացել 78,995 փոքր և միջին ձեռնարկություններ՝ ստեղծելով հավելյալ 1․3 միլիարդ եվրոյի եկամուտ և 117,254 նոր աշխատատեղեր։ Արդյունքում, այս ՓՄՁ-ների առևտրաշրջանառությունն աճել է 16.1%,-ով, իսկ արտահանումը՝ 5.9%-ով։