Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ. EU4Business ծրագիրն աջակցում է Գյումրիի համաժողովին

Հայաստան
Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ. EU4Business ծրագիրն աջակցում է Գյումրիի համաժողովին

Արդեն երկրորդ տարին է, ինչ դեկտեմբերի 7-8-ը Գյումրիում՝ Հայաստանի երկրորդ խոշոր քաղաքում, EU4Business-ի SMEDA ծրագրի աջակցությամբ տեղի է ունենում «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովը: Միջոցառմանը հավաքվել էին Հայաստանի բոլոր մարզերից ավելի քան 200 երիտասարդներ և մասնագետներ` բարձր տեխնոլոգիաների, ստարտափների և նորարարության ոլորտներից:

Երկու օրվա ընթացքում մասնակիցները կիսվեցին փորձով, ներկայացրին իրենց ստարտափները և ընկերությունները, ստեղծեցին նոր կապեր և հրավիրված խոսնակներից իմացան համաշխարհային ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում տեղի ունեցող նոր զարգացումների մասին:

Ֆորումին ներկա էին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում նաև՝ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Կյեսլերը և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը: Նրանք բոլորն ընդգծեցին համաժողովի նշանակությունը Հայաստանի մարզերի հավասար զարգացման և տարածաշրջանային մրցունակության բարձրացման համար:

«Կառավարությունը մտադիր է մեծացնել մարզերում գործող բարձր տեխնոլոգիաների կենտրոնների աջակցումն ու խթանել նոր կենտրոնների ստեղծումը, քանի որ մարզային զարգացումը Հայաստանի համար ռազմավարական առաջնահերթություն է»,- նշեց փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:

Իր ելույթում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարեց, որ մարզերի համար գիտելիքների և նորարարության վրա հիմնված տնտեսությունը խթան է տնտեսական աճի և զարգացման համար: «Այս առումով բոլոր շահագրգիռ կողմերը պետք է համատեղ ջանքեր գործադրեն, որպեսզի առաջ մղեն նորարարության օրակարգը Հայաստանում»,- նշեց դեսպանը: 

Բացի դրանից, անցկացվեցին մի շարք խմբային քննարկումներ հետևյալ թեմաներով.

  • Տեղական ձեռնարկատիրության էկոհամակարգի մակարդակի բարձրացում,
  • Միջազգային բիզնեսի մարտահրավերները մարզերում,
  • Տեխնոլոգիաների ազդեցությունը ոչ տեխնոլոգիական արդյունաբերության վրա:

Արդեն երկրորդ տարին է, որ համաժողովը տեղի է ունենում EU-SMEDA ծրագրի աջակցությամբ և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի հետ համագործակցությամբ:

EU4Business-ի SMEDA ծրագիրն աջակցում է գործարարության և ներդրումային միջավայրի բարելավմանը Հայաստանի ՓՄՁ-ների համար: Այն նպատակ ունի ամրապնդելու մասնավոր հատվածը, աջակցելու ՓՄՁ-ի համակարգման մեխանիզմներին և խթանելու հետազոտական հաստատությունների ու մասնավոր հատվածի միջև կապերը, ինչպես նաև ապահովելու ֆինանսական միջոցների հասանելիություն ՓՄՁ-ների համար: 

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները