2017 թ. հոկտեմբերի 4-ին ՏՀԶԿ-ն Հայաստանում կկազմակերպի իր երեք սեմինարներից առաջինը՝ «Հայաստանի գործարար վիճակագրության բարելավում» նոր ծրագրի շրջանակներում:
Ծրագիրն իրականացվում է «Մրցունակության և գործարար միջավայրի բարեփոխումների աջակցություն Արևելյան գործընկերության երկրներում. EU4Business-ի 2017-2020 թթ. նախաձեռնություն» կոչվող նոր, ավելի լայն տարածաշրջանային նախաձեռնության շրջանակներում, որի համաֆինանսավորողը Եվրամիությունն է, իսկ Արևելյան գործընկերության ողջ տարածքում իրականացնող կազմակերպությունը՝ ՏՀԶԿ-ն:
Հայաստանում ՓՄՁ-ների վիճակագրությանն աջակցելուն ուղղված մեկամյա ծրագիրը կիրականացվի ՏՀԶԿ-ի կողմից՝ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի հետ սերտ համագործակցությամբ:
Հայաստանում ծրագրի նպատակն է զարգացնել Հայաստանի համապատասխան հաստատությունների՝ ՓՄՁ-ներին առնչվող պաշտոնական վիճակագրություն հավաքելու, համադրելու, վերլուծելու, հրապարակելու և տարածելու կարողությունները: Ծրագրի գործունեությունը ներառում է կարողությունների զարգացման երեք սեմինար, ինչպես նաև մեթոդաբանության մշակում՝ ՓՄՁ-ների վիճակագրական տվյալները համապատասխանության բերելու և ՓՄՁ վիճակագրական զեկույցի պատրաստման հարցում աջակցելու նպատակով:
Բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից ղեկավարվող աշխատանքային խումբը կընդգրկի համապատասխան հաստատությունների ներկայացուցիչներ և փորձագետներ (օրինակ՝ Ազգային վիճակագրական ծառայության վիճակագրագետներ, համապատասխան նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաներ և կառավարական մարմինների վերլուծաբաններ), ինչպես նաև մասնավոր հատվածի, միջազգային կազմակերպությունների և զարգացման ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ծրագրի շահառուների թվում են Ազգային վիճակագրական ծառայությունը, Կենտրոնական բանկը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը, այլ համապատասխան նախարարություններ ու պետական մարմիններ և, վերջապես, ՓՄՁ-ների մեծ համայնքը:
Երեք սեմինարներն ուղղված կլինեն աշխատանքային խմբի անդամներին՝ հիմնվելով այն մեթոդաբանական գործիքների վրա, որոնք տրամադրվել են ՏՀԶԿ-Եվրոստատի «Ձեռնարկատիրության զարգացման ցուցանիշներ» ծրագրի (Entrepreneurship Indicators Programme, EIP), ՏՀԶԿ-ի «ՓՄՁ-ների և ձեռնարկությունների ֆինանսավորման տեղեկատուի» կողմից, ինչպես նաև երկրների ուսումնասիրություններից ստացված տվյալների և ուղեցույցների ու տեղական տնտեսական հետազոտական աշխատանքների հիման վրա:
Հոկտեմբերի 4-ին կայանալիք առաջին սեմինարի գլխավոր թեմաները կլինեն ՓՄՁ վիճակագրության մշակման համար փոփոխականների որոշման մեթոդաբանությունը, վարչական մարմինների կողմից հավաքված չմշակված տվյալների տնօրինումն ու օգտագործումը և ձեռնարկատիրությունն ու գործարար վիճակագրությունը բնութագրող կարևոր ցուցանիշների հավաքումը:
Երկրորդ և երրորդ սեմինարները կկայանան 2018 թ. փետրվարին և մայիսին: