Գերմանիայի Դաշնության նախարար Սվենյա Շուլցեն այցելել է Հայաստանում SAP Startup Factory by Bana ընկերությունը

Հայաստան
Գերմանիայի Դաշնության նախարար Սվենյա Շուլցեն այցելել է Հայաստանում SAP Startup Factory by Bana ընկերությունը

Հուլիսի 1-ին Հայաստան կատարած երկօրյա այցի շրջանակներում ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարար Սվենյա Շուլցեն և նրա գլխավորած պատվիրակությունն այցելել են SAP Startup Factory by Bana։

Այցելության վայրը պատահական չէր ընտրվել։ SAP Startup Factory-ն հիմնվել է համակարգչային ծրագրավորման գերմանական SAP հսկա ընկերության և Business Angel Network Armenia ցանցի համագործակցությամբ «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար (ITTD)» ծրագրի աջակցությամբ։ Ծրագիրն իրականացվում է GIZ Հայաստանի կողմից և համաֆինանսավորվում է ԵՄ-ի և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից:

Հանդիպման ընթացքում նախարարին և հյուրերին GIZ Հայաստանի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերը և ITTD ծրագրի ղեկավար Վիլհելմ Հուգոն ներկայացրեցին SAP Startup Factory-ին ցուցաբերած աջակցության կարևորությունն ու առանձնահատկությունները։

SAP Startup Factory by BANA-ն չափազանց կարևոր է Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի համար: Այն հայկական ստարտափներին ընձեռում է համաշխարհային ասպարեզ դուրս գալու աննախադեպ հնարավորություններ և կարող է դառնալ տարածաշրջանային կենտրոն ԵՄ արևելյան գործընկերության երկրների և ընդհանուր առմամբ Արևելյան Եվրոպայի ստարտափերի՝ SAP հարթակում ինտեգրվելու համար:

Հանդիպման ընթացքում աքսելերացիոն և ինկուբացիոն ծրագրի մասնակիցներ TACTUN, GOTCHA և Prelaunch.com-ը հնարավորություն ունեցան ներկայացնել իրենց ստարտափերը, որից հետո տեղի ունեցավ ակտիվ քննարկում ստարտափերի արտադրանքի ու դրանց՝ եվրոպական շուկա մուտք գործելու հնարավորությունների մասին։

Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում, որի ավարտին նախարարը շնորհակալություն հայտնեց հաճելի ընդունելության համար՝ բոլորին մաղթելով նորանոր ձեռքբերումներ ապագայում։

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները