2017թ.-ի հոկտեմբերի 26-27-ին Տալլինում՝ Էստոնիայի մայրաքաղաքում կկայանա ԱլԳ 4-րդ բիզնես համաժողովը, որտեղ կքննարկվեն նորարար տեխնոլոգիաները, էլեկտրոնային առևտուրը և թվային տնտեսությունը:
Համաժողովին հաջորդելու է ԵՄ և Արևելյան գործընկերության անդամ երկրների միջև կայանալիք գագաթնաժողովը, որն այս տարի տեղի կունենա նոյեմբերի 24-ին Բրյուսելում: Բիզնես համաժողովի բացումը կկատարեն Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների (NEAR) հարցերով Եվրամիության հանձնակատար Յոհաննես Հանը և Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը. Էստոնիան հանդիսանում է միջոցառման կազմակերպիչը՝ որպես ԵՄ Խորհրդի նախագահությունը ներկայումս ստանձնած երկիր:
Ինչպես նշել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերը. «Բիզնես համաժողովում կքննարկվեն ներկա օրերի խնդիրները, որոնք ծառացած են գործարար աշխարհի առջև՝ հատուկ շեշտադրում կատարելով ՓՄՁ-ների վրա»:
Բարձրաստիճան խոսնակներ
Հիմնական խոսնակների թվում են.
- Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության (DG NEAR) գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մաթերնովան
- Եվրոպական հանձնաժողովի ժամանակակից գիտական հետազոտությունների կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Մայվե Ռյութը
- Բարձրաստիճան ներկայացուցիչներ հետևյալ կազմակերպություններից.
- Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ (ՎԶԵԲ)
- Եվրոպական բիզնես ասոցիացիա և
- Ասիա-խաղաղօվկիանոսյան առևտրաարդյունաբերական պալատներ:
ԱլԳ խոսնակների շարքում են առաջատար պաշտոնակատարներ հետևյալ կազմակերպություններից.
- Հայաստանի Կենտրոնական բանկ
- Ռայֆֆայզեն Ավալ բանկ, Ուկրաինա
- Վրաստանի առևտրաարդյունաբերական պալատ և
- Ուկրաինայից և Ադրբեջանից ժամանած արտահանողներ և էլեկտրոնային կառավարման փորձագետներ:
ԵՄ երկրները նույնպես կներկայացնեն ընկերությունների նախագահները, ստարտափների և թվային տեխնոլոգիաների փորձագետները, ինչպես նաև արդյունաբերական վերլուծաբանները:
Լայնամասշտաբ ծրագիր
Համաժողովի չորս լիագումար նիստերը նվիրված են լինելու.
- էլեկտրոնային առևտրին և թվային տնտեսությանը
- միջսահմանային առևտրի, նյութատեխնիկական ապահովման և էլեկտրոնային առևտրի հարցերին
- միջազգային բիզնեսի և նորարարությունների ֆինանսավորման հարցերին և
- նորարար տեխնոլոգիաներին և էլեկտրոնային լուծումներին: