ԵՄ-ի կողմից աջակցվող ծրագիրը, որը Եվրոպական ներդրումային բանկին հնարավորություն է տալիս օժանդակություն ցուցաբերել Ուկրաինայի և Արևելյան գործընկերության մյուս երկրների ՓՄՁ-ներին, մեկնարկեց փետրվարի 10-ին Կիևում կայացած համաժողովի ընթացքում։
Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի (ԽՀԱԱԳ) Արևելյան նախաձեռնություն ծրագրի նպատակը ՓՄՁ-ներին ֆինանսական և տեխնիկական աջակցություն տրամադրելու միջոցով թիրախ երկրների տնտեսական զարգացման ամրապնդումն է։
ԵՆԲ-ն համատեղել է ուժերը ԵՄ-ի Հարևանության ներդրումային գործիք (ՀՆԳ) նախաձեռնության հետ գործիքների համալիր փաթեթ տրամադրելու նպատակով՝ նախատեսված օգնելու Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի ընկերություններին առավելագույնս օգտվելու ԵՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրերի իրագործումից առաջացող հնարավորություններից։
Այն ներառված է առավել ընդգրկուն EU4Business նախաձեռնության մեջ, որն իրականացվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից և միավորում է ՓՄՁ-ների զարգացմանը նպաստող և ԱլԳ տարածաշրջանի գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերը։
Կիևի համաժողովի ընթացքում հայտարարվեց 40 մլն եվրո արժողությամբ վարկային երաշխիքային գործիքի մեկնարկը այն բանկերի համար, որոնք փոխառություն են տրամադրում Ուկրաինայի ՓՄՁ-ներին։ Վարկային գործիքով տեղական առևտրային բանկերին կտրամադրվի ռիսկերի կառավարման արդյունավետ գործիք՝ ՓՄՁ-ների մեծացած ֆինանսավորման պահանջները բավարարելու իրենց կարողությունը ընդլայնելու նպատակով։
«Կայուն, զարգացող և ավելի հզոր տնտեսությունը՝ ուժեղ և առողջ ՓՄՁ-ների առկայությամբ, բարգավաճ Ուկրաինայի անկյունաքարն է, և նոր EU4Business ԽՀԱԱԳ Արևելյան նախաձեռնությունը նշանակալի դեր կունենա այդ երազանքը առաջիկա տարիներին իրագործելու հարցում»,- համաժողովում իր ելույթի ժամանակ նշեց Ուկրաինայում ԵՄ պատվիրակության համագործակցության ղեկավար Բերենդ դե Գրուտը։
Միջոցառմանը ներկա էին գլխավոր գործադիր տնօրեններ, ֆինանսական տնօրեններ և ՓՄՁ-ների ու միջին ընկերությունների ղեկավար աշխատակիցներ, ինչպես նաև ֆինանսական միջնորդներ, ֆինանսական խորհրդատուներ և մասնագիտական միություններ: