Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը (ՀԵԵՀ)՝ Հայաստանի Կենտրոնական բանկի (ՀԿԲ) հետ համագործակցությամբ, ապրիլի 4-ին Երևանում անցկացրեց ձեռնարկատերերի կայուն ֆինանսավորմանը նվիրված բանկիրների առաջին կլոր սեղանը, որը կազմակերպվել էր EU4Business նախաձեռնության աջակցությամբ:
Հայաստանի բանկերի ազդեցիկ ղեկավարների հավաքի ընթացքում ուսումնասիրվել է բանկային սեկտորի դերը միկրո և փոքր ձեռնարկություններին (ՄՓՁ-ներ) ֆինանսական ծառայությունների մատուցման հարցում առավելագույն կայունության և ազդեցության հասնելու համար:
Միջոցառումը, որը ղեկավարվում էր Վրաստանի Ազգային բանկի նախկին ղեկավար Գեորգի Կադագիձեի կողմից, միավորել էր տեղական և միջազգային փորձը՝ ուսումնասիրելու ՄՓՁ-ների ֆինանսավորման ոլորտի վերջին զարգացումները և տեսակետներ փոխանակելու ողջ բանկային սեկտորում: Հատուկ ուշադրություն է դարձվել տեղական արժույթով վարկավորման կարևորությանը. մասնակիցները քննարկել են տեղական արժույթով ֆինանսավորմանն ուղղված խնդիրների հաղթահարման ուղիները և կարծիքներ փոխանակել հայաստանյան ձեռնարկատերերի համար տեղական արժույթով վարկերի մատչելիությունը բարելավելու և խորացնելու վերաբերյալ:
ՀԵԵՀ-ի խորհրդի նախագահ Քրիստոֆ Թիսկենսը նշել է. «Միկրո և փոքր ձեռնարկությունները Հայաստանում տնտեսական աճի և զբաղվածության հիմնական շարժիչ ուժն են: Որպես հիմնադրամ, որը նպաստում է Եվրոպական արևելյան հարևանության տարածաշրջանում ՄՓՁ-ների ֆինանսավորմանը և աշխատատեղերի ստեղծմանը, ՀԵԵՀ-ն նպատակ ունի սատարել այս կարևոր հատվածի կայունությանն աջակցող միջավայրի ստեղծմանը: Հայաստանի Կենտրոնական բանկը այս առումով հատկապես արժեքավոր դաշնակից է եղել՝ նպաստելով այն միջոցներին, որոնք ընդլայնել են ՀԵԵՀ-ի հնարավորությունը՝ առաջարկելու իր գործընկերներին տեղական արժույթով վարկերի տրամադրում»:
Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ավելացրեց. «Մենք գոհունակությամբ նշում ենք, որ ՀԵԵՀ-ի պորտֆելը Հայաստանում գործընկեր վարկային հաստատություններում շարունակաբար աճում է թե՛ ծավալով, թե՛ քանակով: Այսօրվա դրությամբ մենք կարող ենք արձանագրել, որ ՀԵԵՀ-ի կողմից առաջարկվող նման ծրագրերից ստացված արդյունքները գոհացուցիչ են: Ակնկալում ենք, որ մեր համագործակցությունը կընդլայնվի հետագայում»:
Տեղեկություններ ՀԵԵՀ-ի մասին
Լինելով զարգացման ֆինանսավորման աշխարհի խոշորագույն հիմնադրամներից մեկը՝ Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը (ՀԵԵՀ) նպատակ ունի նպաստել Հարավարևելյան Եվրոպայում և Արևելյան հարևանության տարածաշրջանում տնտեսական զարգացմանը և բարգավաճմանը՝ ներդրումներ կատարելով միկրո և փոքր ձեռնարկությունների հաջողությունների, ինչպես նաև տնային տնտեսությունների կենսապայմանների բարելավման մեջ: Քանի որ ֆինանսական ծառայությունների մատչելիությունը այս հատվածի զարգացման համար առանցքային նշանակություն ունի, ՀԵԵՀ-ն ուշադրություն է դարձնում տեղական ֆինանսական հատվածների աջակցությանը՝ ամրապնդելով նշված նպատակային խմբի համար պատասխանատու ֆինանսավորում տրամադրելու նրանց կարողությունը: Տեղական գործընկերների միջոցով ներդրումային գործունեության հետ մեկտեղ ՀԵԵՀ-ն իր ազդեցությունն ընդլայնում է ՀԵԵՀ-ի Զարգացման գործիքի միջոցով, որը տեխնիկական աջակցություն, ուսուցումներ և այլ ոչ ֆինանսական աջակցություն է տրամադրում ձեռնարկատերերին ու հաստատություններին:
ՀԵԵՀ-ը հիմնվել է KfW-ի (Գերմանական զարգացման բանկի) կողմից՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) և Եվրոպական հանձնաժողովի ֆինանսական աջակցությամբ՝ EU4Business նախաձեռնության շրջանակներում, որը ներառում է փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) ԵՄ-ի կողմից տրամադրվող ողջ աջակցությունը Արևելյան գործընկերության տարածաշրջանում, որի մեջ մտնում են ԵՄ-ը, իր անդամ պետությունները և վեց գործընկեր երկրները՝ Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան: