Դեկտեմբերի 6-ին և դեկտեմբերի 7-ին Վիեննայում տեղի ունեցած երկու բարձր մակարդակի Արևելյան գործընկերության (ԱլԳ) միջոցառումների ընթացքում Եվրոպական միությունը հանդես է եկել իր Արևելյան գործընկեր երկրների տնտեսական աճի և աշխատատեղերի ստեղծման աջակցությանն ուղղված ազդեցիկ ուղերձով:
«Մեր նպատակն է արտահանել կայունություն, բարգավաճում և դրանց արդյունքում՝ կայուն զարգացում տնտեսության, հասարակության, ինչպես նաև քաղաքականության մեջ»,- դեկտեմբերի 6-ին Արևելյան գործընկերության բիզնես ֆորումի ընթացքում հայտարարեց ԵՄ հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը՝ ավելացնելով. «Եթե մենք կարողանանք տնտեսապես ավելի ուժեղ լինել, դա կհանգեցնի տնտեսական բարեկեցության, և կպաշտպանի ձեզ և ձեր հասարակությունը արտաքին ազդեցություններից, կդարձնի ձեզ ավելի մրցունակ, ավելի գրավիչ ձեր քաղաքացիների համար, որպեսզի նրանք ձեր իսկ երկրում լավ հեռանկարներ ունենան»:
ԱլԳ բիզնես ֆորումին, որը կազմակերպվել էր EU4Business-ի Քարտուղարության կողմից, մյուս օրը հաջորդեց Արևելյան գործընկերության ամենամյա համաժողովը: Երկու միջոցառումները տեղի ունեցան Եվրոպական միության խորհրդում Ավստրիայի նախագահության ներքո՝ նախորդելով Արևելյան գործընկերության 10-ամյակի միջոցառմանը, որը նշվելու է հաջորդ տարի: Դրանք համախմբել էին ԵՄ-ի և նրա վեց արևելյան գործընկերների ներկայացուցիչներին, այդ թվում նաև՝ պետական շահագրգիռ կողմերին, ԵՄ-ի կառույցների ներկայացուցիչներին, միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչներին, Եվրախորհրդարանի անդամներին, ԵՄ և գործընկեր երկրների 350 ընկերություններին, ինչպես նաև ոչ պետական՝ գիտահետազոտական կենտրոնների, քաղաքացիական հասարակության, երիտասարդության և գիտության ոլորտի ներկայացուցիչներին:
Հանձնակատար Հանը իր ելույթում կրկնեց տնտեսական զարգացման աջակցության ուղերձը դեկտեմբերի 7-ին կայացած ԱլԳ տարեկան համաժողովում, որը նվիրված էր «Ավելի ուժեղ տնտեսություն ավելի ուժեղ հասարակությունների համար. մարդկանց ուղղված ներդրումներ կայուն աճի համար» թեմային:
«Մեր Արևելյան գործընկերների տնտեսական զարգացման ամրապնդումը մեր ուշադրության կենտրոնում է՝ կայուն և բարգավաճ հարևանություն ապահովելու համար»,- ասաց նա՝ ավելացնելով, որ «փոքր բիզնեսները՝ շնորհիվ իրենց նորարարություններ մտցնելու և արագ փոփոխվող շուկաներին հարմարվելու ունակությունների, կարևոր դեր են խաղում ժամանակակից տնտեսությունների կառուցման գործում: Այդ իսկ պատճառով, նրանք բացարձակապես կարևոր են աշխատատեղերի ստեղծման համար»:
ԱլԳ բիզնես ֆորումը կարևորեց նոր զարգացող երկու հիմնական ոլորտները՝ էներգաարդյունավետությունն ու վերականգնվող աղբյուրները և ՏՏ և թվային շուկաները, որոնք քննարկվեցին երկու առանձին խմբային քննարկումների ժամանակ:
Հանձնակատար Հանն ընդգծեց էներգաարդյունավետության կարևորությունը՝ որպես կայուն զբաղվածությանը նպաստող գործոն. «Էներգաարդյունավետությունը նաև շարժիչ ուժ է աշխատատեղերի ստեղծման համար, որը ստեղծում է շատ կայուն աշխատատեղեր և մասնավորապես տեղական աշխատատեղեր»: Հանը նաև հաստատեց ԵՄ-ի մտադրությունը՝ թվային շուկաների ներդաշնակեցման նպատակով ներդնել առնվազն 50 մլն եվրո: Նրա խոսքերով, առաջիկա շաբաթներին կստորագրվի նոր 11 միլիոն եվրո արժողությամբ EU4Digital ծրագիրը, որը կհամալրի 7 միլիոն եվրոյին համարժեք կիբերանվտանգության ծրագրին, ինչպես նաև կաջակցի ստարտափներին՝ խորհրդատվության և նախնական ֆինանսավորման միջոցով:
Հաջորդ օրը ԱլԳ ամենամյա համաժողովի երեք խմբային քննարկումներից երկուսը նույնպես կենտրոնացած էին բիզնեսի զարգացման և աշխատատեղերի ստեղծման վրա՝ անդրադառնալով հետևյալ հարցերին. «Գործարար միջավայրի բարելավումը ներառական ձևով. ո՞ր դերակատարները և ո՞ր միջոցները կարող են լավագույնս նպաստել ավելի ուժեղ հասարակություններին» և «Շուկայի կարիքների և հմտությունների համապատասխանեցում. ինչպե՞ս ապահովենք, որպեսզի մարդիկ ունենան համապատասխան որակավորումներ»:
Բիզնես ֆորումն ավարտվեց «բիզնես-բիզնես» գաղափարների տոնավաճառով, որի շրջանակներում անցկացվեց ընդհանուր 285 «բիզնես-բիզնես» հանդիպում՝ տրամադրելով ՓՄՁ-ներին ներդրումների և բիզնես գաղափարներով կիսվելու և քննարկելու հնարավորություն:
Հանձնակատար Հանը կոչ արեց գործարարներին օգտվել տարածաշրջանի ներդրումային հնարավորություններից. «Մեր բոլոր վեց գործընկեր երկրները բարձր որակավորում ունեցող գիտական աշխատողների (մաթեմատիկոսներ, տեխնիկական մասնագետներ, ինժեներներ) համախումբ ունեն, իսկ ԵՄ-ը տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների 350000 մասնագետի կարիք ունի: Մյուս կողմից, Արևելյան գործընկերության երկրների ստարտափները հաճախ չեն ունենում կարևոր հմտություններ (մարքեթինգի և ֆինանսական վերլուծության ոլորտում) և բավարար կապ հաստատված չէ հաճախորդների և արդյունաբերական-տեխնոլոգիական շղթայիի հետ»:
Խրախուսելով մասնակիցներին կապեր հաստատել, քննարկել և կիսվել փորձով՝ նա ընդգծեց ԵՄ-ի և Արևելյան գործընկերների միջև փոխադարձ շահերը և փոխլրացնող առավելությունները՝ վստահություն հայտնելով, որ «բիզնես-բիզնես» կապերի հաստատման հանդիպումները «կհանգեցնեն նոր համագործակցության և կվերածվեն նոր աշխատատեղերի ու արժեքների ստեղծման»: