ԵՄ բանկը EU4Business ծրագրի շրջանակներում ընդլայնում է իր աջակցությունը հայաստանյան ՓՄՁ-ներին

Հայաստան
ԵՄ բանկը EU4Business ծրագրի շրջանակներում ընդլայնում է իր աջակցությունը հայաստանյան ՓՄՁ-ներին

Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) 50 միլիոն եվրո է տրամադրել Հայաստանի Կենտրոնական բանկին՝ փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ-ներ) և միջին կապիտալիզացիա ունեցող ընկերությունների կողմից իրականացվող ծրագրերի, հատկապես գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտի ծրագրերի ֆինանսավորման համար: Վարկը տրամադրվում է Արևելյան գործընկերության երկրներում փոքր բիզնեսին ուղղված EU4Business նախաձեռնության համատեքստում:

Հայաստանի կենտրոնական բանկը մի շարք իրավասու ֆինանսական միջնորդների, օրինակ՝ տեղական բանկերի ու հիմնադրամների միջոցով ԵՆԲ-ի ֆինանսական միջոցները կտրամադրի շահառուներին (հիմնականում ՓՄՁ-ներին): Այս վարկը նպատակաուղղված կլինի մասնավորապես գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման և գյուղական հատվածներին: Այս վարկից օգտվելու է շուրջ 25 ձեռնարկություն, և ակնկալվում է պահպանել 2060 աշխատատեղ: Այս ոլորտները ռազմավարական դեր են խաղում Հայաստանի զարգացման տեսանկյունից, որտեղ համայնքների մոտ 95%-ը գյուղական են, և գյուղատնտեսությունը կազմում է երկրի գյուղական բնակավայրերի ընդհանուր աշխատատեղերի մոտավորապես երեք քառորդը:

Հայտարարելով վարկի մասին՝ ԵՆԲ-ի փոխնախագահ Վազիլ Հուդակը մեկնաբանեց. «Մենք շարունակում ենք զարգացնել մեր համագործակցությունը Հայաստանի Կենտրոնական բանկի՝ մեր կայուն ֆինանսական գործընկերոջ հետ, փոքր բիզնեսի օգտին, որը կազմում է աշխատատեղերի մոտ 40%-ը և միևնույն չափով նպաստում Հայաստանի ՀՆԱ-ին: Սա կարևոր է միջին դասի ամրապնդման համար, ինչը նպաստում է քաղաքական կայունությանը և Հայաստանի տնտեսության բազմազանեցմանը»:   

Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ավելացրեց. «Եվրոպական ներդրումային բանկը երկարաժամկետ, հուսալի գործընկեր է Հայաստանում ՓՄՁ-ների ֆինանսավորմանն ուղղված ծրագրերի համար: ԵՆԲ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերը կարևոր դեր են խաղում ՓՄՁ-ների և միջին կապիտալիզացիա ունեցող ընկերությունների ֆինանսավորման հասանելիությունն ու մատչելիությունը մեծացնելու հարցում: Նրանք նաև աջակցում են Հայաստանի ֆինանսական հաստատությունների կանաչ ֆինանսավորման մշակույթին»:

Այս գործողությունը ԵՄ բանկի հաջող համագործակցության շարունակությունն է ՀՀ ԿԲ-ի հետ: 2014 և 2016 թվականներին ստորագրված ԵՆԲ-ի նախկին երկու վարկերը լիարժեք տրամադրվել և հատկացվել են Հայաստանի ՓՄՁ-ների և միջին կապիտալիզացիա ունեցող ընկերությունների կողմից իրականացվող ծրագրերին՝ բարելավելով նպաստավոր պայմաններով տրամադրվող երկարաժամկետ ֆինանսավորման հասանելիությունը:

Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) Եվրոպական միության բանկն է: Որպես աշխարհում խոշորագույն բազմակողմանի վարկառու և վարկատու՝ ԵՆԲ-ն ֆինանսավորում և փորձառություն է ապահովում առողջ և կայուն ներդրումային ծրագրերի համար, որոնք նպաստում են ԵՄ-ի քաղաքականության նպատակներին:

Հայաստանում EU4Business ծրագիրն աջակցում է 12 ընթացիկ նախագծերի՝ ընդամենը ավելի քան 30 միլիոն եվրոյի չափով: Այս ծրագրերն ապահովում են ֆինանսների և նոր շուկաների բարելավված հասանելիություն, փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ-ներ) և նորարարական ստարտափների, տեխնոլոգիաների վրա հիմնված ձեռնարկությունների և կլաստերների զարգացման համար դասընթացներ, վերապատրաստման և խորհրդատվական ծառայություններ, նպատակաուղղված աջակցություն գործարար կանանց, տարածաշրջանային զարգացում, սոցիալական ձեռներեցություն և գործարար միջավայրի բարելավում:

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները