Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) հայտարարել է Եվրոպական միության եւ Շվեդիայի աջակցությամբ Ակբա բանկին նոր միջոցների տրամադրման մասին։
ՎԶԵԲ-ի 10 միլիոն ԱՄՆ դոլարի վարկը Ակբա բանկին կօգնի խթանել կանանց կողմից ղեկավարվող փոքր եւ միջին ձեռնարկություններին տեղական արժույթով վարկավորումը՝ շեշտը դնելով գյուղական վայրերում գործող ընկերությունների ֆինանսավորման եւ նոր հաճախորդներ ձեռք բերելու վրա։
ՎԶԵԲ-ի տվյալներով՝ կանանց պատկանող ընկերությունները կազմում են Հայաստանում բոլոր ձեռնարկությունների 33 տոկոսը: Այս ֆինանսավորումն ուղղված է չեզոքացնելու ֆինանսավորման հասանելիության ոլորտում Հայաստանում առկա գենդերային բացը։
Նոր ֆինանսավորումն իրականացվում է ՎԶԵԲ-ի «Կանայք բիզնեսում» (ԿԲ) ծրագրի շրջանակներում, որն աջակցվում է ԵՄ-ի եւ Շվեդիայի կողմից եւ կոչված է խթանելու կին ձեռներեցների համար ֆինանսավորման ու փորձագիտական գիտելիքների հասանելիությունը՝ վերապատրաստման, մենթորության եւ հարմարեցված խորհրդատվական ծառայության միջոցով:
ՎԶԵԲ-ն առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է Հայաստանում: Բանկը մինչ օրս մոտ 2 մլրդ եվրո է ներդրել երկրում 207 նախագծերի շրջանակներում՝ ուղղված մասնավոր հատվածի զարգացմանը եւ կայուն ու կանաչ տնտեսության անցմանը: